Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի զորականցի երիտասարդին ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ:
«Խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերն այսօր են ստացվել Դատախազությունում, վերաքննիչ բողոք կներկայացնենք», - «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Երկու ամիս առաջ տեղի ունեցած դեպքի տեսանյութում հինգ երիտասարդ ոտքերով ու ձեռքերով հարվածում են տղային: Խոսքերից պարզ է, որ նրան մեղադրում են դպրոցի պահակին ինչ-որ տեղեկություն հայտնելու մեջ: Տուժողը հերքում է, բայց հարվածները շարունակվում են:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նրանցից մեկին կալանավորել են մեկ ամսով, երեքին՝ 20 օրով, մեկին՝ տնային կալանք են տվել: Երկու օրից բոլորն էլ արդեն ազատության մեջ կլինեն. դատարանը նրանց կալանքը երկարացնելու քննիչների միջնորդությունը մերժել է, և միայն մեկի նկատմամբ վարչական հսկողություն սահմանել: Մյուս չորսի համար որևէ խափանման միջոց չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ինչի՞ են հրապարակել իմ երեխայի անունը». զորականցի երիտասարդի հայրը պահանջում է համացանցից հեռացնել խմբակային ծեծի տեսանյութը