«Հաղթանակ» դաշինքի 3 անդամների տներում խուզարկություններ են. «կան ձերբակալվածներ»

11:50 Թարմացում

«Հաղթանակ» դաշինքի շտաբի պետի փոխանցմամբ՝ այս պահին կան ձերբակալված ավագանու անդամներ ու աջակիցներ։ Նրանց թիվը հայտնի չէ:

19:32

«Հաղթանակ» դաշինքի 3 անդամների տներում այս պահին խուզարկություններ են ընթանում, տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց դաշինքի շտաբի ղեկավար Հրանտ Ավետիսյանը:

Նա տեղյակ չէր, թե ինչ գործի շրջանակներում է խուզարկությունն ընթանում, ասաց միայն, որ արդեն մեկուկես ժամ է, ինչ շարունակվում է:

Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին հրաժարվում է տեղեկություն տալ քրեական գործից: Կառույցի խոսնակը միայն փոխանցեց, որ կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։

ՀՅԴ և «Առաջ» աջակենտրոն կուսակցությունների կազմած «Հաղթանակ» դաշինքը մասնակցում էր Վաղարշապատի ընտրություններին: Քաղաքապետի թեկնածուն Սևակ Խաչատրյանն է:

Կուսակցությունների դաշինքը ստացել է 10 051 ձայն, առաջատարը, նախնական տվյալներով, «Քաղաքացիական պայմանագիրն» է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էջմիածնում Արգիշտի Մեխակյանի ձայները Սևակ Խաչատրյանից մի քանի հարյուրով են ավելի. տարբերությունը մեծ է Խոյում