Եկատերինբուրգում ձերբակալել են Ուրալում ադրբեջանական համայնքի նոր ղեկավար Վիդադի Մուստաֆաևին, ում մեղադրում են հողատարածքի վաճառքի ժամանակ խարդախության մեջ, հաղորդում են ռուսաստանյան մի քանի պարբերականներ: Ավելի վաղ Մուստաֆաևի տանը խուզարկություն էր իրականացվել:
Վիդադի Մուստաֆաևը ադրբեջանական համայնքի ղեկավարի պաշտոնում փոխարինել է Շահին Շիխլինսկուն, ում կալանավորել էին օգոստոսին՝ սպանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Ավելի վաղ՝ հուլիսին, կալանավորվել էր Շիխլինսկու որդին՝ Մութվալին:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» ծրագիրը հաղորդում է նաև, որ տեղի դատարանը երկարաձգել է հունիսի 27-ին ուժայինների գործողություններից հետո ազատազրկված ութ ադրբեջանցիներից կալանքը: Այդ օրը 10 և 20 տարվա վաղեմության պատվիրված սպանությունների գործի շրջանակում ձերբակալվել էին հինգ տասնյակից ավելի ադրբեջանցիներ, նրանցից երկուսը՝ Զիյադին և Հուսեյն Սաֆարովները ձերբակալության ժամանակ մահացել էին՝ ՌԴ քննչական կոմիտեի վարկածով՝ սրտային անբավարարությունից, ադրբեջանցի դատաբժիշկների պնդմամբ՝ բազմաթիվ վնասվածքների պատճառով:
Բաքուն պահանջել էր պատասխանատվության ենթարկել մեղավորներին, Ադրբեջանի արտգործնախարարությունը «վճռական բողոք» էր հայտնել Ռուսաստանի դեսպանին:
Այդ իրադարձությունները է՛լ ավելի վատթարացրեցին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, որոնք արդեն իսկ լարված էին մեկ տարի առաջ Ռուսաստանի մեղքով ադրբեջանական AzAl ավիաընկերության օդանավի կործանումից հետո: