Իրավապաշտպանները մտահոգիչ են համարում ՔԿՀ-ներում արձանագրված մահերի վիճակագրությունը

Բանտում դատապարտյալի հերթական մահվան դեպքի մասին են ահազանգում իրավապաշտպանները, մտահոգիչ համարում քրեակատարողական հիմնարկներում տարեսկզբից արձանագրված մահերի վիճակագրությունը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ միայն անցած 11 ամիսներին 21 դատապարտյալ է մահացել։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օրերս մահացած տղամարդը 71 տարեկան էր, նրա մոտ բժիշկները կենսաբանական մահ են արձանագրել։ Պաշտոնապես, սակայն, չի հստակեցվում, թե դատապարտյալն ինչ առողջական խնդիրներ է ունեցել։

Քրեակատարողական ծառայության տվյալով՝ 21 մահվան դեպքից 13-ն են կենսաբանական մահ, իսկ 8-ը՝ ինքնասպանության հետևանք են։ ՔԿՀ-ում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը պնդում է՝ դատապարտյալները ժամանակին բժշկական ծառայություններ չեն ստանում, անգամ դեղորայքն է ուշացումով հասնում։ Ավելին, ըստ իրավապաշտպանի, բուժաշխատողներն անգամ խտրական վերաբերմունք ունեն դատապարտյալների նկատմամբ։

«Քրեակատարողական հիմնարկներում բուժծառայողների վարքագծային կանոնների խախտումը, քրեակատարողական հիմնարկներում բուժծառայողների խտրական մոտեցումն ազատազրկված մարդկանց: Եթե այն մարդիկ են, ովքեր խոցելի խմբի ներկայացուցիչներ չեն, ապա իրենց ավելի շուտ է ծառայությունը մատուցվում, քան խոցելի խմբի ներկայացուցիչներին», - ներկայացրեց Գաբրիելյանը:

2023-ին 16 մարդ է մահացել բանտերում, 2024-ին՝ 12: Բանտերում մահերի կտրուկ աճի համար իրավապաշտպանը Առողջապահության նախարարությանն ու Քրեակատարողական ծառայությանն է պատասխանատու համարում: Խմբի անդամները նկատել են, որ աճել են նաև ինքնավնասման դեպքերը

«Դիտորդական խումբը այն մարդկանց, ովքեր, ցավոք, մահացել են, բազմիցս այդ մարդկանց մասին տեղեկատվություն է է ուղարկել Առողջապահության նախարարութանը՝ նշելով, որ այդ մարդկանց մոտ կան առողջական խնդիրներ», - նշեց Սերգեյ Գաբրիելյանը:

Առողջապահության նախարարությունից, մինչդեռ, կտրականապես չեն ընդունում, գերատեսչության հասցեին հնչեցված մեղադրանքները։ Հայտարարում՝ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին պատշաճ բուժօգնություն է տրամադրվում։

«Նախ չէի ուզի, որ առողջապահական թեմաների վերաբերյալ մեկնությունները լինեն սիրողական բնույթի: Ի՞նչ է նշանակում դեղն ուշացվել է, բուժօգնությունը պատշաճ չի տրամադրվել, էդ ինչպե՞ս են չափել, կամ էդ ո՞վ է որոշել, կա՞ կոնկրետ դեպք, խոսենք ավելի առարկայական, ո՞ր դեղորայքն է ուշացվել, ո՞ր բուժօգնությունն է, որ պիտի տրամադրվեր ու չի տրամադրվել և ո՞ր դեպքի մասին: Մահվան դեպքերի մասին խոսելիս չի կարելի ընդհանրական մոտեցում ցուցաբերել ու խոսել մեղադրական տոնով: Գոյություն ունի դատաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմին, պետք է լինել իրավահարգ ու հարգել այն եզրակացությունները, որոնք տրամադրվում են ու որոնք առկա են: Ուսումնասիրվե՞լ են այդ բոլոր եզրակացությունները», - արձագանքեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Իրավապաշտպաններն ավելի վաղ էլ բարձրաձայնում էին, որ դատապարտյալները պատշաճ բուժօգնություն չեն ստանում, քանի որ բանտերը գերծանրաբեռնված են։ Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձինք ավելի շատ են, քան դատապարտյալները. բանտերում պահվող 2701 անձանց կեսից ավելին՝ ավելի քան 1400-ը, կալանավորվածներն են։