Ռուսական զորքերը գիշերը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Օդեսայի մարզի հարավին, հաղորդել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը:
Նրա փոխանցմամբ՝ հարվածի թիրախում քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքներն էին, տուժել են էներգետիկ օբյեկտ, վարչական շենք և մասնավոր բնակելի տներ:
Հրդեհը մարվել է, սակայն հարձակումը էլեկտրաէներգիայի մատակարարումների խափանումների է հանգեցրել, կարևորագույն ենթակառուցվածքը տվյալ պահին աշխատում է գեներատորներով, գրել է Կիպերը:
Ուկրաինայի DTEK էներգետիկ ընկերությունը հաղորդել է, որ վնասվել է իրենց օբյեկտը, 36 հազար ընտանիք ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրականության:
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով, գիշերը երկիրը գրոհել են ռուսական զինուժի 62 անօդաչու թռչող սարքեր, որոնցից 39-ը խոցվել կամ չեզոքացվել են ուկրաինական հակաօդային պաշտպանության կողմից:
Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել Օդեսայի մարզին հասցված հարվածի մասին հաղորդումը:
Ռուսաստանի իշխանությունները հերքում են, թե իրենց զինուժը նպատակաուղղված հարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին: