Արցախի թեմական խորհրդում անակնկալ է եղել վարչապետի հետ հանդիպած Վրթանես սրբազանի քայլը

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր հայտարարությամբ ոչ թե մեղմեց արցախցիների զայրույթը, այլ ավելի բորբոքեց, «Ազատությանն» ասաց թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Ինքը ներողություն չի խնդրել, որն էլ ավելի է վրդովվեցրել», - ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը:

Վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո թեմական խորհրդի անդամները հորդորել էին, որ հոգևոր առաջնորդը հայտարարություն անի ու ներողություն խնդրի իր բռնագաղթյալ ժողովրդից։ Հայտարարությունն արեց, բայց ներողություն չխնդրեց: Վրթանես սրբազանը պարզաբանեց, թե Փաշինյանին հանդիպել է՝ որպես Մայր Աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ և այդ հանդիպումն առնչություն չունի Արցախի խնդրի ու արցախցիներին հուզող հարցերի հետ։

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը գրել է. «Եղել եմ, կամ և միշտ լինելու եմ իմ հոտի կողքին՝ իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում։ Ես հավատարիմ եմ իմ առաջնորդական ուխտին արցախահայության հանդեպ և հավատում եմ, որ Ամենազոր Աստծու ողորմածությամբ, մեր հայրենակիցների միասնական անկոտրում կամքով, Արցախի պետական, հասարակական իմաստուն այրերի համախոհությամբ կիրականացնենք մեր բաղձալի երազանքները»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսների հետ

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն էլ էր այն 8 եպիսկոպոսների խմբում, որ նոյեմբերի 28-ին կառավարությունում հանդիպեց Նիկոլ Փաշինյանին: «Ինչպես է Արցախի թեմի առաջնորդը սեղմում Արցախի էջը փակած Փաշինյանի ձեռքը»,- սոցիալական ցանցերում զայրացած գրում էին մարդիկ, որ անակնկալի էին եկել՝ Արցախի հոգևոր առաջնորդին այդ խմբում տեսնելով: Արցախի թեմական խորհուրդը չի կիսում թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կեցվածքն ու դիրքորոշումը, իր տեսակետը կրկնեց թեմական խորհրդի ատենապետը՝ ընդգծելով. «Կան քննարկումներ, առաջիկայում դիրքորոշումների մասին նկատի կունենաք»:

Թեմում կա՞ն մարդիկ, որ Վրթանես արքեպիսկոպոսի կողմից են, Լեռնիկ Հովհաննիսյանը հրաժարվեց հարցին ուղիղ պատասխանել: Ասաց՝ խորհրդի անդամների հետ, որ սփռված են տարբեր երկրներում, քննարկումները շարունակվում են, առաջիկայում հայտարարություն էլ կլինի:

Արցախի թեմական խորհրդում էլ անակնկալ է եղել Վրթանես սրբազանի քայլը: Հնարավո՞ր է՝ թեմական խորհուրդը հոգևոր առաջնորդին փոխելու հարց առաջ քաշի, ատենապետն «Ազատությանն» ասաց՝ դա Հայ Առաքելական եկեղեցու ներքին հարցն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարդապետաց դասը հորդորում է «չգայթակղվել և չտրտմել հալածանքներից, չօտարանալ»

Վրթանես սրբազանի հրաժարականի ու ներողություն խնդրելու պահանջով նախօրեին արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն էր ակցիա կազմակերպել առաջնորադարանի մոտ: Փաշինյանին հանդիպած հոգևոր առաջնորդը ո՛չ նրանց ընդունեց, ո՛չ էլ զանգերին պատասխանեց: Ակցիային մեծ թվով մարդիկ էլ չէին մասնակցել, սա բարկացրել էր արցախցի փաստաբանին: «Ֆեյսբուքում գրում, անիծում, քննադատում են, բայց բացատրություն պահանջելու համար քայլ չեն անում»,- զայրանում էր փաստաբանը.

«Ձեր հոգևոր առաջնորդը, մեր բոլորիս արցախցիների հոգևոր առաջնորդը գնում է ձեռք սեղմում, գնում խոնարհվում այն մարդու առջև, ով Արցախը հանձնել է, ով Արցախը համարում է Ադրբեջան, ով Արցախի էջը համարում է փակված, ով Մինսկի խումբ է լուծարում, ով մեր եկեղեցու նկատմամբ արշավ է սկսում, այդ մարդու հետ գնում է ձեռք է սեղմում ու մենք սուս նստել ենք, ասում ենք ՝ նորմալ է», - ասում է փաստաբան Ռոման Երիցյանը:

Արցախի օմբուդսմենի կարծիքով պետք է հոգևոր առաջնորդին փոխելու հարց բարձրացնի թեմական խորհուրդը: Գեղամ Ստեփանյանին վիրավորել է այն, որ Արցախի թեմի առաջնորդը միացել է կաթողիկոսի դեմ պայքարին:

Ստեփանյանի խոսքով. «Ի վերջո պետք է հասկանալ, որ խնդիրը միայն հանդիպումը չէ, խնդիրը նաև եկեղեցու դեմ դուրս գալն է: Այսինքն՝ արցախցիները նույն Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներն են, որոնց համար հոգևոր կենտրոնը Մայր Աթոռն է, և այդ քայլը նաև շատ ծանր է դիտվում արցախցիների շրջանում այն առումով, որ, փաստորեն, 10 եպիսկոպոսները, որոնք դուրս են եկել Մայթ Աթոռի կամ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ, ըստ էության, նրանց մեջ է նաև Արցախի թեմի առաջնորդը»:

Արդյոք Վրթանես սրբազանը կշարունակի ղեկավարել Արցախի թեմը. նա հայտարարությունում հեռանալու մասին ոչ մի ակնարկ չի արել: Վրթանես եպիսկոպոսին լսել չհաջողվեց. նա մեր զանգերին չպատասխանեց: