Ազգային ժողովի աշխատակազմից մերժել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խնդրանքը՝ ծանոթանալու 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Խորհրդարանից հիմնավորել են, թե զեկույցը չի կարող հասանելի լինել Տոնոյանին, քանի որ այն իրավական կարգավիճակ չունի։
Այս պատասխանից հետո, սակայն, նախկին նախարարը, խորհրդակցելով փաստաբանների հետ, նույն խնդրանքով դարձյալ դիմել է խորհրդարանի նախագահին։ Նրա փաստաբան Անդրանիկ Մանուկյանը պնդում է՝ ԱԺ կանանոնակարգ-օրենքով Տոնոյանն իրավունք ունի ծանոթանալու ոչ միայն փաստաթղթին, այլև իր հարցաքննության արձանագրություններին։
«Ինքը՝ որպես հանձնաժողովի աշխատանքներին մասնակցած անձ, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ծանոթանալու այդ փաստաթղթին և դրա վերաբերյալ հայտնելու դիրքորոշում», - ասաց Մանուկյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 44-օրյայի զեկույցն ուղարկվել է գաղտնի բաժին. հանրությանն այն հասանելի չի լինի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փաշինյանին մաքրագործել և հրեշտակի թևեր հագցնել չի հաջողվել». ի՞նչ է կարդացել Գեղամ Մանուկյանը 44-օրյա պատերազմի զեկույցումԱվելի քան երեք տարի առաջ ստեղծված հանձնաժողովը աշխատանքն ավարտել էր այս սեպտեմբերին, բայց զեկույցը հանրությանն այդպես էլ հասանելի չդարձավ, ծավալուն փաստաթուղթն ուղարկվեց խորհրդարանի գաղտնի փաստաթղերի բաժին:
Ազգային ժողովի նախագահը հայտնել էր, որ 44-օրյայի հանգամանքների վերաբերյալ զեկույցն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ չի կարող մտնել, քանի որ հանձաժողովի ժամկետը լրացել է։ Ըստ Ազգային ժողովի աշխատակազմի՝ հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել էր դեռ 2023-ի նոյեմբերին:
Այսօր խորհրդարանից «Ազատությանը» հայտնեցին, որ ստացել են Դավիթ Տոնոյանի գրությունը, փոխանցել են համապատասխան բաժնին. այն ուսումնասիրելուց հետո պատասխան գրություն կուղարկեն նախկին նախարարին։
2018-ից 2020 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով էր հրավիրվել 2023-ի օգոստոսի 1-ին և 2-ին։ Սակայն հարցաքննության մի մասն էր հրապարակային։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՆ-ն չի կանխատեսել, որ Թուրքիայի ԶՈւ-ն ևս ուղիղ ներգրավված կլինեն Արցախի դեմ պատերազմում. Տոնոյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տոնոյանը քննիչ հանձնաժողովի փակ նիստում շարունակում է պատասխանել պատգամավորների հարցերինՆա մի շարք ուշագրավ հայտարարություններ էր արել, ասել, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի կանխատեսել, որ Թուրքիայի զինված ուժերը կարող են հայտնվել պատերազմական գործողություններից ընդամենը 25-ից 45 կիլոմետր հեռավորության վրա, հաստատել Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, թե ինքը պատերազմի 3-րդ օրն Անվտանգության խորհրդի նիստին պնդել է՝ այն անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով, քանի որ Հայաստանի զինված ուժերը ունակ չեն կանգնեցնել թշնամու ագրեսիան։ Պնդել՝ այն պահին, երբ ստանձնել է նախարարի պաշտոնը, գնահատական է եղել, որ Հայաստանի զինված ուժերը պատրաստ են եղել իրենցից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայել։
Տոնոյանը նաև ասել էր, թե մինչ 44-օրյան իրավիճակը գնահատել են սպառնալի, սակայն տեղեկություն չեն ունեցել Ադրբեջանի հարձակման մասին։ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարության հեղինակ Տոնոյանը նաև նշել էր, թե իրեն է պատասխանատու համարում, որ չի կարողացել կանխել պատերազմն ու հետո էլ դադարեցնել։
Արդյոք նախկին նախարարը մտահոգություններ ունի՞ զեկույցում արտահայտված եզրակացությունների վերաբերյալ, որ ցանկանում է ծանոթանալ դրանց ու պարզաբանումներ տալ, նրա փաստաբան Անդրանիկ Մանուկյանն ասաց. «Մտահոգություններ ունի, թե ոչ, կամ ինչ նկատառումներ կան, այդ բոլոր հարցերին հնարավոր կլինի պատասխանել, երբ պարոն Տոնոյանը այդ զեկույցին ծանոթանա»:
Դավիթ Տոնոյանն անցնում է «անպիտան հրթիռներ» անունը ստացած գործով, մեղադրվում շուրջ չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար։ Նախկին նախարարը հերքում է մեղադրանքը։