«Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչեմ: Իհարկե, դա չի նշանակում, որ ես անմեղ եմ, ես ասել եմ, որ բազմաթիվ մեղքեր եմ գործել», - թե ինչ մեղքեր է գործել Արշակ սրբազանը, Մայր Աթոռի դիվանապետն այսօր չհստակեցրեց, բայց դրանց մեջ, ըստ նրա, չկա այն մեկը, որ փորձում են իրեն վերագրել՝ սրբապղծություն և ընտանիքի անդամի հետ ինտիմ կապի առկայություն:
Վերջին շրջանում իշխանությունների քննադատության թիրախում և սեռական սկանդալի կիզակետում հայտնված արքեպիսկոպոս Արշակ սրբազանն այսօր ավելի քան 2 ժամ տևած ասուլիսում պնդեց՝ Վեհափառը չի հեռանալու, այդ Փաշինյանն է, որ պետք է հեռանա, և որ վարչապետին չի հաջողվելու եկեղեցին կառավարելի դարձնել իր համար. «Իհարկե դրանք կեղծիք են և սուտ են»:
Արշակ սրբազանը Մայր Աթոռում հրավիրած ասուլիսում «Ազատության» հարցին ի պատասխան վստահեցրեց՝ համացանցում տարածված հայտնի տեսանյութում ինքը չէ, ինչպես Մայր Աթոռի դիվանապետը ձևակերպեց՝ ինչ-որ մեկը իր ընտանեկան արխիվից տեսանյութեր է հրապարակել և վերագրել են իրեն: Հետևաբար, եթե ինքը չէ, ուրեմն իր անձնական կյանքի գաղտնիությունն էլ խախտված չէ:
Արշակ սրբազանի խոսքով.- «Իմ անձնական կյանքի գաղտնիքը խախտված չէ, խախտված չէ նաև իմ ընտանիքի անդամներից որևէ մեկի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, դուք պետք է գտնեք այն անձին, ով հորինել է այս տեսագրությունը և ով տարածել է այս տեսանյութը»:
«Ազատություն».- Այսինքն այդ կադրերում Դուք չե՞ք, պնդում եք:
Արշակ սրբազան.- Իհարկե, ես չեմ:
Արշակ սրբազանի քեռակնոջը նույնպես հարցաքննել են
Արշակ սրբազանը տհաճությամբ, բայց հաստատեց՝ հայտնի տեսանյութի գործով իր քեռակնոջը նույնպես կանչել են Քննչական կոմիտե, և նա նույնպես պնդել է, որ այդ տեսանյութում ինքը չէ:
«Այո, կանչվել է, նույնը իր դիրքորոշումն է: Իմ ընտանիքի բոլոր անդամներն, իհարկե, շատ տհաճ, անախորժ իրավիճակում են հայտնվել մեր համերաշխություն քարոզող իշխանությունների թեթև ձեռքով, բայց իրենք էլ, միանշանակորեն, դա ժխտում են, և չի կարող այդպիսի բան եղած լինել», - պնդեց Արշակ սրբազանը:
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը վստահեցրեց, թե անգամ պատշաճ չի համարել նայել այդ տեսանյութերը, դրանց մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից: Ինչպես բացատրեց՝ տեսագրություններով չէ, որ պետք է իմանան իր կյանքի մասին. «Ես ինքս շատ լավ գիտեմ՝ ես ով եմ, ինչ եմ արել, ինչ չեմ արել: Ես ինչ-որ բաներ նայեմ, որպեսզի իմ կենսագրությունից ինչ-որ դրվագնե՞ր իմանամ», - ասաց Արշակ սրբազանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔԿ. Փորձաքննությամբ հաստատվել է՝ տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոսն էԻնչ վերաբերում է Քննչական կոմիտեի պնդմանը, թե Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութերն իրական են, ապա սրբազանը տարօրինակ է համարում, թե ինչպես մեկ օրում կոմիտեն պարզեց, որ դա իրական է, և արագ եզրակացությունը փոխանցեց Մայր Աթոռի եպիսկոպոսներից մեկին:
Արշակ սրբազանը հաստատեց, որ ԱԱԾ-ականների հետ հանդիպել է
Արդյոք մինչև ինտիմ տեսաձայնագրության հրապարակումը Արշակ սրբազանին շանտաժի ենթարկելու փորձ եղել է, որպեսզի նա դադարեցնի վարչապետի հասցեին քննադատությունը: Մայր Աթոռի դիվանապետը պնդեց՝ եղել են ակնարկներ որոշակի գործողություններ իրականացնելու մասով, իսկ ակնարկողները եղել են ԱԱԾ-ից:
Իշխանության թիրախում հայտնված արքեպիսկոպոսն այսօր հաստատեց մամուլում ավելի վաղ հայտնված տեղեկություններն այն մասին, որ իշխանությանը քննադատելու պատճառով երկու անգամ հանդիպել է ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ: Այդ պաշտոնյաների անունները Արշակ Խաչատրյանը չցանկացավ նշել, միայն ասաց, թե նրանցից ոմանք այսօր չեն պաշտոնավարում, մյուս մասն էլ դեռ համակարգում է.
