ԱՄՆ-ն հայտարարում է՝ խաղաղության պլանը «թարմացվել է»՝ Ուկրաինան «լիովին պաշտպանելու» համար

ԱՄՆ Սպիտակ տունը հայտարարում է, որ Ժնևում կայացած բանակցությունները Ուկրաինայի ներկայացուցիչների հետ «զգալի առաջընթաց» են գրանցել՝ ուղղված Ուկրաինայում պատերազմն ավարտելուն, և հանգեցրել են «թարմացված ու հստակեցված» շրջանակային փաստաթղթի, որը, ըստ Վաշինգտոնի, «ամբողջությամբ կապահովի» Ուկրաինայի ինքնիշխանությունը և կնպաստի արդար խաղաղությանը։

Նոյեմբերի 23-ին տարածված հայտարարությունում Սպիտակ տունը չի մանրամասնում, թե ինչ փոփոխություններ են արվել Դոնալդ Թրամփի առաջարկած 28 կետանոց խաղաղության պլանում, որը Կիևի մի շարք դաշնակիցների քննադատությանն էր արժանացել՝ չափազանց ռուսամետ լինելու պատճառաբանությամբ։

«Քննարկումները ցույց տվեցին նշանակալի առաջընթաց՝ դիրքորոշումները մերձեցնելու և հստակ հաջորդ քայլեր սահմանելու հարցում։ Եվ կողմերը վերահաստատեցին, որ ցանկացած ապագա համաձայնություն պետք է լիովին ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունը և հանգեցնի կայուն ու արդար խաղաղության։ Այժմ քննարկումների արդյունքում նախագծվել է թարմացված և հստակեցված խաղաղության շրջանակային փաստաթուղթ», - ասված է հաղորդագրությունում՝ առանց հավելյալ տեղեկությունների։

Նշվում է, որ կողմերը համաձայնել են «շարունակել սերտ կապը իրենց եվրոպացի գործընկերների հետ», որոնք մնում են Ուկրաինայի գլխավոր աջակիցների շարքում։

ԱՄՆ պատվիրակությանը Ժնևում նոյեմբերի 23-ին ղեկավարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, երբ Վաշինգտոնը ուժեղացնում է ճնշումը Կիևի վրա՝ այն հնարավորինս արագ ԱՄՆ ներկայացրած պլանը ընդունելու համար։ Թրամփն ավելի վաղ դժգոհություն էր հայտնել Ուկրաինայի և եվրոպական դաշնակիցների՝ իր առաջարկին ընդդիմանալու կապակցությամբ։

Հանդիպումից հետո Ռուբիոն նշել է, որ արձանագրվել է «հսկայական առաջընթաց», և հավելել, որ Թրամփը «գոհ» է եղել իր զեկույցից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ազատության» տրամադրության տակ է հայտնվել Ուկրաինայում խաղաղության ամերիկյան նոր ծրագիրը. ինչ է այն ենթադրում