Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ խոսել է ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլի հետ, որը ուկրաինական կարգավորման շուրջ ԱՄՆ բանակցային թիմի առանցքային անդամ է:
«Ինչպես նշել է նախագահ Թրամփը, մենք սպասում ենք (բանակի նախարարին) Կիևում այս շաբաթ, և մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը հնարավորինս արագ՝ արյունահեղությանը վերջ դնելու համար անհրաժեշտ քայլերը ավարտելու համար», - Reuters-ի փոխանցմամբ՝ նշել է Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարը։
Երմակը, որը Ժնևում ԱՄՆ պաշտոնյաների հետ բանակցություններ վարած ուկրաինական պատվիրակության անդամ էր Վաշինգտոնի խաղաղության առաջարկի շուրջ, ասել է, որ այդ բանակցությունները «լավ հիմք» են և հավելել, որ Զելենսկին և նրա թիմը «լիովին հանձնառու են հետագա աշխատանքին»։
Նախօրեին արևմտյան առաջատար լրատվամիջոցները, իրենց աղբյուրներին հղումով, հաղորդել էին, որ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց և բանակի նախարար Դեն Դրիսկոլը Աբու Դաբիում ռուս պաշտոնյաների հետ քննարկում է խաղաղության ամերիկյան ծրագիրը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ բանակի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել են Կիև. Politico