Գեղարքունյաց թեմի առաջնորդը կողմ է Արշակ արքեպիսկոպոսի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու առաջարկին

Արշակ արքեպիսկոպոսը, արխիվ

Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Պարթև արքեպիսկոպոս Բարսեղյանը հայտարարում է, որ կողմ է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ծառայությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ վերջինիս հարցով ստեղծված հանձնախմբի՝ Վեհափառ Հայրապետին ներկայացրած առաջարկությանը:

«Հորդորում եմ հատկապես եկեղեցու սպասավորներին դադարեցնել բարձրաստիճան եկեղեցականների հասցեին հնչեցվող վիրավորանքները: Որդիաբար խնդրում եմ Վեհափառ Հայրապետին հրավիրել հրատապ ժողով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ», - նշել է նա հայտարարությունում:

Վերջերս համացանցում շրջանառվում էր կաթողիկոսին ուղղված մի նամակ, որը վերագրվում է Արշակ արքեպիսկոպոսի հարցն ուսումնասիրող Էջմիածնական հանձնախմբին: Նամակով նրանք առաջարկում են, որ Վեհափառը որոշակի ժամկետով կասեցնի Արշակ արքեպիսկոպոսի զբաղեցրած բոլոր պաշտոնները, և նա ապրի Մայր Աթոռից դուրս, այլ վայրում, որտեղ կորոշի կաթողիկոսը:

Քննչական կոմիտեն նախօրեին հայտարարեց՝ փորձաքննությամբ հաստատվել է՝ տեսանյութում Արշակ արքեպիսկոպոսն է:

Նախորդ ամիս մի նորահայտ տելեգրամյան ալիքում հրապարակվել էին խիստ անձնական բնույթի տեսանյութեր, կից գրառմամբ, թե այդտեղ Մայր Աթոռի դիվանապետն է: Արշակ սրբազանը նույն օրն էր արձագանքել, հերյուրանք որակել այն, իսկ Քննչական կոմիտեում հերքել, որ տարածված տեսանյութն իրական է, իր հետ կապ ունի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔԿ. Փորձաքննությամբ հաստատվել է՝ տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոսն է