Գեղարքունիք, Լոռի, Տավուշ. հրդեհներ՝ Հայաստանի մի քանի մարզերում, հրդեհաշիջումը շարունակվում է

Երրորդ օրն է՝ հրշեջներին չի հաջողվում ամբողջությամբ մարել Ճամբարակ-Թթուջուր հատվածի սարալանջից սկիզբ առած հրդեհը: 3 օջախներից մեկը դեռ ակտիվ ծխում է: Նախնական տվյալներով՝ այրվել է մինչև 80 հեկտար խոտածածկ տարածք:

Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասում է՝ ավելի քան 300 փրկարար ծառայող է ներգրավված հրդեհաշիջման աշխատանքներում, անգամ ՊՆ ուղղաթիռ ու անօդաչու թռչող սարքերն են գործի դրվել:

«Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է1194 փրկարարական ծառայող, 16 հիմնական և 88 օժանդակ տեխնիկա, ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում ու հրդեհաշիջում՝ 23 չվերթ», - ներկայացրեց ՆԳՆ խոսնակը:

Գեղարքունիքից բացի Լոռու մարզի Սպիտակի տարածքում ու Տավուշի մարզի մի քանի հանդամասերում նույնպես լայնամասշտաբ հրդեհներ են սկսվել: Դիլիջանում 200 -ից ավելի փրկարարներ և Էկոպարեկային ծառայության ավելի քան 60 աշխատակից է մասնակցում հրդեհաշիջման աշխատանքներին, նրանց աջակցում են նաև 5 տասնյակից ավելի գյուղացիներ: Ներքին գործերի նախարարությունից ուղիղ տեքստով չեն ասում, թե ինչն է հրդեհի առաջացման պատճառը, բայց զգուշացնող տեսահոլովակով հորդորում են՝ չոր խոտերը, բույսերի մնացորդներն ու տերևները ոչ թե այրել, այլ հավաքել ու աղբը նետել:

Գեղարքունիքի հրդեհի մասին տարբեր վարկածներ են շրջանառվում. գյուղացիների անփութությունից, մինչև կանխամտածված հրդեհումներ, ոմանք նաև կարծում են, թե հակառակորդի մատն է խառը: Քննչական կոմիտեում էլ չգիտեն պատճառների մասին, ասացին՝ քննություն կսկսեն, կպարզեն միայն այն դեպքում, եթե հանցագործության մասին հաղորդում ստանան ու քրեական գործ հարուցվի:

Օդի որակի մասին

Իսկ ի՞նչ օդ են շնչում վառվող կամ ծխացող դաշտերի ու հանդամասերի հարակից բնակավայրերի մարդիկ: Հայաստանում օդի որակը չափում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Այս կառույցին ժառանգություն հասած դիտակայաններն այն բնակավայրերում են, որոնք Խորհրդային միության ժամանակ արդյունաբերական կենտրոններ են համարվել: Օրինակ՝ Ճամբարակում, Թթուջրում, Սպիտակում ու Դիլիջանում դիտակայաններ չունեն, հետևաբար պաշտոնական տեղեկություն էլ չունեն այնտեղի օդի որակի մասին:

Երևանի քաղաքապետարանը վարչական բոլոր շրջաններում գործող շինհրապարակներում տեղադրված 175 սարքերով օնլայն հետևում է օդի որակին: Այդ քարտեզում այս պահին ակտիվ են կարմիր գույնով նշված հատվածները, այսինքն՝ օդի փոշու մասնիկներով աղտոտվածության ցուցանիշը հատկապես զգայուն խմբերի համար անառողջ կամ շատ անառողջ է համարվում:

Այսօրվա գործակարգավարականում էլ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուղիղ համեմատական տարավ հատկապես Ճամբարակի հրդեհների ու Երևանի օդի որակի միջև. «Հրդեհներն իրենց հերթին, բայց նաև տերևների վառել, աղբի վառել, տարբեր տեսակի ինչ-որ բաների այրելը բակերում, անթույլատրելի են, ու իրականում այս մեծ ծավալի մեջ, երբ դրանք բոլորը միաժամանակ տեղի են ունենում, այդ տոքսինները հավաքվում ու մնում են օդում շատ երկար ժամանակ: Ես վստահեցնում եմ՝ մի հատ շենքի կառուցումն ու իր ստեղծած փոշին ընդամենը մի բակի մի լավ կույտ տերևների այրում է, որը շատ ավելի թունավոր է ու վտանգավոր»:

Ավելի ուշ քաղաքապետարանից փոխանցեցին՝ Երևանում օդի աղտոտվածությունը սեզոնային է․ ձմռանը ջերմաստիճանի նվազման, օդի լճացման և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով փոշին ու ծուխը կուտակվում են քաղաքի ստորին հատվածներում։ Քաղաքային իշխանությունն էլ է զգուշացնում՝ հատկապես այս շրջանում տերևների, խոզանների, վառելիքի այրումն ու հրդեհները մեծացնում են օրգանական փոշու ու ծխի պարունակությունը, դրա հետևանքով գիշերային ժամերին աղտոտվածության մակարդակը բարձրանում է։

«Մասնավորապես նախորդ գիշեր արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով», - ասաց Ավինյանը:

Իսկ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անցնող շաբաթվա ընթացքում գրանցված 564 արտակարգ դեպքից 173-ը հենց հրդեհներ են:

Ի դեպ, հատուկ պահպանվող տարածքներից բացի նաև գյուղատնտեսական և անտառային տարածքներում է արգելվում չոր խոտի, տերևների և բուսական մնացորդների այրումը: Վարչական տուգանքի չափը 50-ից մինչև 200 հազար դրամ է: