14:55
Հանձնաժողովի նիստին հաջորդած ճեպազրույցում ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը «Ազատության» հարցին՝ «Ըստ էության այս որոշմամբ պետության վրա հարյուր միլիոնավոր դոլարների պարտավորություն է ընկնում, պատասխանատվություն չե՞ք զգում», Մեսրոպյանն արձագանքեց.
«Ի սկզբանե, այն, ինչ որ սկսվեց, և այն, ինչ որ կատարվում է, մեր 34 տարվա պետության մեջ՝ նորանկախ պետության մասին է խոսքը, Հայաստանի Հանրապետության, նման առիթ և նման իրավիճակում ոչ մեկս չենք հայտնվել, և գնալ նման քայլերի և հայտարարել, որ ճանապարհին՝ դեպի նպատակ գնալուց, որևէ ռիսկից մենք կարող ենք զերծ լինել, դա առնվազն պատեհապաշտություն կլինի:
Բայց ես՝ որպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, և առաջիկա ժամանակահատվածում ինչքան որ կաշխատեմ այդ պաշտոնում, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ ինչ-որ այդպիսի վայրիվերումների, տուրբուլենտ ռեժիմների մեջ չընկնի երկիրը: Եվ եթե ես տեսնեի դրա, այսպես ասած, ռեալ հավանականությունը, ես ինքս էլ վերապահումով կմոտենայի էս հարցին և նման լուծումների չէի գնա ինքս իմ որոշման մեջ այսօր: Բայց դրա հավանականությունը կա, բայց հավանականության տոկոսը համարում եմ կառավարելի ռիսկ»:
14:27
Այնուհետև ելույթ ունեցան սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները, առաջարկն ու ՀԷՑ-ի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները նրանց քննադատության թիրախում էին։
Ապա կայացավ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու նախագծի քվեարկությունը. կողմ քվեարկեցին հանձնաժողովի անդամներից 4-ը, դեմ՝ 1-ը:
Դեմ քվեարկած Արա Նռանյանը հատուկ կարծիք է ներկայացնում:
Հանձնաժողովը քվեարկությունից առաջ նույնիսկ քննարկման դուրս չեկավ։
14:00
Եզրափակիչ ելույթ ունեցավ հանձնաժողովի աշխատակազմը ներկայացնող Մերի Ղազարյանը։ Առաջարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերին զրկել լիցենզիայից, ամփոփեց Ղազարյանը։
13:14
Օրբելյանի ելույթն ավարտվեց, այժմ կարճ ընդմիջում է հայտարարված:
Նիստի ավարտին 50 րոպեից էլ քիչ է մնացել:
12։17
Սեփականատիրոջը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանը հաշվի առնելով ժամանակի սղությունը ելույթի սկզբում նախ միացրեց ժամացույցի թայմերը։
Նա տեղի ունեցողի իրավական մասին է անդրադառնում, պնդում է՝ հապճեպ կատարված օրենսդրական փոփոխություններով Սահմանադրությունն է խախտվել։
11:49
Նիստն անցկացվում է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դահլիճում, որն այսօր ազատ է մինչ 14:00-ն, մինչ այդ ժամն այս նիստը պետք է ավարտեն։ Արդեն 3 օր շարունակ խնդիրներ են ծագում ձայնային համակարգի հետ, այն պարբերաբար restart են անում։
11:16
Ռոմանոս Պետրոսյանն արդեն 3 օր շարունակվող նիստի ընթացքում հազվադեպ է խոսել։ Նա առայժմ չի պատասխանել լրագրողների հարցերին։
Իսկ հարցերը շատ են. եթե հանձնաժողովը լիցենզիայից զրկելու որոշում կայացնի ինչ քայլեր են հաջորդելու, ինչպես են պատրաստվում Կարապետյանների ընտանիքին փոխհատուցում տրամադրել, ինչ միջոցներով։
Ամիսներ առաջ հապճեպ ընդունված օրենսդրական փոփոխություններով պետությունը ժամանակ կունենա սեփականատերերի հետ վաճառքի հարցի շուրջ պայմանավորվել, եթե չստացվի, ըստ էության, պետք է գնան հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով, իսկ այն Սահմանդրության համաձայն առանց փոխհատուցում չի կարող իրականացվել։ Ռոմանոս Պետրոսյանը խոստացել է որոշումից հետո ճեպազրույց կազմակերպել, պատասխանել հարցերին։
11։00
«ՀԷՑ»-ը լիցենզիայից զրկելու հարցով նիստը վերսկսվել է, ենթադրվում է, որ այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կկայացնի։
Երկու օր տևած հարցուպատասխանից հետո այժմ ելույթների հերթն է։
Առաջիկա ժամերին սեփականատեր «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները կանդրադառնան վարույթով ներկայացված փաստարկներին։ Ընկերության տնօրենի նախկին պաշտոնակատարն անդրադառնալով դրանց հայտարարեց՝ վարույթով որևէ ապացույց չկա, որ համակարգված հավելագրումներ են եղել։
Ղազինյանի ելույթի ընթացքում իրադրությունը լարվեց, «ՀԷՑ» ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց՝ պնդելով, թե ելույթում վիրավորական ձևակերպումներ կան ու կոռեկտության կոչ արեց: Միացավ նաև հանձնաժողովի նախագահ, նախկին ՔՊ-ական Մեսրոպ Մեսրոպյանը։
«Ինձ ոչ ոք չի կարող սպառնալ»,- արձագանքեց նախկին պաշտոնակատարը։
Իրադրությունն արդեն հանդարտվեց։