Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչները նախաձեռնությունն անվանել են «Խաղաղության կամուրջ»

Ադրբեջան - Բաքվի համայնապատկեր, արխիվ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ նոյեմբերի 21-22-ը Բաքու այցելության ժամանակ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ որոշում է կայացվել նախաձեռնությունն անվանել «Խաղաղության կամուրջ»: Այս մասին APA լրատվական գործակալությանը հայտնել է նախաձեռնության անդամ, Ադրբեջանի Ազգային ֆորումի վարչության նախագահ Ռամիլ Իսկանդերլին:

«Հաշվի առնելով, որ տվյալ գործընթացը սկսվել է անցած ամիս Երևանում, Բաքվի հանդիպման ժամանակ որոշում ընդունվեց, որ հետայսու նախաձեռնությունը գործելու է սեփական անվանումով: Այն կոչվելու է «Խաղաղության կամուրջ», - ասել է Իսկանդերլին:

Նրա փոխանցմամբ՝ Բաքվի հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման և խաղաղ գործընթացի հարցերով, քննարկվել է ներկայիս իրավիճակը, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության վերականգնման գործում ու նախատեսվող համատեղ գործողությունները:

Նախաձեռնության անդամների և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ քննարկվել են խաղաղության օրակարգի ամրապնդման քայլերը, որ ձեռնարկել են երկու երկրները Վաշինգտոնի հանդիպումից հետո, պաշտոնյան պատասխանել է հարցերին, փոխանցել է Իսկանդերլին:

Ըստ նրա՝ ծրագրի ոչ պաշտոնական, մշակութային մասում Հայաստանից հյուրերը զբոսնել են Բաքվում, այցելել քաղաքի պատմական ու տեսարժան վայրերը, եղել են նաև Հեյդար Ալիևի կենտրոնում, ինչը «նրանց մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել»:

Իսկանդերլին թվարկել է նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի մասնակիցներին, Ադրբեջանի քաղհասարակության հինգ ներկայացուցիչների՝ նրա թվարկած անունների թվում չի եղել Դիլարա Էֆենդիևան: Վերջինիս Երևան այցը աղմուկ էր բարձրացրել, քանի որ պարզվել էր, որ նա 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքը փակած ու արցախահայության շրջափակմանը սկիզբ դրած «էկոակտիվիստներից» էր:

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները խոստանում են «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Բաքու այցելության մանրամասները ներկայացնել վաղը Երևանում հրավիրած ասուլիսի ժամանակ:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներին ընդունել է Հիքմեթ ՀաջիևըՀայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները Բաքվում ենՀայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու առաջիկա այցի ընթացքում ակնկալում են հանդիպել նաև հայ գերիներինՀայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները կայցելեն Ադրբեջան. ԱԽ քարտուղարԼաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստը»՝ Երևանում Արմեն Գրիգորյանի հետ մեկ սեղանի շուրջԱԽ քարտուղարը հանդիպել է Հայաստան-Ադրբեջան քաղհասարակության ներկայացուցիչների երկխոսության մասնակիցների հետ