Թևանյան. Էջմիածնում քաղաքացիական հագուստով անձինք առևանգել են «Մայր Հայաստան»-ի աջակցին, հետո ձերբակալել

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյան, արխիվ

Մի խումբ քաղաքացիական անձինք առևանգել են «Մայր Հայաստան» կուսակցության աջակից բլոգեր Օնո Հարությունյանին, «Ազատության» հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Ըստ նրա՝ իրենց աջակցին տարել են Էջմիածնից, «Մայր Հայաստան»-ի շտաբի մոտից:

«Շտաբի դիմաց մայթին կանգնած է եղել, ընկերուհու հետ է եղել, նրա աչքի առաջ գցել են գետնին ու տարել: Քաղաքացիական հագուստով անձինք գետնին տապալելով տարել են: Ֆիզիկական ուժ կիրառելով՝ կարելի է ասել մեքենայի մեջ են շպրտել: Մեզ ասել են, որ ոստիկանության բաժին են տարել», - մանրամասնեց Անդրանիկ Թևանյանը:

Ոստիկանությունից հաստատեցին, որ բաժին են տարել վարչապետ Փաշինյանին քննադատող բլոգերին: Ասացին՝ խուլիգանության կասկածանքով մեկ հոգու ձերբակալել են: Կոնկրետ ի՞նչ է արել և ինչո՞ւ են քաղաքացիական հագուստով եղել, Ոստիկանության լրատվականից ասացին՝ այլ մանրամասներ չեն հայտնում:

«Մայր Հայաստան»-ը մասնակցում է Վաղարշապատի ընտրություններին, կոշտ քննադատում են Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, որ նույնպես պայքարում են համայնքապետի պաշտոնի համար:

Կուսակցության առաջնորդը պնդում է՝ թիմակցին առևանգել են քաղաքական նկատառումներով: «Հայտնի բլոգեր է Էջմիածնում, տարիներ շարունակ քննադատել է «Քաղաքացիական պայմանագրին», հիմա էլ մեզ է աջակցում, այսպիսով փորձում են վախի մթնոլորտ ձևավորել՝ հասկանալով, որ պարտվելու են Վաղարշապատում», - նշեց Թևանյանը:

Մի քանի օր առաջ էլ «Մայր Հայաստան»-ի առաջնորդը հայտնել էր, որ իրավապահները քրեական գործ են հարուցել իրենց ցուցակի առաջին ու երկրորդ թեկնածուների դեմ, որ նախկին համայնքապետեր են եղել:

Վաղարշապատի համայնքապետի ընտրությունները նոյեմբերի 16-ին են:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդիմությունը ՔՊ-ին մեղադրում է Վաղարշապատում վարչական ռեսուրսի կիրառման մեջ. իշխանական թեկնածուն զարմանում էԳեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրենի նկատմամբ տնային կալանք է կիրառվելՁերբակալվել է Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրենը, կալանավորելու միջնորդություն կաՈսկեհատում հերքում են, թե կաթողիկոսի հարազատները խոչընդոտել են քարոզարշավը, «Հանրապետության» թեկնածուն հակառակն է պնդում