ԳՀԽ նիստը չի կայացել. Մայր Աթոռը պնդում է՝ կաթողիկոսի հասցեին մեղադրանքներն անհիմն են

Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռում նախատեսված Գերագույն հոգևոր խորհրդի իրավազոր նիստը չի գումարվել արքեպիսկոպոսներ Նավասարդ Կճոյանի, Աբրահամ Մկրտչյանի, Վազգեն Միրզախանյանի, եպիսկոպոսներ Վրթանես Աբրահամյանի, Գևորգ Սարոյանի բացակայության պատճառով։

Այնուամենայնիվ, ինչպես հայտնում է Էջմիածնի տեղեկատվական համակարգը, ներկաներն անդրադարձել են նոյեմբերի 27-ին ինը եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը՝ արձանագրելով, որ այն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։

«Ակնհայտ է, որ հայտարարության մեջ Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են և շինծու, Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը՝ անթույլատրելի», - ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Էջմիածնում այսօրվա ժողովին մասնակցած հոգևորականները դատապարտել և անընդունելի են համարել որդեգրված կեցվածքը, որպես խիստ հրամայական համարել, որ եկեղեցականները վերադառնան կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով Եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում և չխաթարեն ՀԱԵ միաբանությունը։

Բարձրաստիճան հոգևորականների հայտարարության մեջ նշված է, որ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսն «ամեն գնով փորձում է կոծկել Արշակի սրբապիղծ արարքը»։

Նախորդ ամիս մի նորահայտ տելեգրամյան ալիքում հրապարակվել էին խիստ անձնական բնույթի տեսանյութեր, կից գրառմամբ, թե այդտեղ Մայր Աթոռի դիվանապետն է: Արշակ սրբազանը նույն օրն էր արձագանքել, հերյուրանք որակել այն, իսկ Քննչական կոմիտեում հերքել, որ տարածված տեսանյութն իրական է, իր հետ կապ ունի:

Մայր Աթոռից, սակայն, հակադարձել են նախօրեին արված հայտարարության հեղինակներին, նշելով, որ հանձնախումբը, ըստ էության, որևէ նիստ չի գումարել և անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ սրբազանին հանդիպելու իր հետ, իսկ Գարեգին Բ կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։

«Նշվեց նաև, որ հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել Քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ և լիարժեք չէ և չի կարող արժանահավատ հիմք ծառայել, որով և չէր կարող ընդունելի նկատվել Հայոց Հովվապետի կողմից», - նշում է պաշտոնական Էջմիածինը։

Հանձնախմբի ատենապետ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ըստ հաղորդագրության, նոյեմբերի 24-ին գրություն է ուղղել վեհափառին՝ առաջարկելով հարցի արդար քննության իրականացման համար ձևավորել երեք անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել դիվանապետի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։ Հանձնախմբի անդամները համաձայնել են, փոխանցում է Մայր Աթոռը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել ու շնորհակալություն էր հայտնել հայտարարության հեղինակ սրբազաններին նրանց «սկզբունքային դիրքորոշման համար»: