Հեղափոխական ապահովագրությո՞ւն, թե անորոշություն. առողջության ապահովագրության հարցը՝ ԱԺ-ում

Առողջության համընդհանուր ապահովագրությունը, որ իշխանության պնդմամբ՝ մեկ ամսից պիտի գործի, ընդդիմադիր պատգամավորներն անորոշության մասին փաստաթուղթ համարեցին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու իշխանական պատգամավորները մինչդեռ սա աննախադեպ, հեղափոխական մի համակարգ են համարում, որի նպատակը կյանքեր փրկելն է:

«Սա ենք ուզում անել, որ այն անհրաժեշտը, որը մարդու կյանքն է փրկում, որը մարդուն հնարավորություն է տալիս հնարավորինս վերականգնելու իր վիճակը, հնարավոր լինի ապահովագրության շրջանակում ապահովել», - ասաց նախարարը։

«Անորոշություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասով, որովհետև իրենք չգիտեն՝ մեկ ամիս հետո՝ հունվարի 1-ից ինչ տիպի ծառայություններ կարող են ստանալ։ Անորոշություն բժշկական հաստատությունների, պոլիկլինիկաների, հիվանդանոցների համար», - «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանի գնահատականն էր:

Այսօր խորհրդարանում նախագիծը ներկայացնող նախարար Ավանեսյանը պատգամավորներին հորդորեց կողմ քվեարկել նախագծին, որ 2026-ի հունվարից մեկնարկող առաջին փուլով շուրջ 1.5 միլիոն հայաստանցի ապահովագրական փաթեթ ունենա: Այդ խմբերն են՝ մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցողներն ու անապահովության 28 և ավելի միավոր ունեցող անձինք: Այս խմբի համար կվճարի պետությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպե՞ս է տրվելու առողջապահական ապահովագրության մեկնարկը. նախագիծը մտավ ԱԺ օրակարգ

Առաջին փուլում ապահովագրական փաթեթ կունենան նաև 200 հազար դրամից բարձր եկամուտ ունեցողներ քաղաքացիները: Այս խումբն ինքը կվճարի իր փաթեթի համար՝ տարեկան 129 հազար դրամ, ամսական՝ 10 հազար 800: Այս թիվը տարիների ընթացքում կավելանա, բայց ըստ նախարարի՝ կառավարությունը սուբսիդավորման մեխանիզմով առաջին փուլում կթեթևացնի նրանց ֆինանսական բեռը:

200–500 հազար դրամ եկամուտ ունեցողները զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ասմական 5 հազար 500-ի փոխարեն հազար դրամ կվճարեն, մնացած 4 հազար 500-ը դրամը կուղղվի ապահովագրությանը, իսկ եկամտահարկի վերադարձի հաշվին կտրամադրվի մինչև 6 հազար դրամ սոցիալական կրեդիտ:

Իսկ 500 հազարից մինչև 1 մլն դրամ ստացողները կվճարեն հազար դրամ զինապահին, 7 հազար 500 դրամ՝ ապահովագրությանը և հետ կստանան մինչև 4 հազար դրամ սոցիալական կրեդիտ, իսկ 1 մլն դրամից բարձր եկամուտ ունեցողները կպահպանեն 15 հազար դրամ վճարումը՝ ստանալով մինչև 4 հազար դրամ վերադարձ։

«Ամբողջական նոր մոտեցում է ֆինանսավորման, ծառայությունների գնահատման, դրանց ձեռք բերման, խմբերի ներառման և այլն», - ասաց նախարար Ավանեսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առողջապահական ապահովագրությունն այլևս չի հետաձգվի և հունվարի 1-ից կսկսի գործել

Ընդդիմադիր պատգամավորներն ինչպես հանձնաժողովի նիստում, այնպես էլ այսօր դարձյալ պահանջեցին բժշկական ծառայությունների ամբողջական ցանկը ներկայացնել: Նախարարն ասաց՝ դրանք հայեցակարգում արդեն ներկայացված են, բայց եթե բանավոր թվարկի, 3 ժամ կպահանջվի: Չկա հրապարակված հստակ ցանկ, հակադարձեցին ընդդիմադիրները:

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը հարցրեց՝ այդ գումարները կառավարող ու բաշխող պետական հիմնադրամը դեռ չկա, անգամ ապահովագրության մասին օրենք չկա ընդունված, առաջին փուլի մեկնարկին բան չմնաց, ինչպե՞ս են հասցնելու. «Ո՞ր հիվանդանոցներն են, հեշտ բացատրեք, որ քաղաքացին կարող է մտնել և ասել, որ ես եկել եմ օգտվելու ինձ օրենքով հասանելիք առողջապահական ապահովագրությունից։ Խնդրում եմ հստակ և մատչելի»։

«Փաթեթը և դրան հարակից բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր արդեն նախագծերի շրջանակներում պատրաստ են, և հենց որ օրենքը ընդունվի, կդրվեն կառավարության քննարկմանը և կընդունվեն։ Դրանից հետո կհրապարակվեն, և բացի հրապարակվելուց այս ցանկերը հասանելի կլինեն մեր հեռախոսներում, Արմեդ հավելվածում», - պատասխանեց նախարարը։

Այսօր ներկայացված փաթեթն իր մեջ ներառում է առողջության համընդհանուր ապահովագրության մասին առանձին օրենքն ու 26 օրենքներում փոփոխությունների նախագիծ: Ընդդիմադիրների պնդմանը, թե բուժաշխատողների ու մարդկանց մոտ անորոշություն կա, հակադարձեց՝ կյանքն առհասարակ անորոշությունների մասին է, իսկ 26 օրենքներում փոփոխություններն արվելու են այդ անորոշություններում հստակություններ մտցնելու համար:

«Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը կասկածներ ունի, թե ապահովագրության համար ստեղծված պետական հիմնադրամը կարժանանա մեկ այլ պետական հիմնադրամի՝ ԱՆԻՖ-ի ճակատագրին:

«Այս հիմնադրամից 25 միլիարդ դրամն անհետացավ,- ասաց նա, - Այն կառավարությունը, որը հիմնադրել էր ԱՆԻՖ հիմնադրամը, և որը բարեհաջող կերպով փոշիացրել է 25 միլիարդ դրամ, հիմա եկել, Ազգային ժողովի պատգամավորներին ասում է՝ հաստատեք այդ օրենքի նախագիծը, որով 225 միլիարդ տրվելու է առանձին հիմնադրամին, որը մոնոպոլ դիրք է ունենալու։ Հիմնադրամ, որը դեռևս գոյություն չունի։ Մենք չգիտենք՝ ով է կառավարելու», - նշեց պատգամավորը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՆԻՖ-ի նախկին տնօրենը Փաշինյանին է մեղադրում հիմնադրամը ձախողելու մեջ. վարչապետը հակադարձում է

Նախարարն օրինակներ բերեց՝ 65+ տարիքի քաղաքացիները նախկինում աչքի կատարակտի վիրահատության համար վճարում էին, չէին վճարում միայն նրանք, որոնք հաշմանդամության խմբերում էին ներգրավված: Սրտի ռիթմը շտկող միջամտությունից նույնպես չէին կարող օգտվել, ասում է նախարարը, դրանք հիմա անվճար կլինեն:

Ասաց՝ սահմանափակ ծառայությունների փաթեթը կընդլայնվի նրանց համար, օրինակ՝ կոնքազդրի կամ ծնկի պրոթեզավորման վիրահատություն պետպատվերի ցանկում չկար, հիմա կա՝ պրոթեզի համար էլ մինչև 600 հազար դրամ փոխհատուցում կտրամադրվի: Իսկ քիմիաթերապիայի համար մինչև 300 հազար դրամ փոխհատուցումը կդառնա 1 միլիոն 200 հազար:

«Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանն արձագանքեց՝ դեղատեսակներ կան, որոնց քիմիաթերապիայի մեկ կուրսը 4-5 միլիոն դրամ արժե, այդ 1 միլիոնն ի՞նչ է փոխելու. «Շատ տարբերություն տարվա կտրվածքով մեկ միլիոն դրամը, ըստ էության, բան չի փոխում։ Օրինակ՝ տեսեք երեխաների չարորակ արյունաբանական հիվանդների քիմիաթերապևտիկ դեղերի փոխհատուցումը տարեկան 200 հազար դրամ է։ Օրինակ՝ ինչո՞ւ որ հեղափոխական ասում եք, բուժումը ամբողջությամբ, այդ թվում նաև քիմիաթերապևտիկ նյութերը ամբողջությամբ չի փոխհատուցվում»:

Ընդդիմադիրներից բացի, հարցեր ունեին նաև իշխանական պատգամավորները: Լուսինե Բադալյանին հետաքրքրում էր՝ մասնավոր ապահովագրություն ունեցողները պարտադրված են նաև այս պետական բազային փաթեթից օգտվել, կամ ի՞նչ են անելու 63-65 տարեկան քաղաքացիները, եթե ոչ մի խմբում ներառված չեն: Ավանեսյանն ասաց՝ եթե միջազգային կազմակերպություններում աշխատողները ՀՀ ռեզիդենտ են, ապա պարտավոր են այս փաթեթն ունենալ, իսկ 63-65 տարեկան անձինք կլինեն այս խմբում, եթե հարկատուները վճարեն նաև նրանց համար:

Իշխանական Արման Եղոյանն էլ ասաց՝ անթերի ոչինչ չի լինում, հիշեցրեց՝ վիզաների ազատականացման համար այս համակարգի գործարկումը պարտադիր է:

Ընդդիմադիրներն իշխանականներին հետ մի բանում էին համաձայն, շատ կարևոր է առողջության ապահովագրության համակարգ ունենալը, բայց այս տեսքով այն բախվելու է պատին ու փշրվի: Պնդեցին՝ որպես նախընտրական խոստում է կառավարությունը փորձում արագ ներդնել: Ավանեսյանը հակադարձեց՝ նախընտրական խոստումն իրականացնում են, հետո ներկայացնում հանրությանը որպես արված աշխատանք: 2029-ին, ըստ նրա, բնակչության ճնշող մեծամասնությունն արդեն կունենա ապահովագրության փաթեթ: