Իռլանդիայի իշխանությունները հետաքննում են երկրի օդային տարածք մուտք գործած անհայտ անօդաչու թռչող սարքերի դեպքը, որը գրանցվել է գրեթե այն նույն ժամանակահատվածում, երբ Դուբլինի օդանավակայանում պետք է վայրէջք կատարեր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ինքնաթիռը։
Զելենսկին Իռլանդիա է ժամանել դեկտեմբերի 1-ի գիշերը, իսկ պաշտոնական հանդիպումներն ու մամուլի ասուլիսը տեղի են ունեցել դեկտեմբերի 2-ին։ Դրոնների հետ կապված միջադեպի մասին հայտնի է դարձել միայն այցի ավարտից հետո։
Այն տեղեկությունը, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 23։00-ին, Դուբլինի օդանավակայանի մերձակայքում գրանցվել է ռազմական տեսակի չորս անհայտ դրոն, առաջինը դեկտեմբերի 4-ին տարածել է իռլանդական The Journal պարբերականը։ Ըստ պարբերականի՝ Ուկրաինայի նախագահի ինքնաթիռը օդանավակայանում վայրէջք է կատարել նախատեսված ժամանակից մի փոքր շուտ, իսկ դրանից կարճ ժամանակ անց դրոնները հայտնվել են օդային տարածքի այն հատվածում, որտեղ պետք է գտնվեր Զելենսկիի ինքնաթիռը։
The Journal-ի տվյալներով՝ օդանավակայանի շրջանից հետո դրոնները թռել են նաև Իռլանդական ծովի վրա գտնվող ռազմական նավի ուղղությամբ։
Միջադեպը BBC-ին հաստատել են Իռլանդիայի կառավարության աղբյուրները։ Երկրի զինված ուժերի ներկայացուցիչները մեկնաբանություններից հրաժարվել են։
Դրոնների վերաբերյալ տեղեկությունը լրագրողներին հաստատել է նաև Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը։ Նրա խոսքով՝ միջադեպը որևէ ազդեցություն չի ունեցել Զելենսկիի այցի վրա։