ԱՄՆ 27 սենատորներ պահանջում են ապահովել հայ գերիների ազատ արձակումն ու Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում, նոյեմբեր, 2023թ.

Միացյալ Նահանգների 27 սենատորներ՝ Էդ Մարքիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ, ինչպես նաև Սենատի դեմոկրատական խմբի առաջնորդ Չաք Շումերի աջակցությամբ, նամակ են հասցեագրել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ Թրամփի վարչակազմին կոչ անելով պահանջել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակում։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաորդագրության համաձայն՝ նամակը Թրամփի վարչակազմին կոչ է անում պահանջել, որ միջազգային դիտորդները մուտք ստանան Բաքվում իրականացվող կեղծ դատավարություններին, ինչպես նաև կիրառել «Գլոբալ Մագնիտսկու» պատժամիջոցներ ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։

Նամակում մասնավորապես ասված է․ - «Զեկույցները ցույց են տալիս, որ այս քաղաքական պատանդները ենթարկվել են բռնությունների և նվաստացուցիչ վերաբերմունքի, մինչդեռ գաղտնիությունն ու ընթացակարգային խախտումները Բաքվի ռազմական դատարանում լուրջ կասկածներ են հարուցում դատավարությունների արդարության և օրինականության վերաբերյալ․․․ Ադրբեջանի կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ միակ կազմակերպության, որը կարող էր այցելել հայ գերիներին, արտաքսումը ևս ավելի է վտանգում հայ բանտարկյալների անվտանգությունն ու ապահովությունը»։

Նամակում ընդգծվում է․ - «Արդեն երկու տարի է, ինչ Ադրբեջանի շրջափակումն ու ռազմական հարձակումը Արցախի վրա ստիպողաբար տեղահանեցին շրջանի 120 հազար քրիստոնյա հայերին՝ մի գործընթաց, որը միջազգային իրավունքի մասնագետները գնահատում են որպես էթնիկ զտում»։

«Թեև մենք զգուշավոր հույս ունենք, որ Հայաստան–Ադրբեջան վերջին բանակցությունները կարող են տարածաշրջանի համար ավելի խաղաղ ապագա ապահովել, Ադրբեջանը շարունակվող պատանդառությամբ և անհիմն նախապայմաններով վտանգում է այդ գործընթացը։ Հայաստան–Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրում բացակայում է որևէ դրույթ՝ ուղղված հայ գերիների ազատ արձակմանը։ Մագնիտսկու պատժամիջոցները շարունակում են մնալ առանցքային գործիք՝ ռազմագերիների ազատ արձակումը ապահովելու և Հայաստանի դեմ հետագա ագրեսիան զսպելու համար», - ասված է նամակում:

Սենատորները զգուշացնում են, որ «ԱՄՆ շարունակական անգործությունը Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում անընդունելի է և լուրջ վնաս կհասցնի ԱՄՆ հեղինակությանը տարածաշրջանում, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանը փորձում է ամրապնդել կապերը Արևմուտքի հետ»։

Սենատորները եզրափակում են. - «ԱՄՆ-ի համար և՛ բարոյական, և՛ ռազմավարական հրամայական է ձեռնարկել վճռական քայլեր՝ ստիպելու Ադրբեջանին ազատ արձակել անօրինական կալանավորված հայ գերիներին և ապահովել, որ տարածաշրջանային խաղաղությունը հիմնված լինի պատասխանատվության, արդարության և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հիմնարար իրավունքի վրա»։

Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիներից 7-ն արդեն դատապարտվել է, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուսների դատավարությունը մոտենում է ավարտին: Նրանցից 5-ին սպառնում է ցմահ ազատազրկում:

Հայաստանի վարչապետը նախօրեին հայտնեց, որ շաբաթասկզբին Երևան այցելած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել է տեղեկացնել՝ ի՞նչ ջանքեր է գործադրում Միացյալ Նահանգները Բաքվում պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները Բաքվում ենՓաշինյանն ԱՄՆ պաշտոնյային գերիներից է հարցրել, Միրզոյանն էլ Ֆիդանին է պատասխանել«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». հայազգի գերու կինը օգնություն է խնդրում Ցմահ ազատազրկում Արցախի 5 ղեկավարների համար, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դեպքում՝ 20 տարվա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը Բաքուն ապացուցված համարեց