«Ակնկալում ենք՝ կաթողիկոսը, կամովին հանգստյան կկոչվի և հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպել». եպիսկոպոսներ

Հայ առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ նոր հայտարարություն են տարածել, որով կոչ են անում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին կամովին հանգստյան գնալ:

«Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր Եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու», - նշված է հայտարարությունում, որը հրապարակվել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում:

Այս հայտարարությունը տարածող 10 եպիսկոպոսներից 8-ին օրերս ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրանք իշխանամերձ լրատվամիջոցներին հայտարարություն էին տրամադրել, ըստ որի՝ եպիսկոպոսները փաստել էին, որ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսն «ամեն գնով փորձում է կոծկել Արշակի սրբապիղծ արարքը»։

Այսօր նրանք ևս մեկ հայտարարություն էին տարածել՝ նշելով. «Մենք չենք մաքրվի, եթե շարունակենք կոծկել, արդարացնել ու գովերգել մեղքը»:

«Ոմանց կողմից մեղքի ամբարտավան և ցինիկ գովերգումը խլացնել է ջանում անխուսափելի մաքրագործման անբեկանելի պահանջը», - նշված է կայքերում հրապարակված հայտարարության մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մերժենք մեղքը». վարչապետին հանդիպած եպիսկոպոսները նոր հայտարարություն են տարածել