ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում չլուծված հիմնական հարցերից մեկը վերաբերում է Դոնեցկի շրջանի վերահսկողությանը։
Երեկ երեկոյան Fox News-ին տված հարցազրույցում պետքարտուղարը պնդել է, թե Ուկրաինան և Ռուսաստանը ներկայումս «բառացիորեն կռվում են Դոնեցկի շրջանի 30-50 կիլոմետրի համար», որը վերահսկվում է Ուկրաինայի կողմից: Ռուբիոյի խոսքով, սա Դոնեցկի ընդհանուր տարածքի 20 տոկոսն է, իսկ մնացած 80 տոկոսն արդեն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ:
Միաժամանակ, պետքարտուղարը պնդել է, թե երեկ Կրեմլում տեղի ունեցած բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցել։ ԱՄՆ-ն հույս ունի, որ փոխզիջումը «թույլ կտա ուկրաինացիներին ոչ միայն վերականգնել իրենց տնտեսությունը, այլև բարգավաճել որպես երկիր», - ասել է Ռուբիոն։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե Վաշինգտոնը անվտանգության ինչ երաշխիքներ է պատրաստ տրամադրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության ծրագրի շուրջ Ուկրաինա-ԱՄՆ բանակցությունները՝ «դժվար, բայց շատ կառուցողական»