Բելգիան կրկին քննադատել է ռուսական սառեցված ակտիվները որպես վարկ Ուկրաինային փոխանցելու առաջարկը

Բելգիան կրկին քննադատել է ռուսական սառեցված ակտիվները որպես վարկ Ուկրաինային փոխանցելու առաջարկը, որը Եվրահանձնաժողովը ներկայացնելու է այսօր։ Արտգործնախարար Մաքսիմ Պրևոն հայտարարել է, թե Բրյուսելի մտահոգությունները չեն փարատվել:

«Տպավորություն է, որ մեզ չեն լսում։ Անընդունելի է օգտագործել այդ գումարը և մեզ մենակ թողնել ռիսկերի առջև», - ասել է նա՝ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից առաջ։

Բելգիան, որտեղ պահվում է ռուսական շուրջ 140 միլիարդ եվրո ակտիվների մեծ մասը, կոչ է անում ԵՄ անդամ երկրներին հստակ երաշխիքներ տալ, որ պատրաստ են Ռուսաստանի կողմից դատական հայցերի դեպքում հնարավոր ծախսերը հոգալ, իսկ հօգուտ Մոկսվայի վճռի դեպքում՝ անհրաժեշտ գումարը հավաքել ու վերադարձնել։

Եվրահանձնաժողովը, մինչդեռ, պնդում է, թե առաջարկն օրինական է․ ըստ այդ ծրագրի՝ գումարը տրամադրվելու է որպես վարկ, որը Ուկրաինան պետք է մարի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը փոխհատուցի պատերազմի ընթացքում պատճառված վնասների համար։ Բելգիան մինչև օրս արգելափակել է որոշման ընդունումը։ Ակնկալվում է, որ Եվրամիության առաջնորդները կրկին կքննարկեն այս հարցը այս ամիս կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։