Մեկուկես տարի գաղտնալսելուց հետո է Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի մեղադրանք առաջադրել Վանաձորի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի պետ Արմեն Այվազյանին: Այվազյանը պնդում է՝ իրեն պարբերաբար հետևել են ամենուր՝ թե՛ աշխատասենյակում, ու թե՛ դրանից դուրս:
«Ես լինելով երկու տարի իրենց հսկողության տակ բոլոր տեսակներով՝ և՛ ձայնագրություն, և՛ վիդեոնկարահանում, և՛ հսկողություն ամենօրյա, ամենժամյա ոչ միայն կաբինետում, այլև փողոցում, ինձ հսկելուց հետո, իրենք պարզել են, որ մի հատ չպարզված գործ կա, որը չպարզված էլ կման իրենց համար», - ասաց Այվազյանը:
Ուղիղ երկու տարի առաջ քաղաքապետարանի նրա ղեկավարած բաժնում խուզարկություն էին արել, որից հետո՝ վարձակալական գումարների յուրացման կասկածանքով քրեական վարույթ հարուցել: Բայց իրավապահներն իրեն ու իր ենթականերին մեղադրանք չէին առաջադրել: Պաշտոնյայի պնդմամբ՝ հիմքեր չեն ունեցել: Միայն անցած շաբաթ հանկարծ իրավապահները եկել ու իրեն ձերբակալել են հենց իր աշխատասենյակում, բայց ոչ թե գումարի յուրացման, այլ կաշառքի մեղադրանքով:
«Մարմինները, ովքեր ուսումնասիրում են իմ գործը, ըստ իրենց, պարզել են, որ 2.5 տարի առաջ նկարահանված տեսաձայնագրության մեջ ի հայտ է եկել կաշառքի հնարավոր դեպք, որն իմ հետ ընդհանրապես կապ ունենալ չի կարող և մեղադրանքի մեջ, որը ես ստացել եմ, գրված է՝ «չպարզված գումարի կաշառք», - ներկայացրեց Այվազյանը:
Ինչո՞ւ երկու տարվա վաղեմության փաստերն իրավապահները միայն այժմ են ջրի երես հանում: Այվազյանին պատասխանել են, թե նոր են քննություն սկսել. «Որևէ փաստական տվյալ 2023-ից հետո չի առաջացել, հետևաբար, եթե կար որևէ դրվագ, դա պետք է լիներ 2,5 տարի առաջ, դա չի եղել, ու հիմա էլ համոզված եմ, որ դա իմ հետ կապ չունի ու հետագայում էլ այդ ամեն ինչը կպարզաբանվի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյան ազատ արձակվեցԱրմեն Այվազյանը Վանաձորի 2021-ի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի երկրորդ համարն էր։ Բայց ընտրություններից հետո պաշտոն ստացավ Վանաձորի ժամանակավոր կառավարման շրջանում, իսկ նույն կուսակցությունից ավագանի անցավ նրա կինը՝ Լիլիթ Հովսեփյանը։ Ավագանու ընդամենը երկու մանդատ ունեցող խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանն ասում է՝ Արմեն Այվազյանի պաշտոնի գնալն իրենց սրտով չի եղել ու կուսակցությունում որոշել են նրան ու «Ապրելու երկրի» մանդատով ավագանու անդամ դարձած կնոջը հեռացնել կուսակցությունից: Անգամ առաջարկել են, որ մանդատը վայր դնեն:
«Օրինակ, եթե ես լինեի ու ունենայի տարաձայնություն, հաստատ մանդատս վայր կդնեի, որովհետև դա «Ապրելու երկրի» մանդատն է: Իրենք ունեցել են իրենց կարծիքը, իրենք համարել են, որ էդ մանդատն իրենցն է ու մարդիկ պահել են մանդատն իրենց ձեռքում, գործում են ըստ իրենց խղճի», - ասաց Ալավերդյանը:
Չորս տարի առաջ ընդդիմադիր «Ապրելու երկրի» ցուցակով ընտրություններին մասնակցած Արմեն Այվազյանի աշխատասենյակում՝ ուղիղ իր գլխավերևում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծադիր լուսանկարն է: Հաստատում է՝ ընտրություններից հետո չի կիսել «Ապրելու երկրի» քաղաքական գիծն ու այժմ իշխանության կողմնակից է:
«Ես «Ապրելու երկրին» որևէ առնչություն չունեմ կապված նրա հետ, որ հիմա ես որոշել եմ «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցել, իսկ իրենք դա բացառել են, հետևաբար որպես կուսակցության անդամ 21 թվականի գործունեություն, բան, որևէ կապ չունեմ «Ապրելու երկրի» հետ», - ասաց նա:
Իր դեմ առաջադրված կաշառքի մեղադրանքը չընդունող պաշտոնյան անուններ չի տալիս, բայց նաև չի բացառում, որ քրեական վարույթը քաղաքական ենթատեքստ ունի. «Ես չեմ բացառում, որ քաղաքական է, բայց ես բացառում եմ, որ դա արված լինի հատուկ իշխանություններին օգնելու համար, որովհետև ի սկզբանե ես հայտարարել եմ, հիմա էլ եմ հայտարարում, ես իշխանություններին հակասող մտածելակերպ չունեմ էս պահին, կարծում եմ, ավելի շատ արել են այն մարդիկ, ովքեր ցանկանում են, որ մեր քաղաքի զարգացումը որոշ ձևով կանխվի»:
Ավագանու նիստ Վանաձորում վերջին անգամ ութ ամիս առաջ է տեղի ունեցել: Եթե մինչև տարեվերջ չհաստատվեն հաջորդ տարվա բյուջեն ու սուբվենցիոն ծրագրերը, ընտրությունների տարում իշխանությունները մեծ ծրագրեր իրականացնելու լուրջ խնդիրներ կարող են ունենալ: Արմեն Այվազյանը հաստատեց՝ տեղի իշխանությունները արտահերթ նիստ դեռևս չեն նախաձեռնում, քանի որ քվորում ապահովելու խնդիր ունեն: Իշխանականների ձայները այս պահին բավարար չեն նիստ անցկացնելու համար: