Մատչելիության հղումներ

«Ծուխ եմ փորձարկել հանրահավաքների համար». Լիդյա Մանթաշյանն ազատ արձակվեց կալանքից


Լիդյա Մանթաշյան, արխիվ
Լիդյա Մանթաշյան, արխիվ

Դատարանն այսօր փոխեց իր մեկ շաբաթ առաջ կայացրած որոշումն ու կալանքից ազատ արձակեց ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի գործով միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանին: Եռամսյա կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ ու 2.5 միլիոն դրամ գրավով: Անցած մեկ շաբաթում Գլխավոր դատախազության դիմաց նստացույց անցկացվեց նրա ազատության համար, իրավապաշտպանները խիստ քննադատեցին Մանթաշյանին կալանքի տակ պահելու որոշումը:

«Ես, անկեղծ, շատ հուզված եմ, որ մեր արժանապատիվ ժողովուրդը ընդվզեց էդ ամեն ինչին՝ տեսնելով, էնքան ակնհայտ է, որ էստեղ ահաբեկչություն չկա, էնքան ակնհայտ է, որ ապօրինի մեզ պատժի են ենթարկում. սա խափանման միջոց չէր, սա պատժի ձև էր», - հայտարարեց Լիդյա Մանթաշյանը:

«Ապօրինի պատժում են մեզ մեր քաղաքական հայացքների համար: Նույնիսկ քրեական գործի մեջ գրել էին, առաջին դատական նիստին քննիչը ասաց, ասում է՝ «Լիդյա Մանթաշյանը գաղափարական թշնամանք ունի գործող իշխանությունների հետ, այդ պատճառով խնդրում ենք իրեն տանել երկու ամիս կալանքի», - ընդգծեց նա:

39-ամյա ընդդիմադիրն ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից: Երեք օր ունի գրավի գումարը հավաքելու համար: 5-ամսյա բանտարկությունից հետո ազատության առաջին րոպեներն անցկացրեց հարազատների ու ընկերների հետ գրկախառնություններով:

«Եթե քրեական գործը կարդաք, կհասկանաք, որ լրիվ ջուր է, էլի, էնտեղ նշված ամեն ինչ: Ծուխ եմ փորձարկել Շարբաթյան Մովսեսի հետ՝ էն ծուխերից, որը որ մենք օգտագործել ենք հանրահավաքների ժամանակ, փորձել ենք հասկանանք՝ էդ նոր ծուխը որ բերել են, ինքը ինչքա՞ն վայրկյան է պահում, վայրկյանաչափը պահել ենք՝ ծուխ ենք փորձարկել», - նշեց Մանթաշյանը:

Ի պատասխան «Ազատության» հարցի էլ՝ ինչի՞ համար են իրեն մեղադրում, պատմեց, որ իրավապահները նոթատետրն են առգրավել, ծանոթացել դրա բովանդակությանն ու գրառումները որակել հանցագործություն. - «Որտեղ, ասենք, շատ անձնական բաներ կան, իմ մտորումներն են գրած, կա, որ փողոցում մարդիկ հանդիպել են, ասել են՝ «սրբազանին խնդրում ենք մի բան փոխանցի», մարդկանց չնեղացնելու համար, որ ցույց տանք՝ իրենք ինչքան կարևոր բաներ են ասում, ասենք, նոթատետրս բացել եմ, գրել եմ, ասել եմ՝ «հա, եղավ, անպայման կփոխանցենք Բագրատ սրբազանին»:

Ի՞նչ փոխվեց այս մեկ շաբաթվա ընթացքում: Դատախազները, որ անցած շաբաթ դեմ էին Մանթաշյանի ազատ արձակմանը, այսօր ընդունելի համարեցին փաստաբանների հիմնավորումներն ու մտահոգությունները և առաջարկեցին կիրառել բացակայելու արգելք՝ գրավով:

«Ընդունելի համարելով պաշտպանական կողմի բարձրացված՝ իրավական առումով, բացառապես իրավական առումով բարձրացված այս մտահոգությունները կամ հիմնավորումները, պատվարժան դատարան, այլընտրանքային խափանման միջոցները ներկա իրավիճակում, էս ամբողջ քննարկումների արդյունքում, գտնում ենք, որ ի զորու են ապահովել մեղադրյալի էն իրավաչափության ռիսկերը, էն պայմանները, ինչ որ նախանշված են եղել», - հայտարարեց դատախազ Վահան Հարությունյանը:

Փաստաբան Տաթևիկ Սողոյանի խոսքով՝ անցած մեկ շաբաթում հարյուրավոր քաղաքացիներ միացան Մանթաշյանի ազատության պահանջին, դատախազներն էլ ընդունեցին, որ կա իրավաչափության խնդիր:

«Այսինքն՝ համաձայնելով իրավական փաստարկներին, որ այլևս տարբերակված մոտեցում է առկա, և օրենքի և դատարանի առջև հավասարության սկզբունքն է խախտվում նաև էս պարագայում, իրավաչափության պայմանը խախտվում է: Բայց ես վստահ եմ, որ էս դիրքորոշումը էսպիսին չէր լինի, եթե չլիներ էս հանրաին մեծ արձագանքը», - ասաց Սողոյանը:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Մանթաշյանի ազատ արձակման որոշումից հետո թեև հայտնեց իր ուրախությունը, բայց և պնդեց՝ այն, ինչ տեղի ունեցավ, անընդունելի է:

«Դուք այսօր փաստացի փաստեցիք, որ ոչ թե արդարադատություն ու արդարություն է գործում, այլ գործում է նպատակահարմարությունը, և սա ցցուն արտահայտություն է», - հայտարարեց Գալստանյանը:

Տավուշի թեմի նախկին առաջնորդն ու նրա 17 համախոհներն այս քրեական գործը համարում են շինծու, մինչդեռ իրավապահները, ընդհուպ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պնդում են՝ ահաբեկչության ու իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մասին վկայում են նաև առգրավված հրավտանգ նյութերը, զենքերը, երթևեկությունը խաթարող պարագաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG