Բաքվի ռազմական դատարանի առջև կանգնած հայ գերիներից վեցի պաշտպանները դատարանին միջնորդել են արդարացնել նրանց։
Իշխանական «Ազերթաջը» միակ լրատվամիջոցն է, որ հայ գերիների դատերի վերաբերյալ տեղեկություն է տարածում։ Դրանք ճշտելու որևէ հնարավորություն, սակայն, հայկական կողմը չունի։
Մինչև երեկվա նիստը Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնականը Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին 20 տարով ազատազրկելու պահանջ էր ներկայացրել։ Ղուկասյանի պաշտպաններ Հասիմովան ու Թագիևան այս նիստում հայտարարել են՝ Ղուկասյանը հանցավոր խմբի անդամ չէ, առաջարկում են արդարացնել նրան։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին էլ ցմահ ազատազրկելու պահանջ էր հնչել նախորդ նիստում։ Հիմա նրա պաշտպանը հիշեցրել է՝ Բաբայանը ինքնակամ հանձնվել է ադրբեջանական կողմին, միջնորդել է արդարացնել նրան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցմահ ազատազրկում Արցախի 5 ղեկավարների համար, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դեպքում՝ 20 տարվաՊաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանն էլ շեշտել է՝ իր պաշտպանյալը զինվորական է եղել, գործել է կանոնադրության շրջանակներում։ Պաշտպան Գուրբանովը խնդրել է արդարացնել Դավիթ Մանուկյանին։
Արդարացման միջնորդություններ են ներկայացրել նաև հայ գերիներից Գուրգեն Ստեփանյանի, Վասիլի Բեգլարյանի ու Ռաշիդ Մադաթյանի հանրային պաշտպանները։
Ռաշիդ Մադաթյանը 73-ամյա գետավանցի է, որ 2023-ի սեպտեմբերին գյուղից դուրս գալ չէր կարողացել ու գերեվարվել էր, բայց ըստ Բաքվի իրավապահների, նա 90-ականներին Խոջալուի դեպքերի ակտիվ մասնակից է։ Երեկվա նիստում արցախցի խաղաղ բնակչի պաշտպանն ասել է՝ ճիշտ է, Բաբայանը Խոջալուի դեպքերը տեսել է, բայց ոչ մեկին չի սպանել, նաև սուր հիշողություն ունի, օգնել է գտնել զոհերի մարմինները։
«Տակտիկական նկատառումներով ադրբեջանական կողմը փորձում է իմիտացնել պաշտպանության իրավունքը». իրավապաշտպան
Արդարացնել վեց հայ գերիներին. արդյոք Բաքվի դատարանում հնչած այս միջնորդությունները հույսի մասին են։ Ոչ, Բաքվի դատարանում արդարացվող հայեր չեն լինելու, վստահ է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Տակտիկական նկատառումներով ադրբեջանական կողմը փորձում է իմիտացնել պաշտպանության իրավունքը և հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները խոսում են հնարավոր արդարացման ակտերի մասին, հստակ գիտակցելով, որ դա անհնար է», - ասաց Սահակյանը։
Իրավական գործընթացի տպավորություն են ուզում ստեղծել, ասում է իրավապաշտպանը։ Այն ինչ արդեն քաղաքական պատվերը կա, դատարանը միայն վավերացնելու է այն, ինչ վճռել է Ալիևի իշխանությունը. «Միջազգային հանրությանը մոլորության մեջ գցող արհեստական քայլեր են»։
Հնարավոր չէ՞, որ դատարանն արդարացնի գերիների մի խմբի, նրանց Հայաստան վերադարձնելու քաղաքական պայմանավորվածության դեպքում պրոցեսը տրամաբանական ներկայացնելու համար։ Ըստ իրավապաշտպանի, դատավճիռները չեն խանգարում նախադեպ կա։
