Բագրատ Գալստանյանի կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով

Ահաբեկչության մեղադրանքով արդեն 5 ամիս բանտում գտնվող Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստանյանի կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով:

Չնայած բարձրաստիճան հոգևորականի ու նրա փաստաբանների պնդումներին, թե իր ու իր հետ նույն օրը ձերբակալված ավելի քան մեկ տասնյակ անձանց նկատմամբ մեղադրանքները կեղծ են ու որ նրանց կալանքի տակ պահելու որևէ հիմք չեն տեսնում, հանրային մեղադրողը պնդեց, թե նա ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել ու թաքնվել քննությունից: Դատավորը հիմնավոր համարեց մեղադրողի միջնորդությունն ու անփոփոխ թողեց նրա խափանման միջոցը:

Քննչականն ամռանը հրապարակել էր տարբեր թղթեր, գաղտնալսումներ և պնդել՝ Գալստանյանը և նրա համախոհները «Սրբազան պայքար» շարժման անվան տակ «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: Իսկ արդյունքի հասնելու համար պետք է գործի դնեին նաև արգելված միջոցներ՝ զենքեր ու պայթուցիկներ: Ըստ իրավապահների՝ կարևորը ոչ թե հավաքներն էին, որ շարժումը պարբերաբար կազմակերպում էր, այլ ձևավորվող 25-հոգանոց խմբերը, որոնք տարաբնույթ գործողություններով պետք է ջլատեին կառավարությանը, հասնեին իշխանության յուրացման: Այս գործով 18 մեղադրյալներից ոչ մեկը չի ընդունում մեղադրանքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գալստանյանի և մյուսների գործով անցնող Տիգրան Գալստյանի կալանքը կփոխարինվի վարչական վերահսկողությամբ ու հեռանալու արգելքով«Պատրաստ եմ կրելու ծայրագույն պատիժը, եթե քննչականը ճիշտ է». Բագրատ սրբազան