Ուկրաինայի խորհրդարանը չի հաստատել վարչապետի հրաժարականը

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսման, արխիվ

Ուկրաինայի խորհրդարանը չի հաստատել վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հրաժարականը, ով կառավարության ղեկավար էր նշանակվել նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի պաշտոնավարման օրոք:

Ըստ այդմ, ուկրաինական կառավարությունը կշարունակի նույն կազմով աշխատել մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները, թեև տասն օր առաջ նախագահ Վլադիմիր Զելենսկին երդմնակալության իր ելույթում հայտարարել էր՝ կառավարությունը պետք է վայր դնի լիազորությունները:

Ավելի վաղ Գերագույն Ռադան նաև մերժել էր նորընտիր նախագահի ներկայացրած բոլոր օրինագծերը, ինչից հետո խորհրդարանում վերջինիս ներկայացուցիչը հայտարարել էր՝ Զելենսկին նոր օրինագծեր չի ներկայացնի, քանի դեռ նոր խորհրդարան չի ձևավորվել:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին: