Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը դեռ չի սկսվում. փողն այլ ծրագրերի է ուղղվում

Այս իշխանությունների գլխավոր խոստումներից մեկի՝ մետրոյի Աջափնյակի կայարանի շինարարությունը ոչ միայն չի սկսվում, այլև կառավարությունը հետ է վերցնում այդ նպատակի համար նախատեսված միջոցներն այլ ծախսեր փակելու համար:

Գործադիրը վերջին նիստում որոշեց մետրոյի կառուցման համար նախատեսված բյուջեից մոտ 300 հազար դոլար ուղղել սահմանամերձ բնակավայրերում ապրողների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցմանը:

Օգոստոսին էլ կառավարությունը որոշել էր կայարանի կառուցման համար նախատեսված բյուջեից մոտ 9 միլիոն դոլար էլ հատկացնել բնակարանների և սեփական տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրին: Մեկ ամիս անց էլ որոշեցին այդ միջոցներից ևս մոտ 6 միլիոն դոլար տրամադրել մայրաքաղաքի շենքերի վերելակները փոխարինելուն ու տրոլեյբուսներ գնելուն:

Այս տարվա պետական բյուջեով Աջափնյակի կայարանի կառուցման համար ի սկզբանե 25 միլիոն դոլար էին նախատեսել: Տարվա երկրորդ կեսից միմյանց հաջորդեցին վերաբաշխումների որոշումները: 2026-ին կայարանի կառուցման համար շատ ավելի քիչ միջոցներ են նախատեսել՝ 5.2 միլիոն դոլար: Ֆինանսավորման այս ծավալը բավարար չէ նույնիսկ շինարարության 5 տոկոսն իրականացնելու համար: Հենց քաղաքապետարանի տվյալներով կայարանի կառուցման համար մոտ 250 միլիոն դոլար կպահանջվի:

Կայարանի կառուցման համար նախատեսված միջոցներն այլ ծրագրերի օգտին վերաբաշխումը գործադիրն այսպես է հիմնավորում. նախագծի համալիր փորձաքննությունը ստացել են մի քանի ամիս առաջ, հաջորդ փուլին անցնելու համար այն դեռ պետք է վերջնականապես հաստատվի, հետևաբար ամբողջ գումարի օգտագործումն այս տարի իրատեսական չէ:

Բայց իշխանությունների խոստումների համաձայն՝ շինարարությունը վաղուց պետք է սկսված լիներ: 3 տարի առաջ անձամբ վարչապետն էր հայտարարում՝ 2024-ին կսկսվի. «2024 թվականին պետք է սկսենք շինարարությունը Աջափնյակ կայարանի և շատ կարևոր է սա», - հայտարարել էր վարչապետը:

2024-ն անցավ, 2025-ի ավարտին մի քանի շաբաթ է մնացել, Հրազդանի կիրճի այդ հատվածում առայժմ որևէ տեխնիկա չի աշխատում: Անցնող տարիներին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաճախ է լավատեսական հայտարարություններ արել և հիմա էլ բյուջետային վերաբաշխումներին զուգահեռ շարունակում է վստահեցնել՝ կլինի. «Ես անհոգնել և վստահ ձեզ ասում եմ՝ Երևան քաղաքում Աջափնյակ մետրոյի կայարանը կառուցվելու է, որովհետև մեզ արդեն մնացել ա գրագետ կազմակերպել արդեն շինարարության մրցույթը և համապատասխան ֆինանսավորումը հատկացնել և արդեն տեխնիկական հսկողության մրցույթը իրականացնել», - նշել էր Երևանի քաղաքապետը:

Տիգրան Ավինյանի ելույթներում տոնայնությունը չի փոխվում. 2024-ի հունվարին ու այս տարվա սեպտեմբերին կառավարության նիստերին նրա բառերը տեղ-տեղ նույնիսկ ուղիղ են համընկնում, անգամ կադրն է նույնը, աչքի ընկնող մեծ փոփոխությունը նրա կողքին է` Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Ռոմանոս Պետրոսյանի զբաղեցրած աթոռն է ազատ:

«Պարոն վարչապետ, մենք ունենք արդեն նախագիծը ամբողջական Աջափնյակ մետրոյի կայարանի, էս պահի դրությամբ փորձաքննությունների փուլում է», - 2024-ի հունվարի 18-ին հայտարարել էր Տիգրան Ավինյանը: Իսկ 2025-ի սեպտեմբերի 18-ին Ավինյանը նշում էր. «Պարոն վարչապետ, մենք բոլոր փորձաքննություններով անցած Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծն ունենք»:

Քաղաքապետի հերթական խոստումը հենց այս սեպտեմբերին հնչեց՝ հաջորդ տարի կսկսեն. «Ես կարող եմ ասել, որ 2026 թվականին մենք կարող ենք սկսել աշխատանքները Աջափնյակ մետրոյի կայարանում»:

Քաղաքային իշխանությունների ամենաթունդ քննադատներից Մեսրոպ Մանուկյանը, մինչդեռ, պնդում է՝ առաջիկայում շինարարության մեկնարկին սպասել պետք չէ: Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամը քաղաքապետարանի միջնաժամամկետ ծախսերի ծրագրում կայարանի կառուցման մասին որևէ տող չի գտել. «Երևան քաղաքի միջնաժամկետ, այսինքն՝ 26-ից 28 թվականի ծախսերը, որոնք հաստատել է Երևան քաղաքի ավագանին, հստակ փաստում եմ՝ էդ ծախսերի մեջ մետրոյի կառուցում չի եղել, այսինքն՝ այն պնդումը, որ իրենք պլանավորում են մետրո կառուցել, դա սուտ է, չկա, իրականում դա չկա, և ես դա ասում եմ՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», - շեշտում է Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամը:

Հաշվի առնելով անհրաժեշտ ներդրումների ծավալը՝ Մանուկյանն ընդգծում է՝ այն արդյունավետ կլինի, եթե ոչ մեկ կայարան կառուցվի Թումանյանի այգու մոտակայքում, այլ գիծը հասնի մինչ Հալաբյան-Մարգարյան խաչմերուկ՝ Հանրապետական հիվանդանոցին հարակից տարածք. «Եթե ասեմ, որ իրենք չէին ուզենա մետրոն կառուցել և փիառվել սուտ կլիներ, իհարկե, իրանք կուզենան մետրոն կառուցել, դա փիառ սարքեն ու ևս 10 տարի թմբկահարեն էլի: Բայց այս մարդկանց մոտ կառավարման խորը ճգնաժամ կա, այսինքն՝ մարդը կոմպետենտ չի այդ պաշտոնին, և նա աշխատում է: Իրենց պարագայում ավելի լուրւջ խնդիրը հենց սա է, կարծում եմ», - ասում է Մեսրոպ Մանուկյանը:

Ավագանու ընդդիմադիր անդամի տեղեկություններով՝ տարածքում նաև մասնավոր սեփականություն կա, այսինքն՝ դեռ պետք է փոխհատուցման հարցը լուծել: Այն, որ շինարարության տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու խնդիր կա, փաստում են նաև պաշտոնական փաստաթղթերը: