Մատչելիության հղումներ

Ինչ է հայտնի թուրքական ինքնաթիռի կործանման և զոհերի մասին այս պահի դրությամբ


Փրկարարները հայտնաբերել են վրաց-ադրբեջանական սահմանի մոտակայքում երեկ վթարված ռազմական ինքնաթիռի 20 զոհերից 18-ի դին: Թուրքիայի պաշտպանության նախարարությունն այսօր արդեն հրապարակել է զինծառայողների անունները, որոնք, ըստ ադրբեջանական APA գործակալության, նոյեմբերի 8-ին Բաքվում անցկացված ռազմական շքերթին մասնակցած թուրքական F-16 կործանիչները սպասարկող մասնագետներ էին:

Հայտնաբերված մարմիներն արդեն դուրս են բերվել վթարի վայրից: Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն, որը դեպքի վայրում է, հայտնել է, որ երկուսի որոնումները շարունակվում են. «Ինքնաթիռում եղել է 20 մարդ։ Հայտնաբերվել է 18 դի։ Փրկարարները դեռ փնտրում են մյուս երկու դիերը»:

Ադրբեջանից Թուրքիա վերադարձող C-130 ինքնաթիռը, ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության, կործանվել էր վրաց-ադրբեջանական սահմանին՝ Կախեթի շրջանի Սիղնաղի քաղաքի վարչական տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Ըստ նախարարության՝ ինքնաթիռն աղետի ազդանշան չի ուղարկել և ռադարներից անհետացել է Վրաստանի օդային տարածք մտնելուց մի քանի րոպե անց:

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ արդեն գտնվել է ինքնաթիռի սև արկղը, և սկսվել է հետաքննություն: Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև հայտնել է, որ վթարից անմիջապես հետո երեկ Թուրքիայից քննիչների 46 հոգանոց խումբ է մեկնել վթարի վայր:

«Մենք այս ողբերգական միջադեպը հետաքննում ենք բոլոր տեսանկյուններից։ Վրաստանի իշխանություններն ապահովում են առավելագույն աջակցություն և համագործակցություն։ Մեր ադրբեջանցի եղբայրները ևս անհրաժեշտ աջակցություն ու համագործակցություն են ցուցաբերում», - ասել է նա:

Էրդողանը վթարի ժամանակ երեկ Անկարայում էր և լուրն ստանալուց հետո ընդհատել էր ելույթը՝ զոհերի հիշատակը հարգելու համար, իսկ ավելի ուշ Վրաստանի վարչապետի հետ քննարկել որոնողական-փրկարարական աշխատանքները:

Մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ցավակցական ուղերձներ են հղել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև հեռախոսով է խոսել Էրդողանի հետ և ցավակցել:

Դեռ հայտնի չէ, թե ինչն է եղել ՆԱՏՕ-ի անդամ պետությանը պատկանող ինքնաթիռի վթարի պատճառը: Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը օդում նախ մասնատվում, ապա սկսում այրվելով և պտտվելով ցած ընկնել:

APA-ի աղբյուրն ասել է, որ ինքնաթիռում պայթուցիկ նյութեր կամ սարքեր չեն եղել՝ միայն F-16 ինքնաթիռի պահեստամասեր: Նա նաև բացառել է արտաքին ազդեցության վարկածը:

«Ինքնաթիռի կորպուսի վրա դրսից հարվածի նշանների բացակայությունը բացառում է հնարավորությունը, որ այն վնասվել է։ Նույնիսկ եթե ներսում պայթյուն լիներ, պայթյունի ալիքի հետքերը անպայման կմնային կորպուսի վրա», - ասել է նա:

Ըստ ադրբեջանական գործակալության՝ իրավապահները դիտարկում են վթարի երկու նախնական վարկած՝ տեխնիկական անսարքություն, որը կարող է կապված լինել ինքնաթիռի երկար շահագործման և կորպուսի հնարավոր կոռոզիայի հետ, ինչի հետևանքով թռիչքի ժամանակ բարձր ճնշման տակ կորպուսը կարող էր կոտրվել: Նման դեպք այս մոդելի ինքնաթիռների հետ արդեն տեղի է ունեցել ԱՄՆ-ում 90-ականներին: Երկրորդը բեռի ոչ պատշաճ ամրացումն է, որը տուրբուլենտության կամ կտրուկ մանևրի ժամանակ կարող էր տեղաշարժվել և լրջորեն վնասել ինքնաթիռը:

Ըստ APA-ի՝ ինքնաթիռը երեկ վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում և այնտեղ մնացել է մոտ երկու ժամ։ Անձնակազմը չի լքել ինքնաթիռը կամ օդանավակայանի տարածքը։ Մեկնելուց առաջ անցել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ու ստուգումները՝ անվտանգության պահանջներին լիովին համապատասխան, ինչը հաստատվել է օդանավակայանի տեսախցիկների կողմից։ Գյանջայից մինչև Սիղնաղի սահմանային հատվածը 90-100 կմ է։

C-130 Hercules-ը միջին և մեծ հեռահարության ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է, որը նախագծել և արտադրել է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը: Այն ունի չորս տուրբոպրոպելային շարժիչ և նախատեսված է ռազմական բեռներ, անձնակազմ տեղափոխելու և տարհանման համար և կարող է օգտագործել ոչ ասֆալտապատ ու համեմատաբար կարճ թռիչքուղիներ։

Ըստ APA-ի՝ ինքնաթիռը երկար ժամանակ էր շահագործվում, վերջին անգամ կապիտալ վերանորոգվել էր 2020 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG