Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կարող հեռանալ, դա ավելին չի լինի, քան դասալքություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը հեռանա: Չի կարող հեռանալ նաև այն դեպքում, անգամ եթե նման հարց են բարձրացնում եպիսկոպոսները»,- անդրադառնալով վարչապետին հանդիպած եպիսկոպոսների վերջին հայտարարությանը՝ հայտարարեց Արշակ սրբազանը:
Նա վստահություն հայտնեց, որ Գարեգին Բ կաթողիկոսը նման քայլի չի գնա:
Բարձրաստիճան հոգևորականների քայլերը Մայր Աթոռի դիվանապետը որակեց դավաճանություն:
Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականներ 2 օր առաջ նոր հայտարարություն էին տարածել, որով կոչ են անում վեհափառին կամովին հանգստյան գնալ:
«Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր Եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու», - նշված է հայտարարությունում, որը հրապարակվել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում:
Այս հայտարարությունը տարածող 10 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից 8-ին օրերս ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ, Արշակ սրբազանը պատասխանեց՝ հարցը որակելով գռեհիկ և ասելով, որ դրան չի պատասխանի: Կաթողիկոսի կուսակրոնության ուխտի խախտման մասին մի քանի անգամ հարցադրում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: