Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել միմյանց. զոհեր Կիևում, հրդեհ Նովոռոսիյսկում

Ռուսական զորքը գիշերը հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին: Կա յոթ զոհ, առնվազն 35 վիրավոր, այդ թվում՝ մեկ երեխա: Վնասվել է մոտ 10 բազմաբնակարան շենք, նաև դպրոց, բուժհաստատություն, վարչական շենքեր: Հրդեհներ են բռնկվել մայրաքաղաքի տարբեր թաղամասերում:

«Ես սարսափած էի, այն աստիճան, որ չգիտեի՝ ինչ անել առաջինը՝ փրկել ինձ և երեխայի՞ս, թե՞ վազել ուրիշներին օգնելու, որովհետև շատերն էին գոռում, որ օգնության կարիք ունեն», - պատմել է Կիևի բնակիչներից մեկը։

Ռուսական անօդաչուները հարվածել են նաև Օդեսայի մարզի Չեռնոմորսկ քաղաքի շուկային, զոհվել է երկու և վիրավորվել յոթ մարդ։ «Ազատության» ուկրաինական ծառայության տվյալներով՝ երեկոյան ռուսական հարվածներից ևս երկու մարդ զոհվել է Զապորոժիեի մարզում: Ռուսական կողմը հայտնել է, որ ևս երկու բնակավայր է վերցրել արևելքում:

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ գիշերը ռուսական զինուժը 430-ից ավելի անօդաչու և 18 հրթիռ է կիրառել, որոնցից մեկի բեկորներից վնասվել է նաև Կիևում Ադրբեջանի դեսպանատունը: Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ուկրաինան պատասխանում է այս հարվածներին Long Neptun մեծ հեռահարության հրթիռներով: Նա դաշնակիցներին կոչ է արել խստացնել պատժամիջոցները, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի այս հարվածները:

«Սա միտումնավոր հաշվարկված հարձակում էր, որի նպատակն էր մարդկանց և քաղաքացիական ենթակառուցվածքներին առավելագույն վնաս հասցնել», - ասել է Զելենսկին։

Ավելի ուշ Զելենսկին խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, երկու ղեկավարներն էլ դատապարտել են դեսպանատան վրա հարձակումը: Նաև Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպանը, որին բողոքի նոտա է հանձնվել:

Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Ռուսաստանի սևծովյան Նովոռոսիյսկ քաղաքի նավահանգստին, վնասվել է քաղաքացիական նավ, վիրավորվել են նավի անձնակազմի երեք անդամ։ Հարվածել են նաև հացահատիկի տերմինալի, նավթի խոշոր բազայի, որտեղ հրդեհ է բռնկվել: Ըստ Reuters-ի՝ հարվածներից հետո «Տրանսնեֆտ»-ը դադարեցրել է նավթի մատակարարումը նավահանգիստ, որն էլ դադարեցրել է դրա արտահանումը:

Սարատովում ուկրաինական հարվածներից քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական հարվածի հետևանքով վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը. Զելենսկի

Բորիս Պիստորիուս. Գերմանիան ևս 150 մլն եվրո կտրամադրի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով

Ու մինչ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածները, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն այսօր հյուրընկալում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Լեհաստանի պաշտոնակիցներին, ինչպես նաև ԵՄ արտգործնախարար Կայա Կալասին՝ քննարկելու Ուկրաինային տրամադրվող օգնության հարցը:

Բորիս Պիստորիուսն ասել է, որ Գերմանիան ևս 150 մլն եվրո կտրամադրի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով: Նա նշել է, որ ձմռանն ընդառաջ Ռուսաստանն ինտենսիվ հարվածում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին. «Պուտինը հստակ նպատակ ունի ձմեռը հնարավորինս անտանելի դարձնել Ուկրաինայի համար, ոչնչացնել նրանց մարտական ոգին և կոտրել ուկրաինացիների դիմադրությունը»:

ԵՄ արտգործնախարար Կայա Կալասն էլ նշել է, որ Ուկրաինային աջակցելու մի շարք տարբերակներ կան, սակայն ռուսական ակտիվներից ստացված միջոցների օգտագործումը Ուկրաինայի պաշտպանությունն ապահովելու ամենաճիշտ տարբերակն է. «Սա նաև միջոց է ցույց տալու Ռուսաստանին, որ ժամանակը նրանց օգտին չէ։ Ուկրաինային աջակցելն ավելի լավ գործարք է՝ համեմատած Ռուսաստանի հաղթանակի գնի հետ»։

Ռուսական սառեցված ակտիվների հարցը երեկ էլ քննարկել էին Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարները: ԵՄ-ն նաև ցանկանում է այդ միջոցներն օգտագործել Ուկրաինայի վերականգման համար: Սակայն Բելգիան, որտեղ պահվում է այդ միջոցների մի մասը, դեմ է և երաշխիքներ է պահանջում, որ իրավական խնդիրներ չեն ծագի և ստիպված չի լինի միայնակ վերադարձնել դրանք:

ԵՄ տնտեսության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսն ասել է, որ այս հարցում պետք է ԵՄ երկրների միջև համերաշխություն լինի, իսկ պատասխանատվությունը պետք է կիսեն բոլորը:

Այս ֆոնին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Մոսկվան բաց է Բուդապեշտում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ հանդիպման համար:

«Մենք պատրաստ ենք Բուդապեշտում անցկացնել ռուս-ամերիկյան երկրորդ գագաթնաժողովը, եթե այն իսկապես հիմնված լինի Ալյասկայի գագաթնաժողովի լավ մշակված արդյունքների վրա», - ընդգծել է Մարիա Զախարովան։

ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար Յենս Ստոլտենբերգը, որը դաշինքը ղեկավարել է 10 տարի և ում օրոք Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, «Ազատության» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ի դաշնակիցների աջակցությունն ուշացած էր, պետք էր դա սկսել 2014-ին, երբ Ռուսաստանն ապօրինաբար բռնակցեց Ղրիմը և ներխուժեց Դոնբաս։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը նոյեմբերի 17-ին կընդունի Զելենսկուն՝ վերահաստատելու Փարիզի աջակցությունը