«Ես չեմ կանչվել, ըստ էության ծանուցագրեր չեն ուղարկվել, պարզապես եղել է հրավեր հանդիպումների, և մենք հանդիպել ենք: Իհարկե, հանդիպումների ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումն արտահայտել, ես իմ դիրքորոշումներն եմ արտահայտել, իհարկե, տարբեր տեսակի պնդումներ են եղել, համոզումներ են եղել, իհարկե, ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու: Թող Աստված ների իմ մեծամտության համար, եթե այդպես կընկալվի, որ ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշնչմամբ, ահաբեկչությամբ հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզումներից», - ընդգծեց Մայր Աթոռի դիվանապետը:
Վարչապետ Փաշինյանը, որ մեղադրում է Գարեգին Երկրորդին և Արշակ սրբազանին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, պահանջում է, որ նրանք ազատեն Վեհարանը:
Կաթողիկոսի հեռացման պահանջին օրերս միացան նաև Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպած ութ եպիսկոպոսները: Նախօրեին արդեն տասը բարձրաստիճան հոգևորականներ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում հայտարարություն տարածեցին՝ շեշտելով, թե Գարեգին Երկրորդը «պետք է կամովին հանգստյան կոչվի, և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպել»:
Մայր Աթոռի դիվանապետը այսօր էլ վերահաստատեց՝ կաթողիկոսը չի հեռանալու
«Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու: Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա: Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում նաև՝ կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելիությունը խիստ տարակուսելի է, այդպիսի օրակարգ են առաջ մղել: Չի կարող հեռանա նաև այն դեպքում, եթե այդպիսի պահաջ են դրել տասը եպիսկոպոսներ: Կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, և Ազգային եկեղեցական ժողովից դուրս կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որ ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի քան դասալքությունը: Կաթողիկոսը չի կարող հեռանալ, կաթողիկոսն ինքը բազմաթիվ անգամ այդ մասին նշել է, և ես վստահ եմ, որ կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի, չի կարող կայացվել», - այսօրվա ասուլիսի ընթացքում շեշտեց Արշակ սրբազանը:
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կդադարեցնի՞ հոգևոր ծառայությունը
Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք հնարավոր է, որ դադարեցնի իր հոգևոր ծառայությունը լարվածությունը թոթափելու համար, այդպիսի պահանջ նաև եկեղեցական հանձնախմբի անդամներն էին ներկայացրել, Արշակ սրբազանը պնդեց՝ ինքն այս պահին մտադիր չէ թողնել հոգևոր ծառայությունը, բայց չբացառեց, որ կարող է մի կոնկրետ պահի նման որոշում կայացնել, նրա խոսքով.- «Երբ ես գնահատեմ, որ դա եկեղեցու շահերի տեսանկյունից արդյունավետ է, օգտակար է, ես ցանկացած քայլ պատրաստ եմ անել ոչ միայն պաշտոնավարությունս դադարեցնելու, այլև ընդհանրապես կարգս թողնելու, բայց չեմ պատրաստվում անել մի գործողություն, որը ենթադրել կտա, որ այն, ինչ վերագրվում է ինձ, դա ճիշտ է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ակնկալում ենք՝ կաթողիկոսը, կամովին հանգստյան կկոչվի և հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպել». եպիսկոպոսներ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարդապետաց դասը հորդորում է «չգայթակղվել և չտրտմել հալածանքներից, չօտարանալ»Ինչ վերաբերում Փաշինյանի շարժմանը միացած տասը եպիսկոպոսներին, ապա Արշակ սրբազանին չի հետաքրքրում, թե նրանց ինչն է ստիպել դիմել այդ քայլին: Տեղյակ չէ՝ նրանց սպառնալիքնե՞րն են ստիպել, թե՞ անզսպելի սիրո զգացումը Փաշինյանի նկատմամբ: Ինչ էլ լինի, Արշակ սրբազանի խոսքով, չի կարող արդարացնել նրանց դավաճանական քայլը, քանի որ, ըստ նրա, այդ տասը եպիսկոպոսները դավաճանել են ոչ միայն Աստծուն, եկեղեցուն, այև իրենք իրենց, իրենց անցյալն ու սեփական կենսագրությունը:
«Այն անձինք, ովքեր գործակցության հայտ են ներկայացնում այսօրվա իշխանության հետ, նրանք կիսում են նրանց քայքայիչ, պետականաքանդ գործունեության պատասխանատվությունը», - ասաց Մայր Աթոռի դիվանապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները կաթողիկոսին առաջարկել են դադարեցնել «անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը»Ի դեպ, ԱԱԾ նկուղում ազատազրկված Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներն այսօր տարածած հայտարարության մեջ կաթողիկոսին առաջարկել են դադարեցնել «անհնազանդ 10 եպիսկոպոսների պաշտոնավարումը և անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում»: Ազատազրկված բարձրաստիճան հոգևորականները բանտից նաև հորդորել են կաթողիկոսին հրավիրել եպիսկոպոսաց ժողով, ապա գումարել Ազգային եկեղեցական ժողով։ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ի պահվածքը որակել են դավաճանություն՝ տեղեկացնելով, որ այդ հոգևորականների մի մասը մասնակցել է կաթողիկոսի ընտրությանը, իսկ մյուս մասը եպիսկոպոս է կարգվել հենց Գարեգին Երկրորդի կողմից, անցած 26 տարիների ընթացքում բացահայտ շողոքորթել և քծնել են Վեհափառին:
«Կարելի է, հարկավոր է, գուցեև պետք է ամեն ինչում չհամաձայնել Վեհափառ Հայրապետի հետ, ինչը իրենք երբեք չեն արել անցնող 26 տարիներին և դեռ հակառակը՝ սողացել են, մինչ մենք դա արել ենք բազմիցս՝ մեզ ենթարկելով Հայրապետի հանդիմանությանն ու դժգոհությանը», - ասված է Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների հայտարարությունում:
Բանտարկված արքեպիսկոպոսների հայտարարությունից ժամեր անց՝ Մայր Աթոռը հայտարարեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով դեկտեմբերի 10-12-ը կգումարվի եպիսկոպոսաց ժողով՝ «քննության առնելու Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»: