Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները հակադարձում են Ադրբեջանի արտգործնախարարին՝ պնդելով, թե Ջեյհուն Բայրամովը ճիշտ չի ասում, երբ հայտարարում է, որ Հայաստանն է հրաժարվել բանակցային գործընթացից և սադրիչ գործողություններով ի վերջո պատերազմ հրահրել:
«Ես համաձայն չեմ նրանց վկայակոչած փաստերի հետ, որովհետև այդ փաստերը ճիշտ չեն», - հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Համաձայն չեմ, որովհետև Հայաստանը ելքեր էր փնտրում հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար», - իր հերթին, ասաց Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն օրերս ծավալուն հարցազրույցում պնդել էր՝ Հայաստանի վարչապետը տապալել է բանակցային գործընթացը՝ առաջարկելով Բաքվին բանակցել Արցախի հետ: Բայրամովը նաև մատնանշել էր, իր բնորոշմամբ, այն «սադրիչ» քայլերը, որոնք հանգեցրին պատերազմի. պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունները, 2020-ի հուլիսյան մարտերից հետո զինծառայողների ցուցադրական պարգևատումը և այլն:
«Անմիջապես այդ մարտերից հետո Փաշինյանը ցուցադրաբար պարգևատրեց այդ սադրանքներին մասնակցած զինծառայողներին, այդ թվում նրանց, ովքեր մասնակից էին եղել գեներալ Փոլադ Հաշիմովի սպանությանը», - ասել էր Բայրամովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն». Բայրամովը պատմել է, թե ինչպես Փաշինյանը մերժեց բանակցել, և ինչպես սկսվեց պատերազմըՕրերս իրենց հարցազրույցներում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները նույնպես հայտարարել էին, որ 44-օրյա պատերազմի պատճառներից մեկը Փաշինյանի կողմից բանակցություններից հրաժարվելն էր: Սարգսյանի և Քոչարյանի համոզմամբ՝ Փաշինյանն իր անհեռատես գործողություններով պատերազմ է հրահրել:
Նաև այս հանգամանքը հաշվի առնելով` խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն այսօր հատուկ հակադարձում էր ոչ միայն Ջեյհուն Բայրամովին, այլև Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, չմոռանալով նաև առաջին նախագահին:
«Առաջինն, իհարկե, բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը: Մենք տեսանք՝ Տավուշում իրադարձությունները ինչի բերեցին, և պատճառներից մեկն էլ դա էր՝ արդարացուցիչ պատճառներից մեկը դա էր, Ադրբեջանի համար նկատի ունեմ», - մասնավորապես ասել էր Սերժ Սարգսյանը:
«Առաջին հերթին դա բանակցային գործընթացի ձախողումն էր, և այդ ձախողումը եղավ Հայաստանի նախաձեռնությամբ, Հայաստանը հրաժարվեց բանակցել», - ասել էր Ռոբերտ Քոչարյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մինչև տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն. ՓաշինյանԻնչո՞ւ սկսվեց 44-օրյա պատերազմը. Սարգսյանի 7 ժամանոց գիշերային հարցազրույցն ու Փաշինյանի վաղորդյան 10 ստատուսները«Ադրբեջանի արտգործնախարարը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահրել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը: Ես համաձայն չեմ Ջեյհուն Բայրամովի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ», - այսօր հակադարձեց Ռուբեն Ռուբինյանը:
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, որը Բաքուն սադրիչ էր որակել, ապա Ռուբինյանը հիշեցնում է՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ ժամանակին նման հայտարարություն է արել:
«Ռոբերտ Քոչարյանը ասել է՝ Արցախը, Ղարաբաղը 88 թվականից մինչ օրս Հայաստանի մաս է, ըստ Ռոբերտ Քոչարյանի և իր գործընկերների տրամաբանության՝ ինքը պատերա՞զմ է հրահրել», - նշեց խորհրդարանի փոխխոսնակը:
Ազգային ժողովի փոխնախագահը 44-օրյա պատերազմի պատճառների իր բացատրությունն ուներ՝ նախկին նախագահների պաշտոնավարման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսն այնքան էր խախտվել, որ Բաքվին զսպող որևէ հանգամանք այլևս չկար:
«Պետք էր այ էդ տարիները օգտագործել Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնելու համար, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, և էսպես շարունակ: Այ դա է պատճառը եղել 44-օրյա պատերազմի. Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում աճել է երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները: Այ դա է նպաստել պատերազմի սկզբին», - հայտարարեց Ռուբինյանը:
Պաշտոնական Երևանը ոչ վարչապետի և ոչ էլ Արտգործնախարարության մակարդակով առայժմ չի արձագանքել բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքներին:
«Հայաստանը համանախագահների ոչ մի առաջարկ չի մերժել»
Առայժմ ՔՊ-ական պատգամավորների մակարդակով է իշխանությունը հերքում հնչող քննադատությունները, այդ թվում՝ որ Հայաստանը հրաժարվել է 2019-ի ամռանը համանախագահների ներկայացրած կարգավորման առաջարկներից:
«Ամբողջ բանակցային գործընթացի պատմության մեջ առաջին անգամ կոնֆլիկտի կողմերից մեկը հրաժարվել է ընդհանրապես քննարկել ներկայացված փաստաթուղթը: Դա ներկայացվել էր ամռանը 19 թվականին: Ինչ էր ասում այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ սկսելու ենք զրոյական կետից, և թող բանակցեն Ղարաբաղի հետ», - հարցազրույցում ասել էր Հայաստանի երկրորդ նախագահը՝ հավելելով. - «Երբ չկան բանակցություններ, ուրեմն՝ կողմերից մեկը, որը դժգոհ է ներկա իրավիճակից, պետք է սկսի պատրաստվել պատերազմի»:
«Ներողություն, 2019 թվականին ինչ-որ առաջարկ է եղել, որին Ադրբեջանը համաձայնվել է, իսկ Հայաստանը չի համաձայնվե՞լ: 2019 թվականին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնվել է, և Հայաստանը չի համաձայնվել: Հայաստանը որևէ առաջարկ չի մերժել», - այսօր պնդեց Ռուբեն Ռուբինյանը:
Այն, որ 2019-ին համանախագահները կարգավորման առաջարկ են ներկայացրել Հայաստանի վարչապետին, Նիկոլ Փաշինյանը խոստովանեց այս տարվա փետրվարին խորհրդարանում, թեև 2019-ի դեկտեմբերին հակառակն էր պնդում:
«Նախ ասեմ, որ քննարկվող փաստաթուղթ սեղանի վրա չկա», - այն ժամանակ հայտարարել էր Փաշինյանը:
Մինչդեռ տարիներ անց նա հայտարարեց. - «Բանակցությունների սեղանին միշտ թուղթ ա եղել, տենց բան չի էղել, տենց մի օր չի էղել, որ բանակցությունների սեղանը առանց թղթի լինի, միշտ ինչ-որ թուղթ դրած ա էղել»:
«Այն, որ Հայաստանի կառավարիչներին համանախագահները նոր առաջարկ են տվել, նոր փաստաթուղթ են տվել, հանրությունից թաքցվում էր», - պնդում է Հայաստանի երրորդ նախագահը:
Չնայած ընդդիմության պարբերական կոչերին՝ հրապարակել 2019 թվականի հունիսին բանակցային սեղանին դրված, ինչպես նաև հակամարտության կարգավորմանը վերաբերող մյուս բոլոր պաշտոնական առաջարկները, Փաշինյանը շարունակ պնդում էր, թե դրանք ցաքուցրիվ են և դեռ պետք է ի մի բերվեն:
«Կարողացանք կորզել խոստում». Սերժ Սարգսյան
Միայն օրերս, արձագանքելով Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանը խոստացավ մինչև տարվերջ հրապարակել 2019-ի բանակցային փաստաթղթերը՝ ասելով, որ այժմ դրանք սքանավորման փուլում են:
Սերժ Սարգսյանն այսօր իր գործով դատական նիստից առաջ կարևոր համարեց հանրությունից թաքցրած 2019-ի կարգավորման առաջարկները վերջապես հրապարակելու Փաշինյանի խոստումը:
«Կարևորը էն ա, որ կարողացանք կորզել գոնե խոստում՝ բանակցային փաստաթղթերը հրապարակելու: Տեսնենք», - հայտարարեց նախկին նախագահը:
Իշխանության այն քննադատությանը, թե Ադրբեջանի արտգործնախարարն ու Հայաստանի նախկին նախագահները նույնաբովանդակ մեղադրանքներ են հնչեցնում վարչապետի հասցեին, Սարգսյանը կարճ արձագանքեց. - «Պետք չէ սեփական անճարակությունը ուրիշներին վերագրել»: