Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռում նախատեսված Գերագույն հոգևոր խորհրդի իրավազոր նիստը չի գումարվել արքեպիսկոպոսներ Նավասարդ Կճոյանի, Աբրահամ Մկրտչյանի, Վազգեն Միրզախանյանի, եպիսկոպոսներ Վրթանես Աբրահամյանի, Գևորգ Սարոյանի բացակայության պատճառով։
Այնուամենայնիվ, ինչպես հայտնում է Էջմիածնի տեղեկատվական համակարգը, ներկաները անդրադարձել են նոյեմբերի 27-ին ինը եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը՝ արձանագրելով, որ այն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։
«Ակնհայտ է, որ հայտարարության մեջ Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են և շինծու, Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը՝ անթույլատրելի», - ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։
Ժողովին մասնակցած հոգևորականները դատապարտել և անընդունելի են համարել որդեգրված կեցվածքը, որպես խիստ հրամայական համարել, որ եկեղեցականները վերադառնան կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով Եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում և չխաթարեն ՀԱԵ միաբանությունը։
Բարձրաստիճան հոգևորականների հայտարարության մեջ նշված է, որ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսն «ամեն գնով փորձում է կոծկել Արշակի սրբապիղծ արարքը»։
Մայր Աթոռից, սակայն, հակադարձել են, որ հանձնախումբը, ըստ էության, որևէ նիստ չի գումարել և անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ սրբազանին հանդիպել իր հետ, իսկ Գարեգին Բ կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։
Հանձնախմբի ատենապետ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ըստ հաղորդագրության, նոյեմբերի 24-ին վեհափառին առաջարկել է հարցի արդար քննության համար ձևավորել երեք անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել դիվանապետի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։
Հանձնախմբի անդամները այս առաջարկի մասին իրազեկվել են նոյեմբերի 25-ին և համաձայնել, փոխանցում է Մայր Աթոռը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել ու շնորհակալություն էր հայտնել հայտարարության հեղինակ սրբազաններին նրանց «սկզբունքային դիրքորոշման համար»:
Առավել մանրամասն՝ այստեղ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է գումարվում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսների հետ