Բեռնափոխադրողները՝ Պապոյանին․ ինչո՞ւ է Վրաստանը դեռ ստուգում իր տարածքով Ռուսաստան հասնող հայկական կոնյակի որակը

Արխիվային լուսանկար

Բեռնափոխադրողների ու կոնյակագործների խոսքով՝ իրենց մեքենաները դեռ կանգնած են վրացական անցակետում․ միայն ստուգման ժամկետներն են կրճատվել՝ մոտ 30 օրից դառնալով 10–15 օր, սակայն խնդրի պատճառները դեռ անհայտ են մնում, ընկերություններն էլ շարունակում են ֆինանսական կորուստներ կրել:

«Փորձաքննության տարված մեքենաներն են հայկական կոնյակով, որ Գեզիում կանգնած են 300 հատ՝ 10, 15, 20 օրով կանգնում են: 56 հատ թողեցին: Մինչև պարոն Պապոյանի էս հայտարարությունը հրապարակելը մենք գիտեինք, որ մեքենա են թողում, վարորդներից, ասում էին՝ «համարները ասենք, տեսեք ում մեքենան ա, կարաք դուրս գաք տանից, գաք ձեր մեքենան վերցնեք»: Մենք ավելի շուտ ենք իմանում, պարոն Պապոյան, Դուք ավելի լուրջ հարցեր լուծեք». - Հայաստանից Ռուսաստան ու եվրոպական երկրներ կոնյակ տեղափոխող բեռնատարի վարորդն է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան երեկվա գրառմանն արձագանքում:

«Սիրելի կոնյակագործներ, այս 56 բեռնատարները կարող են Գեզի տերմինալից շարժվել Վերին Լարս», - գրել է նախարարը:

Կոնյակ արտադրող ու արտահանող հայկական 10 ընկերությունների անուններ էր նշել էկոնոմիկայի նախարարը: Նրանց բեռնատարները շուրջ երկու շաբաթ կանգնած են եղել վրացական Գեզի տերմինալում, մինչև Ռուսաստան ու Բելառուս տեղափոխվող խմիչքի որակի ստուգման պատասխանները պատրաստ կլինեին:

Նախարարի նշած 56 բեռնատարներից 6-ում «Արկոն Թրեյդ» ընկերության կոնյակն է: Ընկերության տնօրեն Սուրեն Սարգսյանն «Ազատությանն» ասաց՝ մի քանի ամիս առաջ մինչև 30 օր կամ ավելի երկար էին իրենց բեռնատարները Գեզի անցակետում կանգնում, հիմա՝ 10-12 օր: Բայց ժամկետի կրճատումը չէր իրենց պահանջը: Ամռանը օրեր շարունակ բողոքի ակցիաներ էին անում, որ հասկանան՝ ինչո՞ւ է Վրաստանը սկսել դեպի Ռուսաստան կամ Բելառուս արտահանվող հայկական կոնյակի որակը ստուգել, եթե Վրաստանն այս դեպքում պարզապես տարանցիկ երկիր է, այսինքն՝ այդ խմիչքն իրենց երկրում չի վաճառվելու, ուղղակի իրենց տարածքով է անցնում: Անգամ եթե 10-12 օր են մեքենաները կանգնում վրացական անցակետում, միևնույն է, ըստ Սուրեն Սարգսյանի՝ ընկերությունները ֆինանսական կորուստներ են ունենում:

«Այս մեքենաները ավելի ուշ կհասնեն Ռուսաստան, եղանակի բերումով կարող է Լարսը փակվի, կարող է չհասցնենք մինչև Նոր տարի հասնենք վաճառակետերին, հետևաբար՝ այն բոլոր խմբաքանակը, որը չի հասնի ճիշտ ժամանակին վերջնական գնորդին, դրանք կմնան, կկուտակվեն, հունվար-փետրվար ամիսներին վաճառք չենք ունենա», - ընդգծեց Սարգսյանը:

Կոնյակագործներն ու բեռնափոխադրողները Հայաստանի կառավարությունից պահանջում էին վրացի գործընկերներից բացատրություններ ստանալ ու հասնել նրան, որ այդ ստուգումները դադարեցվեն, իսկ եթե որակի ստուգումների կարիք կա, ապա թող դրանք Ռուսաստանում անցկացվեն, որովհետև ռուսական շուկայի համար է այդ ապրանքը:

Բեռնատարներից մեկի վարորդը «Ազատությանը» պատմեց իր ունեցած տեղեկությունը. - «Կոնյակի մասով ոչ մի բան չի փոխվել՝ փող կա, տալիս ես, անցնում ես, էլի: Ամեն մեկը իրա ձևով հարցը լուծում ա՝ էդ ապրանքները անցնում են: Կարան նենց անեն՝ էդ ապրանքը չկանգնի, բայց դա կարող ա ստավկեն շատ բարձր ա, իրանց ձեռ չի տալի: Ապրանքի տերերը էդ հարցերը լուծում են՝ դուրս ա գալի, էլի: Առանց ստավկի ոնց որ ոչ մի բան չի գնում, ոչ մի կոնյակ չի անցնում: Եթե չի կանգնում, ուրեմն ստավկեն մեծ ա: Փողեր ա ֆռռում... »:

Օրերս էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր՝ Թբիլիսիում Վրաստանի գյուղատնտեսության նախարարի հետ քննարկվել են այդ երկրի տարածքով հայկական բրենդի՝ կոնյակ տեղափոխող մեքենաների արագ և անխոչընդոտ անցման ու կոնյակի փորձաքննության արդյունքների փոխադարձ ճանաչման հարցերը: Վրացական կողմի պատասխանի մասին նախարարը ոչինչ չէր գրել:

«Ազատության» հետ զրուցած վարորդն էլ, որ հետագա խնդիրներից խուսափելու համար գերադասում է անանուն մնալ, իր փորձով է պատմում, թե Վրաստանում ինչպես են ստուգվում նույն գործարանի կոնյակը եվրոպական երկրներ ու Ռուսաստան և Բելառուս տեղափոխող բեռնատարները. - «Ես հենց հիմա հայկական կոնյակով գնում եմ Եվրոմիության պետություն, էական չի որ պետություն, Ռուսաստանի տարածքով էլ տարանցիկ եմ անցնում. հինգ րոպեում Վրաստանը ձևակերպել ա, տենաք ինչ զգաստորեն են մոտիկանում էդ փաստաթղթերին, որ տենում են ինքը Եվրոմիություն ա գնում, ու սա առաջինը չի, էլի եմ տարել: Նույն գործարանի մեքենան ինձ հետ բեռնվել ա Ռուսաստան՝ իրան տարել են փորձաքննության, նույն գործարանի կոնյակով Եվրոմիություն գնալուց ինձ թողել են: Ինչի՞ Եվրոմիություն գնացած կոնյակները՝ նույն գործարանների կոնյակներն ա, ինչի՞ չի տանում փորձաքննության, ինչո՞ւ ա միայն Ռուսաստանի ու Բելառուս գնացող գնացող կոնյակները տանում փորձաքննության, վախում ե՞ն Եվրոպայից, հա՞»:

Վարորդները հարցնում են՝ Պապոյանը Թբիլիսում հետաքրքրվե՞լ է՝ վրացի մաքսավորները կաշառք պահանջո՞ւմ են հայաստանցի բեռնափոխադրողներից:

Իսկ ամռանը բողոքի ակցիաների դուրս եկած կոնյակագործներն ամիսներ շարունակ Էկոնոմիկայի նախարարությունից այդպես էլ չեն ստացել հարցի պատասխանը՝ ինչո՞ւ և ինչպե՞ս Վրաստանը որոշեց ստուգել ռուսական շուկա հասնող կոնյակի որակը:

Վարչապետ Փաշինյանն էր ավելի վաղ հենց «հայկական կոնյակ» արտահայտությանն անդրադարձել ու ընդգծել՝ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, այն միայն Ֆրանսիայի Կոնյակ երկրամասում աճեցված խաղողից է ստացվում, հետևաբար՝ հայկական կոնյակ չի կարող լինել: Իսկ խորհրդարանում Հայաստանից արտահանվող ապրանքատեսակների որակին անդրադառնալիս նաև կոնյակից էր խոսել. - «Ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների գոյությունը լծակ ա մեր սուվերենությունը սահմանափակելու: Կներեք, մենք չենք կարա մի ֆուռ չայով գույն տված յաթրջի արաղը, որի անունը դրած ա կոնյակ, բա ի՞նչ անենք, բա սենց էս վիճակից ո՞նց դուրս գանք: Հմի ընտրություն կատարենք դրա միջև՞, թե՞ մեր անկախության միջև, ու գնանք մտածենք, ասենք՝ հա, բայց, այնուամենայնիվ, էկեք մի հատ էլ քննարկենք... ինձ համար տենց քննարկում չկա: Եվ էս ամեն ինչը, էն ինչ որ լսում ենք, կապ ունի էս պրոցեսների հետ»:

Վարչապետի այս արտահայտությունից նեղսրտել էին հատկապես բեռնափոխադրողները, որոնք իրենց փակ խմբերում քննարկում են՝ միգուցե Ռուսաստա՞նը ստուգի իր երկիր մտնող ապրանքի որակը, ոչ թե Վրաստանը, կամ գուցե Հայաստանն արգելի՞ երրորդ երկրներից անորակ սպիրտի ներկրումը, որից էլ հիմնականում հենց այդ ոչ բարձր որակի կոնյակն է ստացվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բեռնատարների հայ վարորդների խնդիրը քաղաքական ենթատեքստ ունի՞․ Միրզոյանի մեկնաբանությունը ԱԺ-ում«Խայտառակ վիճակ է». հայ վարորդները շարունակում են դժգոհել Լարսի հերթերից, նախարարն ասում է՝ գուցե առանձին դեպքեր ենԿոնյակի արտահանման խնդիրն էապես լուծվել է. ՊապոյանՎրացական մաքսակետերում կոռուպցիա՞, թե՞ անհավասար մրցակցություն. փորձագետը՝ կոնյակի արտահանման ու հեղուկ գազի ներկրման խնդիրների մասինՎրաստանում երկարատև ստուգումները շրջանցելու «հստակ մեխանիզմ կա, 1200 դոլարից ա սկսվում»Հայկական կոնյակի արտահանման խնդիրները՝ Վրաստանի սահմանինԿոնյակի արտահանմամբ զբաղվող ընկերություններն ակնկալում են, որ Վրաստանով արտահանման խնդիրն ամբողջությամբ լուծվի