Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը (СВР) այսօր տարածած հայտարարության մեջ պնդում է, որ Երևանը ցանկանում է երկիր ներկրվող ռուսական ցորենի առնվազն մի մասը փոխարինել ուկրաինականով։
«Հայերը, քաղաքական նպատակներից ելնելով, ցանկանում են պոկվել Մոսկվայից և իրենց անհրաժեշտ հացահատիկի մի մասը ձեռք բերել Ուկրաինայից։ Խնդիրը, սակայն, այն է, որ ուկրաինական ցորենը մոտ 50 տոկոսով ավելի թանկ է», - պնդում է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը։
Գերատեսչության պնդմամբ՝ «Հայաստանը ցանկանում է, որ գնային տարբերությունը փոխհատուցի ԵՄ»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ շփման ընթացքում, շտապել է հերքել այս տեղեկատվությունը, այն «բացարձակ անհեթեթություն» որակելով։