«Մենք ունենք այս պահին էլ Հայաստան հայրենադարձված ռազմագերիներ, ում վերաբերյալ ադրբեջանական դատարանները կայացրած են եղել դատական ակտեր՝ սահմանելով, օրինակ, չորս տարի, վեց տարի, 15 տարի ազատազրկում», - ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։
Օրեր առաջ Բաքվից վերադարձած քաղհասարակության ներկայացուցիչները պատմեցին՝ այնտեղ հավաստիացում են ստացել, որ գերիների հարցը բանակցություններում ակտիվ թեմա է. «Հարցը քննարկվում է, հարցը միգուցե կստանա որոշակի լուծում, բայց երբ և ոնց և ինչպիսի լուծում դա կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակ։ Որոշ մանրամասներ կան, քանի որ դրանք վերջնական չեն, ես չէի ուզենա դրանց մասին խոսել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գերիների հարցը գուցե որոշակի լուծում ստանա». Բաքու մեկնած պատվիրակությունը մանրամասներ ներկայացրեցՍիրանուշ Սահակյանը չի բացառում, որ գերիների մի խումբ Բաքվի բանտից ազատ կարձակվի, երբ հայ-ադրբեջանական շփումներում տեղաշարժ լինի։ Ընդ որում, կարծում է, որ առաջին վերադարձողները կլինեն 23-ի սեպտեմբերին գերեվարված զինծառայողները։
«Եթե նույնիսկ փաստաթուղթը ամբողջովին ստորագրված, վավերացված չէ, սակայն փաստաթղթի կատարումն ապահովող, կատարմանն ուղղված քայլեր լինեն, իմ գնահատմամբ, Ադրբեջանը զիջումների, այսպես կոչված զիջումների կգնա և մարդասիրական քայլ կցուցադրի միջազգային հանրությանը», - ասաց իրավապաշտպանը։
Հայ գերիների արդարացման վերաբերյալ վերնագրերը գերիների հարազատներին մի քիչ հուսադրում են, բայց ասում են՝ «մենք էլ գիտենք դատարանի դահլիճում չի որոշվում հայերի ճակատագիրը»։
Գերիներից մեկի դուստրը պատմեց՝ շաբաթը մեկ հեռախոսով են խոսում, փորձում կռահել, լավ է, հո հիվանդ չէ. «Մի քանի շաբաթ առաջ, որ խոսացել է, այնպես ձայնը նորմալ չէր, ոնց որ հիվանդ էր, ինձ թվում է։ Մի քիչ, ինձ թվում էր, դժվարությամբ էր խոսում։ Ինձ թվում է՝ հիվանդ էր, պռոստը ինքը չէր ասում, որ ինքը հիվանդ է։ Ասում եմ՝ խի՞ չես կարում խոսես, ասում է՝ «այսպես էլ կլինի, ոչինչ»։
«Գոնե նախկինում կարողանում էինք տաք գլխարկ, ծխախոտ ուղարկել», - անհանգստանում է դուստրը։
Բաքվի բանտերում պահվող հայերին Կարմիր խաչից չեն այցելում արդեն կես տարի։ Կազմակերպության Բաքվի գրասենյակը փակ է։ Մինչև այդ հարազատները կարողանում էին գոնե ծանրոց ուղարկել։ Վեց ամիսը մեկ 30 կգ, գերիներից մեկի մայրը հիշում է ամեն մանրուք, որ որդու հետ կապ ունի, որ օրը քանի րոպե խոսեց. «Վերջին այցը եղել է 25 թվի հունիսի յոթին։ Հա ու վերջ։ Ոչ այցելություն, ոչ նամակ, ոչ մի բան։ Մենակ իրենց կողմից զանգ է եղել, 10, 11, 12, 9, 6 րոպե նայած էլի։
Միակ որդու գերեվարումից հետո մայրը հիվանդանոցից դուրս չի գալիս, մի քիչ սփոփվում է, երբ որդու հետ կա՛մ խոսում է, կա՛մ տեսնում Բաքվի կադրերում։ Սփոփվում է, որովհետև որդին սիրուն, կոկիկ տեսք ունի. «Ինքը միշտ լավ, տրամադրված, հույսով, ժպիտը դեմքի, կարգին հագնված, սիրուն խոսում՝ հույսներդ չկտրեք»:
Մայրը, որ հիվանդանոցում էլ բուժումների լինի, տան դուռը միշտ բաց է պահում. «Ոչ թե մենակ դուռն եմ բացում, սիրտս էլ միշտ բաց է բոլորի համար, թող բոլորը գան, իմն էլ մեջտեղը գա»: