Ծափաթաղում խեղդամահ արված 3-ամյա Տիգրանի եղբայրը, որ սպանության ականատեսն է եղել, խնամքի կենտրոնում փորձում է կրկնել տեսածը՝ խեղդել երեխաներին:
«Կրկնում է այդ վարքը, փորձում է ուրիշ երեխաների նկատմամբ կիրառել: Բնականաբար, աչալուրջ ենք, փորձում ենք հետ պահել, հասկանալ, տարածք տալ երեխային, որ հնարավոր լինի վերանայումներ անել», - ասաց ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը:
Փոքրիկի քույրն ու երեք եղբայրները Ծափաթաղի ողբերգությունից հետո ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն էին տեղափոխվել: Տնօրենն ասում է՝ Տիգրանից երկու տարով մեծ համր երեխան ծանր տրավմա ունի, նրա հետ լոգոպեդն է աշխատել, այժմ էլ հոգեբույժներն են զննում: Եղբայրներից մեկն էլ հոգեբուժական հաստատված ախտորոշում ունի, նա էլ ինքն իրեն է փորձում վնասել:
«Ինչ-որ ընթացք դեղերը չէր ստացել, սրացում սկսվեց երեխայի մոտ, այս պահին հոգեբույժներն են աշխատում այդ երեխայի հետ», - հավելեց Անտոնյանը:
Օվանեսովների 4 երեխաներից երկուսը առողջական խնդիրներ չունեն, սակայն փորձագետների գնահատմամբ՝ նրանք էլ բարձիթողի վիճակում են:
3-ամյա փոքրիկը անհետացել էր հոկտեմբերի վերջին, նրան 7 օր ու գիշեր որոնում էին, այս ընթացքում նրա խոսել չկարողացող եղբայրը ձեռքը անընդհատ կոկորդին էր տարել՝ ինչ-որ բան հասկացնելու:
Փոքրիկին գտան գյուղից ոչ շատ հեռու դաշտամիջյան հատվածում՝ մարմնական վնասվածքներով: Ներքին գործերի նախարարը հրապարակեց նախնական զարհուրելի վարկածը՝ հայրն է խեղդամահ արել 3-ամյա փոքրիկին: Գյուղում շշուկներ կային, որ նա հայրության վերաբերյալ կասկածներ է ունեցել: Արմեն Օվանեսովը սպանության մեղադրանքով կալանավորված է, Քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ նախաքննության ընթացքում տվյալներ են ի հայտ եկել նաև ֆիզիկական ներգործության վերաբերյալ:
«Ավելի անմեղ, մանր սպիների մասին է խոսքը, բայց քիչ չեն, ուղղակի չենք կարող պնդել՝ դա բռնության, թե պատահական ընկնելու կամ անզգույշ վարվելու հետևանք է», - նշեց նա:
Միրա Անտոնյանի խոսքով՝ միայն արտաքին զննությամբ չեն կարող ասել՝ ընտանիքում մյուս երեխաները բռնության ենթարկվել են, թե ոչ: Չի կասկածում՝ այդ մասին փոքրիկներն ի վերջո կպատմեն: Հոր մասին երեխաները դեռ չեն խոսել:
5 երեխաներից մեկին սպանված տեսած ու 4-ին էլ խնամքի կենտրոն ճանապարհած մայրը՝ Ծափաթաղից ժամանակավոր հայրական գյուղ գնաց: Ծափաթաղի վարչական ղեկավարն ասաց՝ կապի մեջ են, մայրը ցանկանում է թեկուզ դատարկված, բայց տուն վերադառնալ: Նա նաև երբեմն Երևան է գալիս՝ այցելում երեխաներին, ուզում է ինքը պահել նրանց: Ըստ Միրա Անտոնյանի՝ հարցականները, սակայն, դեռ շատ են, գլխավորը՝ մայրը տեղյա՞կ է եղել ամուսնու պլանից:
«Եթե տեղյակ է եղել և լռել է, այդ երեխաներին չի կարելի տալ մորը, բայց ով գիտի, գուցե տեղյակ չի եղել», - նշեց նա:
Եթե մայրը անտեղյակ է եղել, այնուամենայնիվ դեռ պետք է հասկանալ՝ նա ի վիճակի է պաշտպանել իր 4 երեխաներին, հավելեց Անտոնյանը:
Եթե փոքրիկի սպանության դրվագը ընտանիքի պատմությունից հանենք, սա, ըստ փորձագետի, հարյուրավոր ընտանիքներից մեկն է. «Սովորական աղքատ ընտանիք է, որտեղ շատ երեխաներ կան, ռեսուրսները պակաս են, կենցաղը լավ չի կազմակերպված և այլն: Եթե մենք նման ընտանիքներից երեխաներին հանելու լինեինք, ապա պիտի շատ-շատ ընտանիքներից հանենք»:
ՀՕՖ-ի կենտրոնում նկատում են, որ երեխաները մայրիկին կարոտում են, սպասում, բայց էմոցիաներն արտահայտելու հարցում նույնպես աղքատ են: