Ազգային ժողովի ՔՊ-ական փոխխոսնակը որոշել է քաղաքականության փոխարեն զբաղվել բիզնեսով: Հակոբ Արշակյանը, որ ՔՊ հիմնադիր անդամներից է, չի առաջադրվել, որ ընդգրկվի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում:
Հանգիստ խղճով է հեռանում ՔՊ-ական պատգամավորը. Հայաստանում, նրա խոսքով, ժողովրդավարություն է հաստատված, կուսակցության համամասնական առայժմ չհաստատված ցուցակն էլ, ասում է՝ լուրջ տեսք ունի, ժամանակն է՝ ինքը գնա արժեք ստեղծելու:
«Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կայացման, ռազմարդյունաբերական ոլորտի կայացման և զարգացման, և ես տեսնում եմ, որ Հայաստանում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիք ունեմ իմ կուտակած փորձով, գիտելիքով, և ես չեմ ցանկանում ավելորդ համեստություն անել, ուզում եմ ասել, որ կարող եմ այդտեղ պետությանն ու ժողովրդին ավելի մեծ ծառայություն մատուցել», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Արշակյանը:
Մոտ 7 տարի պետական համակարգում մի շարք բարձր պաշտոններ զբաղեցնելուց հետո Հակոբ Արշակյանն այսօր հայտարարեց՝ ընտրելու հնարավորություն ունի, թե որտեղ իրեն ավելի արդյունավետ կդրսևորի: Կուսակցությունից դուրս գալու մտադրություն պատգամավորն ասաց՝ չունի, քանի որ այն իր հետագա գործունեությանը չի խանգարելու: Մինչ Արշակյանը փորձում է հիմնավորել իր որոշումը, մամուլը դեռ ամիսներ առաջ է գրել՝ վիրավորված է թիմից, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Արշակյանին սեպտեմբերին տեղի ունեցած կուսակցության համագումարին արգելել էին մասնակցել կուսակցական վճարումներն ուշացնելու համար:
«Ժողովուրդ, լավ, հիմա հո երեխա չենք: Ինչ է նշանակում...ես ձեզ բոլորիդ հրավիրել եմ իմ սենյակ և դրա մասին խոսել ենք, ինչ է նշանակում նեղացվածություն ունես», - ասաց Արշակյանը:
Սեփական բիզնեսն է հիմնելու Հակոբ Արշակյանը, թե՞ աշխատանքի է անցնելու մասնավոր ընկերություններում, պատգամավորն ասաց՝ դեռ չի որոշել:
Նույն՝ բիզնես սկսելու հիմնավորմամբ չի առաջադրվելու նաև ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Լրագրողների հետ զրույցում այսօր պնդեց՝ Հայաստանի համար լավ ժամանակներ են սկսվել:
«Մեր պետությունը պետք է ծաղկի, մարդիկ պետք է լավ աշխատեն: Էս պահին ուզում եմ գնամ հիմա էլ այնտեղ աշխատեմ, պետությունը ծաղկեցնեմ: Որտեղ որ աշխատել եմ 18 թվականից առաջ: Ժողովուրդ ջան, ես հո դպրոցից չեմ հելել, եկել էստեղ կամ չգիտեմ... փողոցից եմ եկել....կենսագրությունս չեք նայում: Ես իմ կյանքում 16 տարեկանից աշխատել եմ մինչև էսօր», - ասաց ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Մինչ 2018 թվականը Քրիստինե Պողոսյանը արծաթյա զարդերի խանութ է ունեցել, այսօր պնդեց, թե ինքը 2018-ից առաջ ավելի շատ էր վաստակում: Հիմա էլ բիզնես ծրագրեր ունի, բայց պատգամավորական գործունեության հետ անհամատեղելիության հարց կա, ու ինքն ընտրությունը բիզնեսի օգտին է կատարել:
Պողոսյանի խոսքով.- «Հիմա ես ուզում եմ իմ ընտանիքի համար ավելի լավ ժամանակներ բերեմ: Ինչ մեղք ունեն իմ երեխաները»:
Թե ինչով կզբաղվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայրը, դեռ հայտնի չէ, բայց Հրաչյա Հակոբյանը ևս լքում է ակտիվ քաղաքականությունը: Հստակ է նաև այն, որ մասնագիտությամբ դերասան Հակոբյանը նկարահանման հրապարակ չի վերադառանա: Ինչո՞ւ չի առաջադրվում. պատգամավորը նախ ասաց՝ պարզապես ցանկություն չունի, հետո չհերքեց՝ որոշման վրա ազդել է վարչապետի ընտանիքի հետ ազգակցական կապը: Իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր նշեց.
«Ինչու չէ, նաև բացի այն, որ ես ուզում եմ մի փոքր չզբաղվեմ ոչ շատ ակտիվ քաղաքական գործունեությամբ, կարելի է նաև դիտարկել, որ սա էլ ևս մի փոքիկ էլեմենտ է այդ ԽԾԲ-ի վերաբերմունքին»:
Չեն առաջադրվել նաև պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Լենա Նազարյանը, թե ինչու, նրանք պատճառներից դեռ չեն խոսել:
«Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակում ընդգրվելու համար կուսակցությունը 380 դիմում է ստացել, որից մոտ 40-ը ներկայացրել են անկուսակցականներ: Թե քանիսի թեկնածությունը վարչությունը կհաստատի, պարզ կդառնա տարեվերջին: Հաստատված թեկնածուները պետք է նաև ֆինանսական ներդրում անեն՝ կուսակցականները կես միլիոն, անկուսակցականները՝ 1.5 միլիոն դրամի չափով: