Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Ուկրաինային և եվրոպական երկրներին, մինչ ԱՄՆ, Ուկրաինայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դիվանագետները հավաքվել են Ժնևում՝ քննարկելու ռուս - ուկրաինական պատերազմին վերջ դնելու հարցը:
Շվեյցարական քաղաքում հանդիպումների առանցքում Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտից հետո խոշորագույն հակամարտության դադարեցման 28-կետանոց պլանն է, որ առաջարկել է Միացյալ Նահանգների նախագահը և որը, թեև պաշտոնապես բացահայտված չէ, արդեն իսկ Կիևի դաշնակիցների կողմից մեկնաբանվում է որպես մեծապես Ռուսաստանի օգտին ծրագիր:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ պլանը վերջնական չէ, ինչից ենթադրվում էր, որ դրանում հնարավոր են փոփոխություններ: Այդուհանդերձ, իր Truth Social սոցցանցում ԱՄՆ նախագահի այսօրվա գրառումը ցույց է տալիս նրա հիասթափությունը եվրոպական և ուկրաինական դիրքորոշումներից:
«Ուկրաինայի «ղեկավարությունը» զրո երախտագիտություն է արտահայտել մեր ջանքերի համար, իսկ Եվրոպան շարունակում է նավթ գնել Ռուսաստանից», - գրել է նա ամբողջը մեծատառերով:
Ռուսական հում նավթ շարունակում են գնել Եվրամիության անդամ երկու երկրներ՝ Հունգարիան և Սլովակիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան:
Փետրվարին Սպիտակ տանը հանդիպմանը նույնպես ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեղադրել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ամերիկյան հսկայական ռազմական և տնտեսական աջակցության համար շնորհակալություն չհայտնելու մեջ:
Այդուհանդերձ, Զելենսկին հաճախ է Միացյալ Նահանգներին շնորհակալություն հայտնել, այդ թվում՝ օգոստոսին Վաշինգտոն այցի ժամանակ:
Ժնևի բանակցությունների մեկնարկին Ուկրաինայի նախագահը սոցցանցում գրել է. - «Սպասում եմ այսօրվա բանակցությունների արդյունքներին և հուսով եմ, որ բոլոր մասնակիցները կառուցողական կլինեն: Բոլորս կարիք ունենք դրական ելքի»:
Խաղաղության ծրագրով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տալիս Ուկրաինային, բայց որոշ պայմաններով։ Ուկրաինան պարտավորվում է չդառնալ միջուկային պետություն: Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը անցնում են Ռուսաստանին և դե ֆակտո ճանաչվում ռուսական, Խերսոնում և Զապորոժիեում շփման գիծը սառեցվում է, տարածքների մի մասը դառնում է ապառազմականացված բուֆերային գոտի՝ դե ֆակտո Ռուսաստանի վերահսկողության տակ։ Կողմերը պարտավորվում են սահմաններն ուժով չփոխել։
Ուկրաինան նաև պարտավորվում է չմիանալ ՆԱՏՕ-ին, կրճատել զինված ուժերի թիվը: ՆԱՏՕ-ն պարտավորվում է զորք չտեղակայել Ուկրաինայում, Ռուսաստանն էլ՝ չհարձակվել Ուկրաինայի և Եվրոպայի վրա: ԱՄՆ-ը և Եվրոպան Ուկրաինայի վերակառուցման խոշոր ներդրումային փաթեթ կպատրաստեն, որին ռուսական սառեցված ակտիվներից 100 միլիարդ դոլար կհատկացվի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն աստիճանաբար կվերացվեն: