«Մերժենք մեղքը». վարչապետին հանդիպած եպիսկոպոսները նոր հայտարարություն են տարածել

«Մենք չենք մաքրվի, եթե շարունակենք կոծկել, արդարացնել ու գովերգել մեղքը», - Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմած ութ եպիսկոպոսները նոր հայտարարություն են տրամադրել նախորդ անգամվա պես իշխանական մամուլին։

«Տարիներով կուտակված անլուծելի հարցերը, մտահոգություններն ու բարեկարգության կարոտ հիմնախնդիրները, միմյանց չլսելու մեր թուլությունը, անարդար դատողությունները, ուժի և ամբարտավանության դիրքերից արդարության բռնաճնշումը, վիրավորանքներն ու այլ թաքուն վերքերը բացվել են հանկարծակի և թվում է՝ բոլորը բոլորի մեղքերն են բարձրաձայնում», - ասված է հայտարարությունում:

Ծանր ու խռովահույս ժամանակներ են, արձանագրում են այս սրբազանները, տեսնում ոչ թե կործանվելու, այլ վերանորոգվելու իրական շանս։

«Մերժենք մեղքը», - հորդորում են նրանք, որ ամենայն Հայոց կաթողիկոսին սրբապղծության հովանավոր են անվանել, քանի որ համարում են՝ նա կոծկում է Մայր Աթոռի դիվանապետի սրբապիղծ արարքը։ Խոսքը Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի մասին է։

«Ոմանց կողմից մեղքի ամբարտավան և ցինիկ գովերգումը խլացնել է ջանում անխուսափելի մաքրագործման անբեկանելի պահանջը», - նշում են նրանք։

Եվ ովքե՞ր են մեղքից հրաժարվելու կոչեր անում, վերջին օրերին սոցցանցային հարթակներում այս եպիսկոպոսների վերաբերյալ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից մինչև Առաքել արքեպիսկոպոս Քարամյան տեղեկություններ են տարածվում կից հարցադրումներով։ Քրեական գործերով ծանրաբեռնված կուսակրոնության, աղքատության ուխտերը խախտածներն են եկեղեցին նորոգողները։ Հայտարարությունում հերքումներ չկան. «Մեր դեմ թշնամական հարձակումները ոչ թե պիտի կասեցնեն մեզ վերանորոգման մեր ընթացքի մեջ, այլ կտրուկ բարձրացնեն մեր պատասխանատու ինքնագիտակցության չափն ու աստիճանը»:

Մայր Աթոռի դիվանապետին վերագրվող տեսանյութն էր այս եպիսկոպոսների ընդվզման առիթը։ Նրանք վկայակոչում էին Քննչական կոմիտեից նոյեմբերի 25-ին ստացած փորձաքննության եզրակացությունը, որով հաստատում են՝ Արշակ սրբազանն է տեսանյութում։ Չորս օր անց կոմիտեից «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրին՝ տեսաձայնագրային ու դիմանկարային փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ համացանցում հայտնված խիստ անձնական բնույթի տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոսն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մայր Աթոռը չի շտապում կարգալույծ անել վարչապետի ընդունելությանն արժանացած բարձրաստիճան հոգևորականներին

«Եզրակացությունը այլ անձի տրամադրելը արդեն խնդրահարույց է և օրենքի հակասող»

Իսկ թե ո՞վ է գաղտնի տեսաձայնագրության հեղինակը, տարածողներն ովքե՞ր են, Քննչականն այս հարցերին չի պատասխանել՝ հիմնավորելով հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներ են պարունակում։

«Քննչական կոմիտեն մշտապես հանրային կարծիքի վրա փորձել է մանոպիլյատիվ ազդեցություն ունենալ», - նշեց Արշակ արքեպիսկոպոսի փաստաբան Արսեն Բաբայանը: Նրա դիտարկմամբ՝ Քննչականը դեղին մամուլի դեր է ստանձնել, ինչը որ հանրության վրա կարող է ազդել, օրինակ, որ տեսանյութն իրական է, տարածում են, իսկ մնացածը նախաքննական գաղտնիք հռչակում։

Փաստաբանը կրկնում է այն, ինչ իր պաշտպանյալն է ասել՝ տեսանյութի բովանդակությունը իրականության հետ կապ չունի. «Հիմա դա AI-ով են ստեղծել, թե դերասաններով են ստեղծել, թե հատուկ դրա համար պավիլիոն են հավաքել, այդ ամեն ինչը բացարձակ Արշակ Սրբազանի լուծելիք հարցը չի»։

Արշակ Սրբազանը հրաժարվել է Քննչական կոմիտե գնալ՝ ծանոթանալու ոչ օբյեկտիվ եզրակացությանը, ասում է փաստաբան Բաբայան։ Պատճառները բազմաթիվ են, սրբազանը զրկված է եղել իր լիազորություններից, որ օրենսգրքով են նախատեսված, կարող էին ներկա լինել պրոցեսին, պարզաբանումներ տալ փորձագետին, գուցե բացարկ հայտնել, ոչ թե փորձաքննություն, այլ քաղաքական պատվեր է համարում Արսեն Բաբայանը։ Առանձին հարց է այն, որ ըստ Բաբայանի, Քննչականն իրավունք չուներ այդ եզրակացությունը տրամադրել որևէ այլ անձի, այդ թվում՝ հոգևորականների։

«Հոգևորականների հրապարակված փաստաթղթից տեղեկացանք, որ փաստորեն նոյեմբերի25-ին արդեն հոգևորականներին տրամադրած են եղել եզրակացությունը փորձագիտական։ Ինքնին եզրակացությունը այլ անձի տրամադրելը արդեն խնդրահարույց է և օրենքի հակասող», - ընդգծեց փաստաբանը։

Երկուշաբթի Մայր Աթոռի դիվանապետը մամլո ասուլիս կտա, ենթադրվում է ոչ միայն իրեն վերագրվող սկանդալային տեսանյութերի թեմայով։ Արշակ Սրբազանի հոգևոր ծառայության կասեցման հարցը հիմա եպիսկոպոսներին բաժանել է երկու առայժմ անհավասար մասի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատարագ առանց կաթողիկոսի անվան, նրան ուղղված նամակ. Մայր Աթոռի շուրջ աղմուկը շարունակվում է


«Եթե մեկ անդամ տառապում է, բոլորը միասին են տառապում»

Ի՞նչ է մտածում Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ոչ ոք չգիտի։ Նա այսօր մայր տաճարում էր Սուրբ Թադեոս ու Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին, որ Վեհափառի կոնդակով նաև Սուրբ Գեղարդի ուխտի օր է հռչակվել։

Եկեղեցին ներսից վիրավորված է, դրսից ճնշումների տակ, պատարագի քարոզում ասաց Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանը. «Մեր ժողովուրդը, մեր սիրելի ժողովուրդը կտրվում է դատողությունների և կասկածների փոթորիկի մեջ, որոնք փչում են ամեն կողմից»։

«Մեղադրանքին՝ մեղադրանքով, բորբոքված խոսքին՝ բորբոքմամբ պատասխանելով մենք մոռանում ենք, թե ումն ենք մենք», - շեշտել է Դանիել Եպիսկոպոսը, քարոզում մի քանի անգամ հիշել Պողոս առաքյալի խոսքերը։ «Եթե մեկ անդամ տառապում է, բոլորը միասին են տառապում»։

«Մոտ երկու հազարամյակ այս խոսքերն են պահպանել մեզ՝ սելջուկներից, մոնղոլներից մինչև Սովետ Միություն։ Այժմ, երբ ոչ մի կայսրություն մեր հավատքը չի արգելում, մենք խեղդում ենք ինքներս մեր մեջ», - դառնացել է եպիսկոպոսը՝ հորդորելով մերժել բաժանումների թույնը։

Վաղը վարչապետ Փաշինյանը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի է գնալու պատարագի։ Արարատյան հայրապետական թեմի ավագ քահանայից տեղեկացանք, որ պատարագիչ քահանան Տեր Արարատ Օրդոյանն է լինելու։ Նա է՞լ է աղոթքներից չեզոքացնելու Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, առայժմ հստակ չէ։

Էջմիածնականների շարքերը երերում են անկանխատեսելի ուղղություններով։ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոսը Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակ հասնելուց ուղիղ մեկ շաբաթ առաջ Վեհարանի բակում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ լուսանկարվում էր։