Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի երեք օջախներից երկուսը մարված են, հաղորդում է Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Հրդեհը բռնկվել է երեք օջախով, որից երկուսը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է մարել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ, ասված է հաղորդագրությունում, երրորդ տեղամասում ինտենսիվորեն շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։
Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 253 փրկարարական ծառայող՝ 34 օժանդակ և 4 հիմնական տեխնիկա․ կիրառվում են նաև անօդաչու թռչող սարքեր։ Հրդեհաշիջման աշխատանքները օպերատիվ ղեկավարելու նպատակով տեղում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև Ոստիկանության, Պարեկային ծառայության, Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ և հարակից գյուղերի բնակիչներ, փոխանցում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Հրդեհի մասին տեղեկատվությունը Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունում երեկ է ստացվել, հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են ամբողջ գիշեր: