«Առաջին անգամ պատիվ ունեմ տեսնելու Քննչականը». առավոտից Երևանի քննչական վարչություն են հրավիրվել 9 հոգևորականներ

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության շենքը, արխիվ

«Առաջին անգամ, այո, պատիվ ունեմ տեսնելու Քննչականը»: Առավոտից Երևանի քննչական վարչություն են հրավիրվել 9 հոգևորականներ՝ Արագածոտնի թեմից և Մայր Աթոռի միաբաններից Մուշեղ սրբազանն ու հայր Ռուբենը, վերջինս տեղյակ չէր, թե ինչու են իրենով հետաքրքրվել իրավապահները:

«15 տարի աշխատել եմ քրեակատարողական հիմնարկներում՝ որպես պատասխանատու հոգևոր ծառայության», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

«Հայր Ռուբենի ներկայությունը կամ նրա հարցաքննությունը մեզ համար անակնկալ էր, որովհետև որևէ կերպ առնչություն չենք կարողանում գտնել; Այնուամենայնիվ, քիչ անց կմտնենք՝ մեզ րոպեներ են մնացել, կմտնենք քննչական մարմին և կհասկանանք, թե ինչու են էսպես նորից անհարմարություններ ստեղծում մեր հոգևորականների համար», - ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

Ֆարմանյանն է հայր Ռուբենի շահերի ներկայացուցիչը: Ենթադրություն է, որ հարցաքննությունը Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցի հետքերով հարուցված քրեական գործին է վերաբերում. այդտեղ հնչում է Կաթողիկոսի անունը՝ ընդդիմության ցույցերին մասնակցելու պարտադրանքի համատեքստում:

Ռուբեն վարդապետը շեշտեց՝ ինքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայեցակարգային բաժնի պատասխանատուն է, վարդապետական հարցեր են մշակում: Նա բացասական պատասխան տվեց հարցին, թե որևէ քահանայի հորդորե՞լ է մասնակցել ընդդիմության ցույցերին:

Շուրջ մեկ ամիս առաջ է քրեական վարույթ նախաձեռնվել հավաքներին մասնակցելու հարկադրանքի հոդվածով. Նաթան արքեպիսկոպոսը Քննչական կոմիտե ավելի վաղ հրավիրվել ու հարցաքննվել էր:

Մայր Աթոռի շահերի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի տպավորությամբ՝ քննչական մարմինն այդտեղ հաջողության չի հասել, ու հիմա այլ՝ խտրականության հանցակազմի ուղղությամբ են ծավալվում: Այսօր հոգևորականներին կարգալուծության վերաբերյալ են հարցեր տվել՝ արդյո՞ք քահանաները կարգից զրկվում են սեփական հայացքների համար:

«Մասնավորապես, որքանով հասկացել ենք, իրենց հետաքրքրում է, թե արդյո՞ք նախկին Տեր Արամի, այսինքն՝ ներկայիս Ստեփանա Ասատրյանի, և մյուս հոգևորականի մասով խտրական վերաբերմունք չի դրսևորվել», - ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը:

Ըստ Զոհրաբյանի՝ սա ակնհայտ միջամտություն է եկեղեցու ինքնակառավարմանը. - «Այսօր քննչական մարմինը խցկվում է՝ բառիս էն բուն իմաստով, եկեղեցու ներքին ինքնակառավարման դաշտ, որի իրավունքը չունի; Եթե այդ խտրականության հոդվածը դիտարկենք Քրեական օրենսգրքի, դա ասում է՝ տարբերակված վերաբերմունքը,որը պայմանավորված է, օրինակ, սեռով և այլ հանգամանքներով, քաղաքական հայացքներով և այլ հանգամանքներով: Հիմա տեսեք ինչ է ստացվում՝ եկեղեցում, օրինակ, կինը չի կարող դառնալ եպիսկոպոս՝ դա լ է խտրական վերաբերմունք, եթե էդպես նայենք, կամ սուրբ հաղորդություն չի կարող ստանալ չմկրտված անձը, հիմա եթե քննչական մարմնի տրամաբանությամբ գնանք, պետք է բոլոր հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդում սկսվի՞»:

Քննչական հրավիրված բոլոր հոգևորականները վկայի կարգավիճակ ունեն: Մեղադրյալ կա՞, թե՞ ոչ. Մայր Աթոռի ներկայացուցիչը միայն այն գիտի, որ հոգևորական մեղադրյալ չկա: Քննչական կոմիտեից այսօր հրաժարվեցին որևէ տեղեկատվություն տրամադրել: Փաստաբանները վստահ են՝ քննչական մարմինը պարզապես քաղաքական օրակարգ է սպասարկում:

«Սա հակաեկեղեցական այս գործընթացի շրջանակներում է, հոգևորականների նկատմամբ այս ճնշումները բանեցնելու տրամաբանության մեջ է և, բնականաբար, ասում եմ՝ սա ուղիղ խախտում է Սահմանադրության և օրենքի պահանջը, քանի որ ներխուժում է եկեղեցու ինքնակառավարման դաշտ», - պնդեց Արա Զոհրաբյանը:

Փաստաբանը շեշտում է՝ Քննչականը այդպես էլ վարույթ չհարուցեց Նաթան արքեպիսկոպոսի հեռախոսային խոսակցության հանրայնացման փաստով, ա՛յ այստեղ է խտրականությունը, ասում է:

Ընդդիմության ցույցերին մասնակցել հարկադրելու վերաբերյալ քրեական մեկ այլ գործ էլ այժմ կարգալույծ քահանա Տեր Արամի հարցազրույցի հետքերով էր հարուցվել: Տասնյակ քահանաներ էին բերման ենթարկվել, բոլորը՝ դարձյալ Արագածոտնի թեմից: Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Վրթանեսից «Ազատություն»-ը տեղեկացավ՝ այս մի գործով այս ուրբաթ իրեն էլ են կանչել:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտել է եկեղեցու նկատմամբ իրականացվող «ապօրինի ճնշումները». Մայր ԱթոռՏեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով. փաստաբանԿարգալույծ է հռչակվել Տեր Տարոն քահանա Հունանյանը. Մայր Աթոռ«Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը նախ թող քննի իր անդամների կարգապահական հարցերը». Տեր Տարոն քահանաԱրագածոտնի թեմի հոգևորականները հրաժարվում են կիրակի օրը ներկայանալ քննչական մարմինՆաթան արքեպիսկոպոսը հարցաքննվել է ձայնագրությունների գործովՀոգևորականներին գաղտնալսե՞լ են. նոր զարգացումներ Մայր Աթոռի շուրջ, նոր քրեական վարույթ«Կարգալույծը չի կարող կարգալույծ անել, Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհաննավանքում». ՓաշինյանԿարգալույծ արված քահանան հրաժարվում է դուրս գալ Հովհաննավանքից«Նա ո՞նց կարող է որևէ քահանայի կարգալույծ անել». Փաշինյանը որպես հավատացյալ կարգալույծ է հռչակում Ամենայն Հայոց կաթողիկոսինԿարգալույծ է արվել Տեր Արամ քահանա Ասատրյանը