Լեհաստանը փակում է երկրում գործող ռուսական վերջին հյուպատոսությունը՝ Գդանսկինը, այսօր խորհրդարանում հայտարարել է արտգործնախարարը։ Ռադոսլավ Սիկորսկին տեղեկացրել է, որ այս քայլը ձեռնարկվել է Վարշավա-Լյուբլին երկաթուղու վրա տեղի ունեցած դիվերսիային ի պատասխան։
Միջադեպից ժամեր անց Լեհաստանի իշխանությունները հայտարարել էին, որ կասկածյալները Ուկրաինայի քաղաքացիներ են, որոնք ենթադրաբար գործել են ռուսական հետախուզական ծառայությունների հրամանով: Մոսկվան հերքում է մեղադրանքները:
Գդանսկում հյուպատոսության փակումից հետո Լեհաստանում կգործի միայն մեկ ռուսական դիվանագիտական առաքելություն՝ Վարշավայի դեսպանատունը: Ուկրաինայի վրա Կրեմլի լայնածավալ հարձակումից հետո երկրում գործող ռուսական հյուպատոսությունները հերթով փակվել են։
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ի պատասխան Մոսկվան «կկրճատի Ռուսաստանում գործող Լեհաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայությունը»: