ԵՄ և 11 երկրների ղեկավարները ողջունում են ԱՄՆ-ի խաղաղության ջանքերը, բայցև ընդգծում՝ սահմանները չպետք է փոխվեն ուժով

Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանի դիմաց, արխիվ

«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի շարունակական ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար», - ասված է Եվրամիության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Իռլանդիայի, Նորվեգիայի, Կանադայի և Ճապոնիայի ղեկավարների այսօր հրապարակած հայտարարությունում:

«28 կետից բաղկացած ծրագրի նախնական նախագիծը ներառում է կարևոր տարրեր, որոնք անհրաժեշտ կլինեն արդար և երկարատև խաղաղության համար։ Հետևաբար, մենք կարծում ենք, որ նախագիծը հիմք է, որը կպահանջի լրացուցիչ աշխատանք։ Մենք պատրաստ ենք ներգրավվել՝ ապագա խաղաղությունը կայուն դարձնելու համար», - նշված է հայտարարությունում, որը հրապարակված է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

«Մենք հստակ ենք այն սկզբունքի վերաբերյալ, որ սահմանները չպետք է փոխվեն ուժով։ Մենք նաև մտահոգված ենք Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ առաջարկվող սահմանափակումներով, որոնք Ուկրաինան կդարձնեն խոցելի ապագա հարձակումների համար», - հայտարարում են ԵՄ և երկրների առաջնորդները:

Հայտարարության հեղինակները վերստին ընդգծում են, որ «Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին վերաբերող տարրերի իրականացման համար անհրաժեշտ կլինի համապատասխանաբար Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամների համաձայնությունը», և վերահաստատում են իրենց շարունակական աջակցությունը Ուկրաինային: Առաջնորդները հայտնում են, որ առաջիկա օրերին կշարունակեն սերտորեն համակարգել իրենց քայլերը Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ։

Խաղաղության ծրագրով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տալիս Ուկրաինային, բայց որոշ պայմաններով։ Ուկրաինան պարտավորվում է չդառնալ միջուկային պետություն: Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը անցնում են Ռուսաստանին և դե ֆակտո ճանաչվում ռուսական, Խերսոնում և Զապորոժիեում շփման գիծը սառեցվում է, տարածքների մի մասը դառնում է ապառազմականացված բուֆերային գոտի՝ դե ֆակտո Ռուսաստանի վերահսկողության տակ։ Կողմերը պարտավորվում են սահմաններն ուժով չփոխել։

Ուկրաինան նաև պարտավորվում է չմիանալ ՆԱՏՕ-ին, կրճատել զինված ուժերի թիվը: ՆԱՏՕ-ն պարտավորվում է զորք չտեղակայել Ուկրաինայում, Ռուսաստանն էլ՝ չհարձակվել Ուկրաինայի և Եվրոպայի վրա: ԱՄՆ-ը և Եվրոպան Ուկրաինայի վերակառուցման խոշոր ներդրումային փաթեթ կպատրաստեն, որին ռուսական սառեցված ակտիվներից 100 միլիարդ դոլար կհատկացվի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն աստիճանաբար կվերացվեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը Զելենսկուն հորդորում է ընդունել խաղաղության ամերիկյան պլանը«Ազատության» տրամադրության տակ է հայտնվել Ուկրաինայում խաղաղության ամերիկյան նոր ծրագիրը. ինչ է այն ենթադրում