Եպիսկոպոսաց դասը «դատապարտելի է նկատել» Պատարագի ընթացքում Վեհափառի անունը չհիշատակելը

Էջմիածնի Մայր Տաճարը, արխիվ

«Վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրն» է քննարկվել երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն՝ «եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի»։ «Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով», - ասված է հաղորդագրությունում:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նախագահած ժողովը «կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման», - նաև փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Վերջին շաբաթներին Հայաստանի վարչապետի մասնակցությամբ պատարագների ժամանակ պատարագող քահանաները Վեհափառի անունը չեն հնչեցրել, ընդ որում՝ Խաչիկ և Արարատ գյուղերի եկեղեցիներում՝ Վայոց ձորի և Մասյացոտնի թեմերի առաջնորդների ներկայությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի՞նչ կրքեր են եռում Վեհարանի փակ դարպասների ներսումՊատարագ առանց կաթողիկոսի անվան, նրան ուղղված նամակ. Մայր Աթոռի շուրջ աղմուկը շարունակվում էԹալինի հոգևոր հովիվ Տեր Թադեն «իր կեցվածքի համար» կանչվել է Մայր Աթոռ՝ կարգապահական հանձնախմբի նիստի


Մանրամասները տե՛ս այստեղ