Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը Բաքուն ապացուցված համարեց

Լուսանկարը՝ ադրբեջանական լրատվամիջոցներից

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս յոթ հայերի մեղքն ադրբեջանցի պետական մեղադրողն այսօր ապացուցված է համարել: Դատելով հրապարակված լուսանկարից, 15 գերեվարված հայերը, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարները, ապակեպատ խցում հոտնկայս լսել են Ադրբեջանի գլխավոր դատախազի առաջին օգնական Վյուսալ Ալիևի մեղադրական ճառը:

Բաքվի զինվորական դատարանում Ալիևը հայտարարել է, թե մեղադրյալներին վերագրվում են հանցագործություններ, որոնք իրականացվել են 1988 թվականից մինչև 2023-ի սեպտեմբերի 20-ը, այսինքն` Ղարաբաղյան շարժումից մինչև Արցախի վրա ադրբեջանական հարձակումն ու արցախահայերի էթնիկ զտումը: Մեղադրող դատախազը պնդել է, թե մեղադրյալներն անուղղակի մասնակցություն են ունեցել Ադրբեջանի դեմ ուղղված հանցագործություններին:

«Հարցաքննվել են մեղադրյալները, տուժածներն ու վկաները: Իբրև մեղադրող կողմ` մենք կարծում ենք, որ մեղադրյալների մեղքը հիմնավորված է ապացույցներով», - իր մեղադրական ճառում ասել է մեղադրող դատախազը` ընդգծելով, թե շուրջ մեկ տարի տևած դատաքննության ընթացքում մոտ 100 նիստ են գումարել:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանը մեղադրում է պատերազմ սկսելու և իրականացնելու, ցեղասպանության, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման և այլ ծանր հանցագործությունների մեջ:

Մեղադրող դատախազը նաև պնդել է, թե դատարանի առջև այսօր կանգնած են բազմաթիվ հանցագործություններ իրականացրած անձանց ընդամենը մի մասը՝ ակնարկելով նաև այլ մեղավորների առկայության մասին:

Բաքուն այս գործի շրջանակներում դատելով 15 հայերին՝ պարբերաբար շեշտում է, թե Ադրբեջանի դեմ պատերազմի ընթացքում կատարված բազմաթիվ հանցագործությունները իրականացրել է Հայաստանի Հանրապետությունը՝ մի քանի տասնյակ անձանց ղեկավարությամմբ և անուղղակի մասնակցությամբ: Ադրբեջանական ցանկում են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարարներ Վազգեն Մանուկյանը, Վազգեն Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, Հայաստանի և Արցախի Ազգային հերոս, Արցախյան ազատամարտի հրամանատարներից Մոնթե Մելքոնյանը և այլ անձինք:

«Ադրբեջանը ե՞րբ կուզի, որ հայը լավ լինի». - դատավարությանը սրտի դողով հետևող՝ գերիներից մեկի հարազատը հարց է տալիս՝ ինչպե՞ս է Ադրբեջանը ապացուցված համարում ներկայացված մեղադրանքները, ներառյալ՝ ցեղասպանության և ահաբեկչության մասով, ապա ինքն էլ տալիս է հարցի պատասխանը՝ անպաշտպան հայերին Ադրբեջանը ցանկացած մեղադրանք կարող է ներկայացնել. - «Էդ մարդկանց կյանքը ներկա պահին իրանց ձեռին ա, կուզի կդնի մարդասպան, կուզի կդնի եսիմ ինչ, ամեն ինչ, որովհետև իրանց ձեռքին ա իրանց կյանքը՝ էդ 23 հոգունը, այս պահին, դրա համար էլ մեղադրում ա ամեն ինչի, քանի որ անպաշտպան, անտեր մարդիկ են էնտեղ»:

«Հույսով են, որ մինչև Նոր տարի կգան»

Չնայած Բաքվի զինվորական դատարանի առջև կանգնած 15 հայերը մեղադրվում են տասնյակ ծանր հանցագործությունների մեջ, սակայն նրանք հույսը չեն կորցնում, որ ի վերջո հայրենիք կկարողանան վերադառնալ: Համենայն դեպս, Ադրբեջանի իշխանությունների միջնորդությամբ ու վերահսկողությամբ հարազտաների հետ կազմակերպվող հեռախոսազրույցների ընթացքում նրանք հույս են հայտնում, որ գուցե Նոր տարին ոչ թե Բաքվի բանտերում, այլ տանը՝ հարազատների հետ անցկացնեն:

«Հույս ունեն, որ շուտով կգան՝ մինչև Նոր տարին, այ տենց իրանք հույսով են, որ մինչև Նոր տարի իրանք կգան: Թե ինչի հիմա վրա, ես դա չեմ կարում հասկանամ: Ուրախ եմ, որ էդ հույսին են, տա Աստված՝ իրանց էդ մտքերում ինչ կա՝ իրականան, բայց իրանց ձեռն ա, նորից եմ ասում, կուզեն՝ բաց կթողնեն, կուզեն սրով կտան, ասեն՝ «գնացեք նստեք», - ասաց գերու հարազատը:

2023-ին Արցախի վրա ադրբեջանական հարձակումից ու Արցախի ժողովրդի էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարեց 16 հայերի, 8-ը ռազմաքաղաքական ղեկավարներն են, նրանց թվում է նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որի դատավարությունն առանձին է ընթանում: Մյուս 8-ը ռազմական գործողությունների հետևանքով գերեվարվածներն են:

2020-ի 44-օրյա պատերազմի ու Արցախի շրջափակման ընթացքում ժամանակ գերեվարված ու արդեն տարբեր պատժաչափերով դատապարտված հայերի թիվը 7-ն է:

Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանում հաստատված 23 հայ գերիներ են պահվում: Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակի փակումից հետո հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ: Նրանց պահման պայմանների և առողջական վիճակի մասին որևէ անաչառ տեղեկություն ստանալ հարազատներին չի հաջողվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը Բաքուն ապացուցված համարեցԲաքվի կեղծ դատաքննությունը ցույց տվեց, որ հայ գերիները կապ չունեն անգամ ադրբեջանցիների ցուցմունքների հետ. ՍահակյանԱրայիկ Հարությունյանի անձնագիրը՝ Բաքվի դատարանում քննության առարկաՌուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբանի ծառայություններիցՀայ գերիների հարցով միջազգային արձագանքը բավարար չէ. Սիրանուշ Սահակյան«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ներկա են լինում հայերի դատերին, երբ Ադրբեջանն է դա թույլ տալիս». իրավապաշտպան