Հրապարակված բանակցային փաստաթղթերը՝ նոր քաղաքական բանավեճի առիթ Հայաստանում

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթեր՝ թվով 13-ը, դրանց շարքում՝ նաև Մինսկի խմբի համանախագահների 2019-ի հունիսով թվագրված այն առաջարկը, որը տևական ժամանակ ներկա ու նախկին երեք իշխանությունների ներկայացուցիչների փոխադարձ մեղադրանքների թեման է:

Իսկապես, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պնդել՝ հրապարակված փաստաթուղթը սկսվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ բառերով, չնայած առաջարկի պահին Հայաստանն արդեն խորհրդարանական երկիր էր, ղեկավարն էլ՝ վարչապետը:

Փաթեթային լուծում ենթադրող առաջարկը նախատեսում էր Ադրբեջանին 7 շրջանների վերադարձ, պայմանով, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքը պահպանվի։

Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական հանրաքվեի միջոցով, որը կարտահայտեր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը և կունենար իրավաբանորեն պարտադիր բնույթ՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների։ Դրանով հանդերձ քվեարկության դրված հարցի կամ հարցերի ձևակերպումը որևէ կերպ չէր սահմանափակվի, և ցանկացած արդյունք կհարգվեր կողմերի կողմից։

Առաջին փուլը ներառում էր միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո 5 շրջանների՝ «Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրաիլի, Զանգելանի, Կուբատլուի վերադարձ Ադրբեջանին»: Քելբաջարն ու Լաչինը պետք է մնային ԵԱՀԿ-ի դիտարկման ներքո: Իսկ ապաշրջափակմանն ուղղված քայլերն արդեն պետք է սկսեին 5 շրջաններից ուժերը դուրս բերելուն զուգահեռ:

Իսկ մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծումը Մինսկի խմբի համանախագահ երկրների աջակցությամբ ճանաչվելու էին Լեռնային Ղարաբաղում կյանքի լիարժեք կազմակերպման անհրաժեշտ իրավունքները:

Արձագանքներ ու քննադատություններ

Բանակցային փաստաթղթերի հրապարակումից կարճ անց ժամանակ անց ընդդիմադիրները սկսեցին արձագանքել: Ըստ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի՝ իրենց պնդումները հաստատվեցին՝ եթե հրապարակված փաստաթուղթը ընդունվեր, կլիներ խաղաղություն, ապաշրջափակում, դե ֆակտո անկախ Արցախ: Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը, սակայն, կրկին բարձրացնում է այս առաջարկին պաշտոնական Երևանի պատասխանը հրապարակելու անհրաժեշտությունը, որը հրապարակված փաստաթղթերում չկա:

«Կա երկու հնարավոր բացատրություն. 1) Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչը է´լ ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը, 2) Պաշտոնական պատասխան չի եղել, ինչն ավելի սարսափելի իրողություն է բացահայտում, որ Փաշինյանը ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը՝ փաստորեն, մերժելով բանակցությունները և բացելով կործանարար պատերազմի դուռը»,- նշել է Լևոն Զուրաբյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախյան բանակցությունների շուրջ վերստին թեժ բանավեճ ընդդիմության և վարչապետի միջև

Փաշինյանը միայն տարեսկզբին է խոստովանել 2019-ի բանակցային առաջարկի գոյությունը, նախքանը պատերազմը՝ 2019 -ի դեկտեմբերին, հակառակն էր պնդել:

Մինչ Արցախը Ադրբեջանի կազմում 2022-ին ճանաչած Փաշինյանը պնդում էր՝ 1994-ից բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, նախկին նախագահներն ու նրանց թիմակիցները համանախագահների վերջին՝ 2019-ի առաջարկը դրական, ընդունելի էին որակում, պնդելով, թե հնարավոր էր պահպանել Արցախը: Իսկ չհրապարակելը բացատրում էին նրանով, թե Փաշինյանն իր ձախողումներն է պարտակում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը հաստատում է՝ 2019-ի հունիսին բանակցությունների սեղանին ղարաբաղյան խնդրի կարգավորման փաստաթուղթ եղել է

Ամիսներով ի մի բերվող փաստաթղթերի հրապարակումից կարճ ժամանակ անց կառավարության կայքում պարզաբանում հայտնվեց, թե հրապարակված փաթեթից հետևությունը մեկն է՝ Հայաստանում ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր, որոնք ձևավորել է Ղարաբաղյան շարժումով իշխանության հասած քաղաքական էլիտան, իսկ բանակցությունները երբեք չեն եղել Ղարաբաղի անկախության կամ Հայաստանին միանալու շուրջ:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ուղիղ եթերում սուտ որակեց իշխանության պնդումը, 2019-ի առաջարկը՝ երանելի:

«Արցախյան բանակցություններին վերաբերող փաթեթի հրապարակումով Նիկոլ Փաշինյանը կնքեց իր քաղաքական ամենամեծ ֆիասկոներից մեկը, և կատարվեց այն, ինչ բոլորս վաղուց գիտեինք, որ նա իր ճակատին վերջնականապես դաջեց Արցախը հանձնողի անպատիվ կլիմոն՝ խարանը։

Ֆիքսվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման հնարավորությունը։ Զռռում է, որ Նիկոլն է գրել։ Ուրեմն, կայքում անմիջապես այս թղթերի հրապարակումից հետո դրած է հոդված, որտեղ Նիկոլը սուտ, ի՞նչ է ասում, ասում է՝ Լիսաբոնի գագաթնաժողով 96 թիվ, 96 թիվ, ի՞նչ կապ ունի Լիսաբոնի գագաթնաժողովի բանաձևը 2018-ի Սերժի թողած ժառանգության և 19-ին տված փաստաթղթի հետ։ Ոչ մի կապ չունի։ Այն անցած էտապի թուղթ է։ 96 թվականի իր մեջ բերված թուղթը էլ ոչ մեկի տնգլին չի եղել, Մինսկի խմբի տնգլին չի եղել, ոչ մեկի տանձին չի եղել այդ թուղթը, որովհետև որևէ առաջարկության մեջ հղում ԵԱՀԿ-ում Լիսաբոնի գագաթաժողով 96 թվականի չկա», - ասաց Աշոտյանը:

Մինչ ընդդիմադիրները 2019-ի առաջարկի վրա են կենտրոնացել, իշխանականները Մեղրիի ու Ղարաբաղի փոխանակման 99 թվականի պլանից են մեջբերումներ անում՝ մեկնաբանելով, թե ժողովրդի թիկունքում Քոչարյանի իշխանությունը բանակցում էր Մեղրին տալու ու ադրբեջանցիներով բնակեցնելու շուրջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի

Սրան արձագանքել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ հայտարարելով, որ փաստաթղթերում նորություն չկա, իսկ իր համար ամենացնցողն այն էր, որ փաստաթղթի անվան տակ հրապարակվել է «Հայկական ժամանակ»-ի՝ երբևէ չբանակցված փաստաթղթի մասին հոդվածը։ Բագրատ Միկոյանը նաև նկատել է, որ հրապարակված ցանկից բացակայում է Քոչարյանի կողմից բանակցված Քի Վեսթի փաստաթուղթը:

Իսկ 2019-ի Մինսկի խմբի առաջարկը մերժելով, ըստ Միկոյանի, Փաշինյանը պատերազմ է բերել:

Բանակցային փաստաթղթերի հրապարակումը անմիջապես հաջորդեց երեք տասնամյակից ավելի ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի պաշտոնական ու վերջնական լուծարմանը: