ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ԱԳՆ օրակարգում չկա․ Մնացական Սաֆարյան

Արդյոք քննարկվե՞լ է Հայաստանի ՀԱՊԿ -ից դուրս գալու հարցը: Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այդպիսի հարց այս փուլում Արտաքին գործերի նախարարության օրակարգում չկա:

«Մեր առջև այդպիսի խնդիր դեռ չի դրվել և եթե լինեն այդպիսի զարգացումներ, կիմանաք բնականաբար դրա մասին», - նշեց Սաֆարյանը:

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը չի մասնակցի Բիշքեկում նոյեմբերի 27-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Այդ մասին հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Վերջինս, սակայն, նշել էր, թե Երևանը, դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը:

Հայաստանը վերջին 2 տարին հիմնականում չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին: Փոխարտգործնախարարն այսօր վերահաստատեց ՀԱՊԿ -ի հետ կապված Հայաստանի քաղաքականությունը. «Չենք մասնակցում, բայց չենք խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը»:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս այդ կառույցից, ո՞րն է պատճառը, որ շարունակում է մնալ ՀԱՊԿ -ում, արդյոք Երևանը մտավախություն ունի՞, որ իր այդ քալով էլ ավելի կսրի Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները: Այս հարցերին ի պատասխան փոխարտգործնախարարն ասաց, թե «այս փուլում իրենց քաղաքականությունն այդպիսին է»։

«Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունն իր շահերի հիման վրա, ըստ իրավիճակի, հայտարարվել է Հայաստանի և՛ դիվերսիֆիկացման, և՛ բալանսավորման քաղաքականության մասին։ Ըստ կոնկրետ իրավիճակի Հայաստանը ընդունում է որոշումներ, և եթե հավելյալ տեղեկատվություն լինի, կտեղեկացնենք», - ընդգծեց փոխարտգործնախարարը:

Վերջին տարիներին ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրված են՝ հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ պետության դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ն արձանագրում էր, որ Ադրբեջանն իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան Հայաստանը. Փաշինյան