Ստեղծվել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը. կղեկավարի Սոնատա Քալթերը

Հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը սկսել են աշխատել՝ վաշինգտոնյան համաձայնագրերի իրագործման ու «Թրամփի ուղու» զարգացման համար: Այդ մասին հայտնի է դառնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի և վարչապետ Փաշինյանի այսօրվա հանդիպման մասին կառավարության տարածած հաղորդագրությունից:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ամերիկյան կողմից աշխատանքային խումբը կգլխավորի պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերը, որը վերահսկում է Ռուսաստանի և Կենտրոնական Եվրոպայի քաղաքականությունը:

Ավելի վաղ Քալթերը զբաղեցրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդականի տեղակալի պաշտոնը:

Պետդեպից հոկտեմբերին հայտնել էին, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ առաջին աշխատանքային խմբերը ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի հետ: Հայտնի չէ, թե արդյոք ստեղծվել է նաև ամերիկա-ադրբեջանական աշխատանքային խումբը:

Էլիսոն Հուքերը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում շեշտել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, զուգորդված Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ, խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։

Նրա համոզմամբ՝ սա կստեղծի նշանակալի օգուտներ և՛ ամերիկացի, և՛ հայ ժողովուրդների համար:

Փաշինյանն ու Հուքերը քննարկել են վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, TRIPP նախագծի իրականացմանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։

Վարչապետը, իր հերթին, շեշտել է, որ վերջին ժամանակահատվածում երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացել է նոր մակարդակի։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ–ի հետ գործընկերությունը նորովի է ընկալվում ինչպես Կառավարության, այնպես էլ հայ հանրության շրջանում։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իմպլեմենտացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը՝ նախատեսված ժամանակացույցի համապատասխան։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Երևան է այցելել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի կողմից օգոստոսյան հանդիպումների ժամանակ սահմանված տեսլականն առաջ մղելու համար։ Էլիսոն Հուքերը նշել է, որ Երևան է այցելել քննարկելու առևտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցերը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Վաշինգտոնը քննարկում են TRIPP ուղու կառուցման իրավունքի երկու սցենար՝ 99 և 49 տարի. Փաշինյան


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնարավոր է արտահերթ սահմանազատում TRIPP-ի համար. Թրամփի ուղու շինարարությունը «կսկսվի 2026-ի երկրորդ կեսին»