ԱՄՆ-ն ու Ուկրաինան հայտարարել են, որ երեկ Ժնևում բանակցությունների ժամանակ «զգալի առաջընթաց» են գրանցել խաղաղության նոր պլանի շուրջ: Համատեղ հայտարարությունում ասվում է, որ փոփոխություններ են արվել նախնական տարբերակում ու «թարմացված և հստակեցված» շրջանակային փաստաթուղթ են պատրաստել, որը, ըստ Վաշինգտոնի, «լիովին կապահովի» Ուկրաինայի ինքնիշխանությունը և կնպաստի արդար խաղաղությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն հայտարարում է՝ խաղաղության պլանը «թարմացվել է»՝ Ուկրաինան «լիովին պաշտպանելու» համարԹե ինչ փոփոխություններ են արվել Վաշինգտոնի առաջարկած 28 կետանոց պլանում, որն Ուկրաինայի դաշնակիցները քննադատել են՝ չափազանց ռուսամետ լինելու համար, չի նշվում: Նաև պարզ չէ, թե ինչպես է այն լուծելու, թերևս, ամենակարևոր՝ տարածքների և անվտանգության երաշխիքների հարցերը:
Հայտարարությունում ասվում է. «Քննարկումների արդյունքում գրանցվել է նշանակալի առաջընթաց՝ դիրքորոշումները մերձեցնելու և հստակ հաջորդ քայլեր սահմանելու հարցում։ Եվ կողմերը վերահաստատեցին՝ ցանկացած ապագա համաձայնություն պետք է լիովին ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունը և հանգեցնի կայուն ու արդար խաղաղության»:
«Չլուծված հարցերն անհաղթահարելի չեն». Ռուբիո
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը Ժնևում ղեկավարել է ամերիկյան պատվիրակությունը, ասել է, որ սա ուկրաինական կողմի հետ մինչ այժմ անցկացված, թերևս, ամենաարդյունավետ հանդիպումն էր:
«Սա շատ, շատ... գուցե ամենաարդյունավետ օրն էր մեզ համար այս հարցում, գուցե մեր ողջ փոխգործակցության ընթացքում ... Բայց դեռ շատ աշխատանք կա անելու», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Ռուբիոն նաև ասել է, որ չլուծված հարցերն անհաղթահարելի չեն, դրանց շուրջ հնարավոր է համաձայնության գալ, պարզապես ավելի շատ ժամանակ է հարկավոր: Թեև նա չի բացառել, որ չկարողանան մինչև Թրամփի նշած ժամկետը՝ նոյեմբերի 27-ը վերջնական արդյունքի հասնել:
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք եվրոպական երկրներն այլընտրանքային առաջարկներ ներկայացրե՞լ են, ինչպես հաղորդվել էր: Ռուբիոն պատասխանել է, որ նման ծրագիր չի տեսել։
Reuters-ը հրապարակել է եվրոպական առաջարկները, որոնք հիմնված է ամերիկյան տարբերակի վրա, սակայն որոշ էական տարբերություններ են պարունակում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ուկրաինական բանակը կրճատել ոչ թե մինչև 600,000, այլ՝ 800,000, վիճելի տարածքների շուրջ բանակցություններն սկսել ներկայիս շփման գծից, այլ ոչ թե բաժանել միայն Խերսոնի և Զապորոժիեի մարզերը, իսկ Ղրիմը, Լուգանսկը և Դոնեցկը ճանաչվեն ռուսական։ Նաև Ուկրաինային չի արգելվի անդամակցել ՆԱՏՕ-ին, առաջարկվում է որոշումը կայացնել դաշինքում կոնսենսուսի հասնելուց հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը քննադատում է Ուկրաինային և եվրոպական երկրներին, մինչ Ժնևում քննարկվում է խաղաղության ԱՄՆ պլանըՈւ մինչ Ժնևում բանակցություններ էին ընթանում, ԱՄՆ նախագահը քննադատել է Ուկրաինային և եվրոպական երկրներին՝ նշելով, որ Եվրոպան շարունակում է նավթ գնել Ռուսաստանից, իսկ Ուկրաինան զրո երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի ջանքերի համար, թեև նախագահ Զելենսկին բազմիցս է հրապարակավ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին:
Այսօր էլ Թրամփը սոցցանցում հարցադրում է արել՝ հնարավո՞ր է, որ բանակցություններում իսկապես մեծ առաջընթաց է արձանագրվել, և ինքն էլ պատասխանել հարցին. «Չհավատա՛ք, քանի դեռ անձամբ չեք տեսել դա: Սակայն հնարավոր է, որ լավ զարգացումներ լինեն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփ․ «Չի բացառվում, որ լավ զարգացումներ լինեն»«Շատ վճռորոշ պահ է». Զելենսկի
Նախագահ Զելենսկին երեկոյան ուղերձում հայտարարել է, որ չափազանց կարևոր է ԱՄՆ-ի հետ աշխատանքը, և «կան ազդակներ», որ «Թրամփի թիմը լսում է» Ուկրաինային։ Ըստ նրա՝ կան հարցեր, որոնք առաջնահերթ են Ուկրաինայի համար:
«Գլխավոր առաջնահերթությունը հուսալի խաղաղությունն է, երաշխավորված անվտանգությունը և մեր ժողովրդի նկատմամբ հարգանքը, հարգանքը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել Ուկրաինան ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար», - իր ուղերձում ասել է Զելենսկին:
Այսօր էլ Զելենսկին հայտնել է, որ շարունակում են աշխատանքները՝ փոխզիջումների հասնելու համար, որոնք ոչ թե պետք է թուլացնեն, այլ ուժեղացնեն Ուկրաինան: «Հիմա շատ վճռորոշ պահ է»,- ասել է նա:
Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ եվրոպացի առաջնորդներին ներկայացրել է Ժնևի հանդիպման արդյունքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի․ «Մենք որոշիչ հանգրվանում ենք»Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկն էլ հայտարարել է, որ բանակցություններում Կիևի համար «կարմիր գծեր» են Ռուսաստանի օկուպացրած տարածքների ճանաչումը այլ երկրների կողմից, պաշտպանության ոլորտում և այլ դաշինքներին միանալու սահմանափակումները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ The Guardian. Դրիսկոլի գլխավորությամբ ամերիկացի գեներալներ կժամանեն ՄոսկվաՄոսկվան դեռ չեն ստացել խաղաղության պլանի նոր տարբերակը, իսկ ռուս-ամերիկյան պատվիրակությունների հանդիպում այս շաբաթ նախատեսված չէ, հայտնել է Կրեմլի խոսնակը։
Իր հերթին Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ամերիկյան առաջարկները Մոսկվայի կողմից վերանայված տարբերակով, համապատասխանում են Ալյասկայի քննարկումներին և սկզբունքորեն կարող են խաղաղ կարգավորման համար հիմք դառնալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկյան առաջարկները կարող են կարգավորման հիմք հանդիսանալ. ՊուտինԵՄ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային. Անտոնիու Կոշտա
Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է Ժնևում գրանցված առաջընթացը՝ նշելով, որ որոշ հարցեր դեռ պետք է լուծվեն: Անտոնիու Կոշտան շեշտել է՝ ԵՄ-ին ուղիղ առնչվող հարցերը, ինչպիսիք են պատժամիջոցները, դաշինքի ընդլայնումը, ռուսական սառեցված ակտիվների հարցը, պետք է քննարկվեն ԵՄ մասնակցությամբ: Դաշինքը նաև կշարունակի աջակցել Ուկրաինային, վստահեցրել է նա:
«Եվրամիությունը հանձնառու է շարունակել նախագահ Զելենսկիին տրամադրել անհրաժեշտ ողջ աջակցությունը՝ դիվանագիտական, ռազմական, տնտեսական», - ասել է Անտոնիու Կոշտան:
Եվրահանձնաժողովի նախագահն էլ հայտարարել է, որ չնայած դեռ շատ անելիք կա, Ժնևում ամուր հիմքեր են ստեղծվել հիմա առաջ շարժվելու համար։ Այդուհանդերձ, ինքնիշխանության և տարածքների հարցերը քննարկելի չեն:
«Ուկրաինայի տարածքն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն։ Միայն Ուկրաինան՝ որպես ինքնիշխան երկիր, կարող է որոշումներ կայացնել իր զինված ուժերի վերաբերյալ։ Նրանց ճակատագրի ընտրությունը հենց նրանց ձեռքում է», - նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրոպացի պաշտոնյան նաև հայտնել է, որ Ուկրաինայի դաշնակիցների կոալիցիան վաղը տեսակապով կքննարկի նոր առաջարկները:
Լեհաստանի վարչապետն էլ, ում երկրի տարածքը ռուսական անօդաչուները վերջերս բազմիցս են խախտել, հայտարարել է՝ նոր ծրագիրը չպետք է խաթարի Եվրոպայի անվտանգությունը, իսկ որոշ կետեր անընդունելի են Լեհաստանի համար:
«Հատկապես կարևոր է Լեհաստանի տեսանկյունից, և սա նաև իմ կարծիքն է, որ ոչ մի համաձայնագիր […] որևէ կերպ չի կարող խաթարել Լեհաստանի և Եվրոպայի անվտանգությունը», - ընդգծել է Դոնալդ Տուսկը։
Այս ընթացքում կողմերը շարունակել են հարվածները
Խարկովին գիշերը ռուսական զինուժի հարվածից սպանվել է չորս, վիրավորվել առնվազն 17 մարդ: Եվս երկու վիրավոր կա Չեռնիգովում:
Ուկրաինական կողմն իր հերթին հարվածել է ռուսական մի քանի շրջանների: Վորոնեժում անօդաչուների բեկորներից տներ են վնասվել։ Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ այսօր մայրաքաղաքի ուղղությամբ թռչող ևս երեք անօդաչու է խոցվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը Զելենսկուն հորդորում է ընդունել խաղաղության ամերիկյան պլանը