Մատչելիության հղումներ

Վարչապետն ու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը էլցանցերի չարաշահումներից են խոսել, Կարապետյանը հերքել է մեղադրանքները


Կալանավորված Սամվել Կարապետյանի էլեկտրական ցանցերը լիցենզիայից զրկվելուց հետո կառույցի ժամանակավոր կառավարիչ, վարչապետի կուսակից Ռոմանոս Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում ներկայացնում էր նույն հիմնավորումները, որոնցով անցած շաբաթ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց: Պետրոսյանը իրեն նախորդած ղեկավարությանը մեղադրում էր տասնյակ միլիոնավոր դրամի հավելագրումների համար:

Ռոմանոս Պետրոսյան.- «Մեկուկես տասնյակից ավելի քրեական վարույթներ այս պահին նախաձեռնված, նաև տեսուչի կալանավորում ունենք ցանցերից մեկում, ով հավելագրում էր արել համայնքային կազմակերպության հաշվիչին մեկ միլիոնից ավելի գումարի էլեկտրաէներգիա: Դրանով և տեխնիկական կորուստներ է նվազեցնում, մոտեցնում սահմանված ցուցանիշին՝ 7 տոկոսին, ինչպես նաև հանրության կամ պետական համայնքային հիմնարկների հաշվին գեներացնում են որոշակի ստվերային շրջանառության էլեկտրաէներգիա»:

Նիկոլ Փաշինյան. - «Այսինքն՝ պետական հիմնարկների հաշվին սպառած հոսանքի ավել տվյալ էին գրո՞ւմ»:

Ռոմանոս Պետրոսյան. - «Այո, ավելին էր վճարում, քան, իրականում սպառել է տվյալ հիմնարկությունը: Կարող է լինել դպրոցի շենքեր, բժշկական կենտրոն, բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցերի վրա են ահռելի հավելագրումներ արվել»:

Վարչապետն ու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը կրկին անդրադարձան ՀԷՑ-ի ու «Տաշիր» գրուպի գնումներին, խոսեցին ուռճացված ծախսերի, փոխկապակցված անձանց պատվերներ տալու մասին, որոնք կազմակերպությունը օրինական է համարում: Բայց Նիկոլ Փաշինյանը հեռուն գնաց. «Դե, սա, շատ կոնկրետ փաստեր են և տպավորություն է ստացվում, եթե չեմ սխալվում, սենց երևույթները իրավաբանները փողերի լվացում են կոչում: Այսինքն՝ իրականում ոչ թե գործարք, աշխատանք անելն է, այլ շրջանառությունից փող դուրս բերելն է և դա այնպիսի խողովակով, որ առերևույթ եկամուտը դիտվի օրինական, բայց գործնականում այն, ինչ նկարագրում եք, եթե հիմնավորված է, ըստ էության, դա այլ անուն, քան փողերի լվացում, դժվար է գտնել», - ասաց վարչապետ Փաշինյանը:

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը Փաշինյան-Պետրոսյան հանդիպմումը որակել է փորձ՝ ներկայացնելու ՀԷՑ-ը խլելու հիմնավորումները: Կարապետյանը վարչապետին արձագանքեց նույնօրինակ տեսանյութով՝ ինքն էլ իր տեղակալի հետ կետառկետ հերքելով մեղադրանքները: Չհերքելով, որ «Տաշիր» ընկերության հետ ՀԷՑ-ը գնումներ է արել, Նարեկ Կարապետյանը միաժամանակ բացատրեց. «Գնումները մենք անում ենք մեր փողերով, չենք անում պետության, սակագնի, սա շատ կարևոր բան է, որն այս մարդիկ չեն ասում ձեզ: Սեփականատերը կարող է չանի դա, ներդրումները կարող է իր գրպանից չդնի, որ 20 տարի հետո գումարը հետ ստանա, մեր բոլորի հավատամքն է, որ եթե դու երկրում ուզում ես ունենալ արդյունաբերություն, եթե ուզում ես երկրում ինչ-որ բան արտադրես, պետք է խոշորացնես պայմանագրերը և տաս տեղական արտադրողին: Գիտեմ՝ մի քիչ խառն է հնչում, բայց ոլորտը մանրուքների մեջ է: Մակերեսային պատասխանների արդյունքում մենք ստանում ենք այն, ինչ ունենք մեր երկրի բոլոր ոլորտներում», - ասաց Նարեկ Կարապետյանը:

Կառավարության շենքում այսօր հնչած մյուս մեղադրանքների մասին նարեկ Կարապետյանը դեռ չի հրապարակել տեսանյութեր, ասաց նաև. «Միակ նպատակը ձեր՝ ուղղակի արդարացնելն է խլելը»:

Ինչ մնում է ՀԷՑ-ի հետագա ճակատագրին, վարչապետը կրկնեց՝ կա՛մ պետությունը կգնի ու կառավարումը կհանձնի մասնավորին, կա՛մ էլ նոր ներդրողի կգտնեն, որը կգնի ՀԷՑ-ը: Ռոմանոս Պետրոսյանի ներկայացած ծավալուն զեկույցից Նիկոլ Փաշինյանը եզրակացրեց՝ գինն էլ պիտի փոխվի. «Պատկերավոր ասած՝ օբյեկտիվ օտարման գին կարող է լինել, իհարկե որոշ նրբություններ...որովհետև Ձեր բոլոր ասած գործոններն ազդում են, ազդում է նաև այն, որ ընկերությունը փաստացի այնպիսի գործողություններ է արել, որ ակնհայտ հիմնավորված որոշմամբ լիցենզիայից զրկվել է, որովհետև այդ լիցենզիան էլ եթե չասենք ամենակարևոր, ինքն այդ արժեքի մի շատ ծանրակշիռ մասն է», - շեշտեց վարչապետ Փաշինյանը:

Մինչդեռ Կարապետյաններն արդեն դիմել են միջազգային արբիտրաժ՝ 500 միլիոն դոլարի փոխհատուցման պահանջով:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG